31 Մայիս 2013, 22:34
2034 |

Երբ հետաքրքրասիրությունը սովորությունից զորեղ է

Մայիսի 31-ին՝ ծխախոտից հրաժարվելու միջազգային օրը, imyerevan.com կայքը «Ծխախոտն անակնկալով փոխանակիր» խորագրով ակցիա անցկացրեց: Մեր թակարդն ընկած պատահական անցորդներին առաջարկում էինք զոհաբերել իրենց գրպանի ծխախոտատուփը՝ փոխարենը նվերներով լի տոպրակի միջից վերցնեին որևէ անակնկալ։ Ոմանք համաձայնում էին միանգամից, ոմանք՝ տատանվելով , ոմանք էլ ընդհանրապես դեմ էին իրենց ծխախտից բաժանվել: Բայց միևնույնն է՝ հիմնականում հետաքրքրասիրությունը սովորությունից առավել զորեղ դուրս եկավ:

Չծխող մարդը պատկերացնել անգամ չի կարող, թե ծխախոտն ինչ դեր ունի մոլի ծխողի կյանքում: Ակցիայի ակամա մասնակիցների հետ մեր զրույցներից այս մեջբերումները միգուցե լույս կսփռեն՝ ցույց տալով, թե որքան բարդ էր նրանց համար այդ քայլին գնալը:

- Արտակարգ միտք է, ապրե՛ք: Բայց հիմա հոգեբանորեն պատրաստ չեմ ծխախոտից հրաժարվել:

- Ինձ նվեր պետք չէ. ուզում եմ երկու բան՝ ծխել ու ամուսնանալ: Ավելի լավ է՝ ինձ հարսնացու գտեք:
 - Ես արդեն թողել եմ ծխելը: Սա վերջինն է, լուրջ եմ ասում, ազնիվ խոսք:
- Վերջին տո՞ւփս տամ ձեզ: Ծխում եմ, որ մեռնեմ, դրանից էլ եք զրկում: Ահա՛, վերցրե՛ք, սա էլ ձեզ լինի:
- Փոխարենն ի՞նչ կստանամ: Մինչև չիմանամ՝ ձեր տոպրակի մեջն ինչ է, չեմ տա ծխախոտի տուփս: Չնայած… լա՛վ, վերցրեք: Փորձեմ գոնե այսօր չծխել:
- Ծխախոտն իմ մի մասն է: Կարող էինք նույն կերպ ձեռքս կտրել:

Օրինապահներն էլ անմասն չմնացին imyerevan.com-ի վարակիչ ակցիայից: Իմանալով ծխախոտից հրաժարվելու միջազգային օրվա մասին՝ խնդրեցին օգնել համոզել իրենց ընկերոջը թողնել այդ վնասակար սովորությունը: Շատ ջանքերից հետո կարողացանք վերջապես վերցնել ծխախոտի տուփը: Հետո մի կերպ խոստացավ, որ էլ չի ծխի: Ընդհանրապես, ծխողները դժվարությամբ էին համաձայնում փոխանակել ծխախոտը անհայտ նվերով: Բոլորն ուզում էին նախօրոք իմանալ, թե կոնկրետ ինչ են ստանալու փոխարենը:

Սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ու բոլորը գոհ մնացին: Մենք գոհ էինք, որ այսօր գոնե մի քանի տասնյակ մարդ գոնե կփորձի չծխել, իսկ ակցիայի ակամա մասնակիցներն ու ծխախոտից հրաժարվածներն էլ պիտի որ գոհ մնային  imyerevan.com-ից ստացած շոկոլադներից:

 

 

Այս թեմայով