20 Փետրվար 2013, 15:13
29829 |

Տրնդեզ. ավանդույթներ կրակի լեզվով

Հազարամյա փորձը հուշում է, որ կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ է:

Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է, որ համաձայն եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է երեկոյան պատարագից հետո: Տրնդեզի պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը:

Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:

Ծեսը հետևյալ տեսքն ուներ. տաճարի բակում մեծ կրակ էին վառում: Հավաքվում էր ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Ծիսակատարության մասնակիցները երգեր էին ձոնում իրենց խնդրանքների մասին: Տարիքավորները, օրինակ, երգում էին «հավերս ձու ածեն, կովս կաթ տա, հարսներս ծնեն»: Երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց երգերի մեջ սերն էին գովաբանում: Անզավակ կանայք ցատկում էին կրակի վրայով՝ հավատալով, որ դա կօգնի հղիանալ: Ապաքինման հույսով կրակի մոտ էին բերում հիվանդներին:

Տների բակերում էլ էին կրակ վառում, որի շուրջը պտտվում էր նորապսակ զույգն ամուսնական տարազով: Սա համարվում էր երկրորդ հարսանիքի պես մի բան: Հարսն այդ ընթացքում ձեռքն էր առած լինում նորածին տղա, որպեսզի իր զավակն էլ տղա լինի: Եթե նա դեռ հայրական տանն էր ապրում, սկեսուրն ուղարկում էր նրան «բաժինքը»՝ ընկույզ, մրգեր, չամիչ, շաքար ու տարբեր զարդեր:

Ժամանակի ընթացքում Տրնդեզի ծեսերը, իհարկե, փոխվել են, բայց այսօր էլ Հայաստանում փետրվարի 14-ին կրակ են վառում ու վրայով ցատկում: Հազարամյա փորձը հուշում է, որ կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ է: 

Կրակի շուրջ հավաքվածներն ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, քանի որ վստահ էին, որ այն ցույց է տալու այն այգիները, դաշտերն ու արոտավայրերը, որոնք այդ տարի առավել բերրի էին լինելու:

Կրակի վրայով առաջինը ցատկում էր տան ամենատարեց կինը՝ «տունը չարից մաքրելով»: Նրանից հետո գալիս էին երիտասարդներն ու երեխաները: Եթե այդ ընթացքում աղջկա շորի փեշն այրվում էր, համարում էին, որ այդ տարի նա ամուսնանալու է:

Մեծ կրակից հանում էին այրվող փայտեր, որպեսզի տների բակերում էլ կրակ վառեն: Մանավանդ այնտեղ, որտեղ նորապսակներ կամ նշանված աղջիկներ էին ապրում. սկեսուրներն այդ օրը պետք է «կրակին ի ցույց տային հարսին»:

Այս թեմայով