13 Մայիս 2013, 11:22
139 |

Այդ ո՞ւր՝ առանց չեքին

Հարց. որտե՞ղ կարելի է հանդիպել տասը geek-ի, բայց ինտերնետում check-in կլինեն նրանցից միայն ինը: Պատասխան՝ թաղմանը: Այս սև կատակի հիման վրա պատրաստված պարզունակ կոմիքսը հենց այնպես չէ, որ երկար ժամանակ շրջում էր ֆեյսբուքում: Foursquare սոցիալական ցանցում չեքին լինելը (այլ կերպ ասած՝ գրանցվելը) մի քանի տարի է, ինչ դարձել է համատարած հոբի, շատերի համար նույնիսկ յուրահատուկ ռեֆլեքս, ոմանց կարծիքով՝ հիվանդագին կախում, որը միայն հեշտացնում է կագեբեի, ցեռեուի և բոլոր տիպի Մեծ Եղբայրների գործը՝ մեր ամեն քայլափոխի մասին տեղյակ լինելու մասով: Ո՞րն է համայն աշխարհին քո գտնվելու վայրի մասին պատմելու հաճույքը:

Երթուղայինից գերեզմանատուն՝ մեկ չեքին
Foursquare-ն ի հայտ է եկել ընդամենը 2009-ին, սակայն այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասցրել է տակն ու վրա անել աշխարհի կարծիքն անձնական տարածության մասին՝ 20 մլն մարդ երկրագնդի ամենատարբեր վայրերում անվերջ չեքին են լինում: Ռեստորաններ, փաբեր, կինոթատրոններ՝ որոշ երկրներում նույնիսկ նախատեսված են հատուկ զեղչեր բոլոր նրանց համար, ով գրանցվել է այս կամ այն վայրում, քանի որ այդպիսով նա ակամա գովազդում է իր գտնվելու վայրը: Մեյորի (բառացի՝ քաղաքապետի) կոչումը՝ նույն լոքեյշնում առավել չեքիններ ունենալը նույնպես տարբեր բոնուսների աղբյուր է արևմուտքում: Մեզանում այս տարբերակը դեռ չի կիրառվում:

Ֆեյսբուքյան ծանոթներիցս մեկը նշեց, որ վերջին 3 տարվա ընթացքում 100 անգամից ավելի չեքին է եղել «Յամ-Յամ» սրճարանում: Կարծում եմ՝ արժանի է մի չաղլիկ զեղչի, չէ՞ որ դա հիանալի փիառ է: Տեղեկանք «Յամի» մենեջմենթի համար. Արփինե Գրիգորյան է աղջկա անունը:

Լավ, իսկ տեսնես կա՞ մի այլ քաղաք, ուր մարդիկ անվերջ պատերազմներ են վարում այս կամ այն երթուղայինում կամ ավտոբուսում մեյորի տիտղոսը նվաճելու համար: Ես մեկ անգամ փորձել եմ գտնել իմ խեղճ ու կրակ 113 երթուղայինը, բայց բանից պարզվեց, սիրված երթուղի չի: 28-ում չեքին եղեք, ժողովուրդ: Կատակը մի կողմ, Foursquare-ն ունի հատուկ նշան-նկարներ՝ տարբեր տեսակի լոքեյշնների համար: Սրճարաններ ու ռեստորաններ, կինոթատրոններ, բուտիկներ ու խանութներ, այգիներ ու պուրակներ, կանգառներ, մետրո, փողոցներ ու նրբանցքներ, տրանսպորտ… Այս երկար ցուցակը կարելի է ավարտել նույն այն վայրով, որտեղ բոլորիս համար կավարտվի կյանքը՝ գերեզմանով: Ամենայն լրջությամբ, Foursquare-ում ցանկության դեպքում կարելի է չեքին լինել, օրինակ, Թոխմախի գերեզմանոցում: Իսկ եթե կայքում կարելի է այդ լոքեյշնը գտնել, ուրեմն արդեն եղել են գրանցվողներ: Նշեմ ի դեպ, որ իմ վերջին տվյալներով մեյորի պաշտոնն այստեղ դեռ թափուր է, այնպես որ՝ շատ մի հապաղեք:

Ֆեյսբուքում իմ հարցին, թե ի՞նչ հետաքրքիր տեղերում կարելի է չեքին լինել, ընկերներիցս մեկը նշեց, որ իսկ իր տան կողքն է գտնվում միստիկ «Դեպրեսիայի տուն-թանգարան» անվանմամբ լոքեյշնը: Եթե հետաքրքրվեցիք, ապա փնտրեք Աղբյուր Սերոբի փողոցի մերձակայքում: Եվ զգույշ եղեք ձեր չեքինների հետ. տաքսիով գնում էի տուն, ճանապարհին չեքին եղա Կիևյան կամուրջում: Առավոտյան պարզվեց իմ մասին անհանգստացողների թիվը չափազանց մեծ է:

Խաղամոլներ
Թվարկելով Foursquare-ի այն առանձնահատկությունները, որոնք դրա օգտա-գործողներին գրավիչ են թվում, պետք է սկսել միավորներ վաստակելու հնարավորությունից: Շատ վայրեր՝ շատ միավորներ: Նոր երկրներ՝ շատ միավորներ: Մեյորի տիտղոսներ՝ կրկին միավորների մի նոր խուրձ: Եվ Foursquare-յան ցուցակում դուք ավելի լավ դիրքում եք, քան ձեր ընկերը: Ու եթե դուք անդամագրված չեք այս սոցիալական ցանցում, մի փորձեք «հետո՞ ինչ» հարցը տալ: Հետո չկա: Խաղ է:

Իրականում Foursquare-ի գործնական օգուտն այնքան քիչ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Ամեն այն վայրի մասին, որտեղ չեքին եք լինում, կարելի է մի փոքրիկ բնութագիր թողնել: Կուտակվելով՝ այս հուշումները շատ օգտակար են դառնում նորեկների համար: Օրինակ, ասում են, թե այս վայրի մատուցողները դանդաղաշարժ են, իսկ այստեղ պետք չէ պատվիրել «Կեսար» աղցան, այս սրճարանում լատտեն մոգական է, իսկ ինտերնետի գաղտնաբառն է 1234: Հուշումների հետ մեկտեղ կարելի է թողնել լուսանկարներ, և նույնիսկ սրճարանի կամ փաբի մոտակայքում գտնվելիս հնարավորություն եք ստանում նախօրոք ուսումնասիրել տեղի բոլոր բնութագրերը: Բացահայտորեն հարմար է Foursquare-ը նրանց, ով երեկոյի համար հստակ պլաններ չունի: Բացում եք ձեր սմարթֆոնում ծրագիրը ու միանգամից տեսնում՝ ընկերներից ով և որտեղ է ուրախանում ներկա պահին: Մնում է միայն միանալ զվարճանքին:

Երևանում կան չեքինաշատ ու չեքինաքիչ տեղեր: Կասկադի «Ռետրո» սրճա-րանի մեյորը լինելու համար ես պարբերաբար պատերազմներ եմ վարում: Ի սկզբանե հարկավոր եղավ մոտ 20 չեքին: Մյուս կողմից՝ ոչ քիչ համբավ ունեցող «Ռեդ Բուլ» փաբում երկրորդ չեքինն ինձ այդ տիտղոսով ապահո-վեց: Մարդիկ տարբեր են, «Բուլի» ժողովուրդը հեչ էլ հետաքրքրված չէ սրան-նրան իր գտնվելու վայրի մասին պատմել: Տեսածս ամենաչեքինաշատ տեղերից է «Կալումե» փաբը: Այս կապակցությամբ վերջապես ասեմ. սիրելի Varduhi C., մենք չգիտենք ինչպես է քեզ դա հաջողվում, բայց արդեն համակերպվել ենք և պատրաստ ենք խոնարհվել: Կեցցե՜ մեյորը:

Մի բուռ հող
Երբ գրում էի այս հոդվածը, մի ցավալի իրադարձություն տեղի ունեցավ: Ես այլևս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի վայրէջքի Gate N 11 մեյորը չեմ: Այսքան երկար գրում ու պնդում էի, որ Foursquare-ը մի կողմից հարմար հուշումների հավաքածու է, մյուս կողմից՝ զվարճալի խաղ: Բայց միգուցե իրականում մենք պարզապես այնքան ուրբանիզացված ենք, որ ուղղակի ուզում ենք մի կտոր հո՞ղ ունենալ: Թեկուզ վիրտուալ: 

Այս թեմայով