13 Մայիս 2013, 11:51
1411 |

Եվրոպական իմիտացիա` հայկական միջավայրում

Ի՞նչ արժեհամակարգով է առաջնորդվում Եվրոպան, նորարական ինչպիսի՞ միտումներ են դրսևորվում ժամանակակից արվեստի ոլորտում, և դրանք ինչպե՞ս են ազդում եվրոպացիների վրա։

Մեր իրականության մեջ ապրող հայ մարդը գուցեև միանգամից չհասկանա` ինչ է նշանակում հանրային տարածքների փոխակերպում։ Այս ձևակերպումն ու դրա գործնական կիրառումը տարածված չէ։ Ավելի ճիշտ` դրա` արվեստին ծառայելու օրինակներն են քիչ։ Իսկ երևույթին` այլ ձևաչափերով, հաստատ հանդիպել ենք։ Օրինակ` սովետական ժամանակներում Լենինի հրապարակում տեղադրված էր նույն իր` Լենինի վեհաշուք արձանը։ Անկախություն թևակոխելուն պես արձանը հանվեց, ու տեղում կանգնեցվեց խաչ։ Որոշ ժամանակ հետո խաչի տեղում տեղադրվեց մեծ էկրան, որ ցուցադրում էր գովազդ, երաժշտական տեսահոլովակներ, ֆուտբոլ և այլն։ Սա հանրային տարածքի փոխակերպման վառ օրինակ է` հայկական մոտեցմամբ։

Մայիսի 9-ը Եվրոպայի խորհրդանշական օրն է, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը նախաձեռնել է ստեղծագործական քննարկումների, ցուցադրումների բազմաժանր նախագծեր։ Միջոցառումների շրջանակում ծավալվեց քննարկում «Հանրային տարածքների փոխակերպումը» խորագրով։ Մասնակցում էին մի խումբ արվեստագետներ, ուսանողներ, փորձարարական արվեստով հետաքրքրված երիտասարդներ։ Ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան։ Քննարկմանը նախորդեցին համադրող Արարատ Մինասյանի  դիտարկումները հանրային տարածքների փոխակերպման բազմաթիվ օրինակների վերաբերյալ։ Նրա վերլուծությունները ծավալվեցին նորարական համարձակ դրսևորումներ բովանդակող փոխակերպումների շուրջը։ Մինասյանը տարանջատեց հանրային տարածքների փոխակերպման գաղափարախոսական, ներխուժող և ազդեցություն գործող 3 նշանակությունները։ Նրա օրինակներից միայն մեկն էր հայկական, այն էլ ապացուցում էր գաղափարախոսական փոփոխությունը։

1959-ին Երևանում տեղադրվեց Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը։ Այն խորհրդանշում էր սովետական մարդու`կոմունիստական լուսավոր ու պայծառ ապագայի ձգտումները։ Նորանկախ Հայաստանում արձանը դարձավ ազատագրական պայքարի խորհրդանիշ։ Փաստորեն արձանը նույնն է, ընկալումն է տարբեր` կախված ժամանակաշրջանից ու դրա թելադրած գաղափարախոսությունից։

Մեկ ուրիշ օրինակ. Մոսկվայի մետրոպոլիտենի բարձր առաստաղին եկեղեցու գմբեթի որմնանկարի օրինակով  ռուսները պատկերել են երկնքում սավառնող ինքնաթիռներ։ Սա հատուկ նպատակ է հետապնդել` հանրային տարածքում հանրության վրա ազդեցություն գործել, ցույց տալ զենքի ուժը, աստվածացնել Հայրենական պատերազմում գերմանացիներին ոչնչացրած ռուսական ինքնաթիռները։

Մեկ այլ աստվածացման օրինակ է քանդակագործ Էնթոնի Գորմլին Լիվերպուլում` ծովափին, կանգնեցրած մարդկային չուգունե 100 կերպարանքը։ Դրանք խոչընդոտում են ձկնորսների աշխատանքը, բայց և դուր են գալիս շատերին ` ինքնատիպություն հաղորդելով շրջապատին։ Փաստորեն, հանրային բաց տարածքում տեղադրված այս արձանները որևէ հստակ գաղափարախոսություն չեն պարունակում, բայց ներխուժում են այդ տարածք ու ազդեցություն գործում հանրության վրա։ Առավել անհասկանալի են գտվել Քրիստո Յավաշևն ու նրա կինը՝ տոպրակներով փաթեթավորելով են Ռայխստագը, նաև կամուրջներ ու ծառեր, անգամ 11 կղզի։ Ի՞նչ նպատակ են հետապնդում նորարարական արվեստի  ներկայացուցիչ ամուսինները։ Քարոզչություն նրանց գործունեության մեջ հազիվ թե լինի, բայց ներխուժում հանրային տարածք ու ազդեցություն հանրության վրա` միանշանակ առկա է։ Արարատ Մինասյանը նշում է նաև մոնումենտալ փաթեթավորումների ճարտարապետական, քանդակագործական նշանակությունը` ավելացրած գեղագիտական նրբերանգը` սուբյեկտիվ տեսանկյունից։ Մինասյանին հակադարձեց քննարկման մասնակիցներից նկարիչ Վահագն Վարդումյանը. «Հանրային տարածք ներխուժելով` պետք է հաշվի առնել հանրությանը գեղագիտական հաճույք պատճառելու նպատակը։ Ի՞նչ է տալիս հանրությանը փաթեթավորված կամուրջը, արդյո՞ք փաթեթավորված Ռայխստագը դուր է գալիս մարդկանց»։ Մինասյանն այլ մոտեցում ունի`սա խենթ ակցիա է. ինչ-որ մեկի մտքով անցել է հսկայական կղզին փաթեթավորել, ու նա արել է դա։ Մի օր արթնանում ես, ու ամենօրյա տեսարանը փոխարինված է փաթաթված տոպրակներով։

Եվրոպական երկրներում մեծ տարածում ունի street-art-ը։ Հանրային տարածքների փոխակերպման հերթական օրինակը շենքերի վրա մեծածավալ պատկերներ նկարելն է։ Այն հատկապես տպավորիչ է, երբ քողարկում է շինության քանդված ու մաշված հատվածները։ Փորձարարական արվեստի դրսևորում, որը գեղագիտական նշանակություն ու ազդեցություն ունի։ Երբ արվեստի գործն առնված է շրջանակի մեջ ու կախված թանգարանի պատին, թվում է անհասանելի, թանկարժեք ու հավերժական։ Երբ նկարը հանրային տարածքում է, ազդեցությունը, պարզվում է, չի թուլանում, ավելին՝ մարդիկ կարող են այն շոշափել։ Թանգարանային նկարը չի ներխուժում հանրային տարածք, հանրությունն է գնում թանգարան` այն տեսնելու, իսկ փողոցի նկարը ներխուժում է, ազդում՝ չդառնալով  թանկարժեք կամ անգին, կրելով ժամանակավոր բնույթ։

Street-art-ը Հայաստանում էլ է սկսել տարածվել՝ դալաններ, ավտոտնակներ, շենքերի արտաքին պատեր։ Քննարկման մասնակից ճարտարապետ Լևոն Ումեդյանի կարծիքով` ավելի լավ կլիներ, եթե այդ նկարներն ինքնանպատակ չլինեին, գեղագիտական արժեք ունենային, ոչ թե արվեին զուտ որոշ տարածքներ ներկելու համար։ Ընդհանրապես, Երևանը բազմագույն է, բայց ոչ գրաֆիտի հաշվին: Օպերայի թատրոնի շենքի հարակից կանաչ տարածքները փոխարինվեցին գույնզգույն սրճարաններով, բացի այդ, Երևանը ողողված է գովազդային հսկայական վահանակներով։ Հանրային տարածքների փոխակերպումը տարերային բնույթ է կրում` հեռու փորձարարական կամ նորարարական արվեստի համարձակ դրսևորումներից։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին նաև արթ-ինստալյացիայի նպատակն ու նշանակությունը, հանրային տարածքում արվեստի կիրառման ժամանակակից տեխնիկան։ Եվրոպայի օրվա միջոցառումներ կլինեն նաև մայիսի 24-ին և 25-ին Հյուսիսային պողոտայում։ Հայ համադրողները կներկայացնեն հանրային տարածքի իմիտացիա ստեղծող անիմացիոն աշխատանք. առաջին փորձը` եվրոպական օրինակով։ 

Այս թեմայով