11 Մայիս 2013, 01:47
4079 |

Հաղթական նոտայով

Դժվար չէ կռահել, որ երգերն այդ գերազանցապես ռուսերեն են, բայց այնքան հարազատ, որ թվում է՝ մայրենիով են։ Միևնույն ժամանակ, Մեծ հայրենականի տարիներին ու դրանցից հետո ստեղծված բացառիկ գեղեցիկ երգերն այն աստիճան լուսավոր ու կյանքով լի են, որ դժվար է հավատալ, թե դրանք ստեղծվել են մահվան ու կյանքի կռվի ժամանակ:

На безымянной высоте
Հայրենականի ոգին կրող այս երգը ստեղծվեց հետպատերազմյան շրջանում, երբ կենաց մահվան կռիվն արդեն պատմություն էր: Այն ստեղծվեց «Լռություն» ֆիլմի համար, բայց էկրաններից մեկ անգամ հնչելուց հետո դարձավ ժողովրդի սիրելին: Պատերազմող 18 զինվորների մասին երգը բանաստեղծ Միխայիլ Մատուսովսկու երևակայության արդյունքը չէր, այլ իրական պատմություն 18 տղաների մասին, որոնք 1943-ի սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը 300 գերմանացի զինվորների դեմ էին պայքարում: Երգի խոսքերի հեղինակը հիշում է. «Ֆիլմի ստեղծողները պահանջել էին երգ Հայրենականի մասին, որը, սակայն, կլինի ոչ թե գլոբալ իրադարձությունների, այլ մարդկային ճակատագրերի մասին, ու ես հիշեցի 18 զինվորների պատմությունը»: Երաժշտության ստեղծման պատմությունն ավելի բարդ էր. կոմպոզիտոր Վինիամին Բասները նախնական երեք տարբերակ էր ներկայացրել, որոնցից և ոչ մեկը բանաստեղծի ու ֆիլմն էկրանավորողի սրտով չէր: Բասները պատմում է, որ զայրացած ու հիասթափված վերադառնում էր տուն' հստակ որոշումով հրաժարվել երգը գրելու առաջարկից: Ու հենց այդ ժամանակ էլ հին գնացքի վագոնում կոմպոզիտորի մտքում ծնվեց նոր մեղեդի։ Այն գրի առնելու հնարավորություն չունենալով՝ Բասներն ամբողջ ճանապարհին քթի տակ երգեց երաժշտությունը, որ հանկարծ չմոռանա ու տանն արդեն թղթին հանձնի: Սակայն երգի ստեղծման պատմության մեջ ամենահուզիչն այն է, որ երգը լսեցին ու դրա միջոցով պատերազմն արդեն հիշողության տեսքով վերապրեցին 18 զինվորներից երկուսը, հենց այն երկուսը, որոնք մարտի դաշտից կենդանի դուրս եկան:
Անանուն բարձունքի մասին պատմող երգը կատարվեց ժամանակի լավագույն երգիչների կողմից, սակայն մինչև այսօր էլ անգերազանցելի է Յուրի Գուլյաևը:

Катюша
Այս երգը ստեղծվել է 1938-ին, բայց ասոցացվում է 1945-ի հաղթանակի հետ: Ասում են, հենց այս երգի պատվին Երկրորդ համաշխարհայինի տարիներին սովետական զինվորները БМ սերիայի մարտական մեքենաներն անվանեցին Катюша: Երգը այնքան սիրվեց ժողովրդի կողմից, որ թարգմանվեց ու կատարվեց նաև այլ լեզուներով, ընդ որում, Катюша-ն ամեն տեղ իր նոր անվանումն ուներ: Իտալական տարբերակում այն դարձավ Катарина, ֆրանսերենում' Казачок և այլն: Երգի խոսքերը հատկապես Հայրենական մեծ պատերազմի տարիներին փոփոխվում էին, այդ ժամանակ ամենատարածվածը երգի այն հատվածն էր, որն այսօր հիմնականում չի կատարվում.

Пусть фриц помнит русскую «катюшу»,
Пусть услышит, как она поет:
Из врагов вытряхивает души,
А своим отвагу придает!

Երգի հաղթական ոգին այնքան ուժգին է, որ նոր սերնդի համար այն ոչ միայն Հայրենականի խորհրդանիշերից է, այլև ժամանակ առ ժամանակ հնչում է նույնիսկ ՌԴ ֆուտբոլի հավաքականի հանդիպումների ընթացքում' երկրպագուների կողմից: Բայց դե մինչև այսօր էլ անգերազանցելի է Катюша-ի առաջին՝ Վալենտինա Բատիշևայի կատարումը:

Журавли
Զոհված զինվորների հիշատակին նվիրված թերևս ամենահուզիչ երգը կյանք ստացավ իր առաջին ու անգերազանցելի կատարողի' Մարկ Բերնեսի շնորհիվ: Ինքը՝ Բերնեսը, պատերազմի տարիներին մարտական գործողություններին չէր մասնակցում, փոխարենը տեղից տեղ էր գնում ու կռվողների հաղթական ոգին բարձր պահում երգերի միջոցով։ Երգի ստեղծումից մի քանի տարի անց այնաստիճան սիրվեց ու տարածվեց Սովետական Միությունով մեկ, որ տարբեր վայրերում կանգնեցված հուշարձանների բաղկացուցիչն էին նաև թռչող կռունկները:

Тёмная ночь
Երգը ստեղծվել է հենց պատերազմի տարիներին: Երգի թե երաժշտությունը, ու թե խոսքերը արագ ու պատահական են գրել: Երբ նկարահանվում էր Два бойца ֆիլմը, տեսարաններից մեկի համար շտապ պահանջվեց երաժշտական ուղեկցություն: Կարճ ժամանակում գրվեց լիրիկական երգը, որը կատարեց Մարկ Բերնեսը: Սակայն ֆիլմը դեռևս չէր հասցրել էկրաններ բարձրանալ, երբ երգի գոյության մասին իմացավ է Լեոնիդ Ուտյոսովը և այն դարձրեց իր ռեպերտուարի մի մասը։ Հանուն արդարության նշենք, որ մինչև այսօր էլ դասական է համարվում հենց Բերնեսի տարբերակը: Միևնույն ժամանակ, ստեղծագործությունը մինչև օրս էլ այնքան ակտուալ է, որ այն կատարում են բոլորը՝ փոփ ժանրի երգիչները, ռեփերները:

Смуглянка
Պարտիզանուհու մասին պատմող երգը ստեղծվել է նախապատերազմական շրջանում, սակայն նույնիսկ հեղինակը մոռացել էր դրա մասին ու կորցրել առաջին ձայնագրությունը: Երգը առաջին անգամ ավելի լայն հանդիսատեսի համար կատարվեց 1944-ի Չայկովսկու անվան համերգասրահում' Նիկոլայ Ուստինովի կողմից: Ու հենց այս երգը նրա համար դարձավէ համասովետական հաջողության, սիրո ու ճանաչման գրավականը: Այն հնչում էր և մարտի դաշտում և դրանից դուրս, իսկ հետագայում անմահացավ նաև խորհրդային սիրված ֆիլմերից մեկում' «Պատերազմ են գնում միայն ծերունիները»:

Огонёк
1943-ին թերթերից մեկում հայտնված բանաստեղծությունն այնքան ոգեշնչեց երգահաններին, որ հերթով սկսեցին երաժշտություն ստեղծել դրա համար: Պարադոքսն այն էր, որ նրանց ստեղծած և ոչ մի երաժշտություն համահունչ չէր բանաստեղծությանը։ Այնուամենայնիվ, սառույցը կոտրվեց, Огонёк-ը հնչեց , բայց մեղեդու հեղինակն այդպես էլ անհայտ մնաց: Ու չնայած երգը ծնվեց դժվարությամբ, սակայն տարիներ անց ունեցավ ոչ միայն համասովետական ճանաչում, այլև դարձավ ռուսական սիրված երգերից մեկը Ճապոնիայում: 1955-ին Տոկիոյում նույնիսկ բացվեց երաժշտական սրճարան, որի անունը, ի պատիվ երգի, դրեցին «Տոմոսիբի», այսինքն՝ Огонёк:

Синий платочек
Լեհ կոմպոզիտոր Եժի Պետերսբուրսկու երգի սկզբնական տարբերակը վալս էր: Իսկ ռեբրենդինգն արվել է հետևյալ կերպ․ 1939-ին փախչելով գերմանական օկուպացիայից, լեհական էստրադային կոլեկտիվը եկավ Խորհրդային միություն: Մոսկվայում համերգի ժամանակ Պետերսբուրսկու վալսը լսեց նաև բանաստեղծ Յակով Գալիցկին, որը երաժշտությանը զուգահեռ ձեռքի տակ պատահած թղթի վրա գրեց երգի առաջին նախադասությունները: Համերգից հետո բանաստեղծն ու երաժիշտը ծանոթացան, ու սկսվեց երգի հաղթական շքերթը:

Священная война
Այս երգը գոյություն ուներ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից, սակայն այն չի հեռարձակվել մինչև 1941-ի հոկտեմբերը: Պատճառն երգը չափազանց ողբերգական լինելն էր, համենայն դեպս, այդպես էին կարծում Խորհրդային միությունում։ Այն ոչ թե մոտալուտ հաղթանակի մասին է, այլ պատերազմ գնալու կոչի: Բայց երգը դիմացավ փորձությանն ու այնուամենայնիվ հնչեց համախորհրդային ռադիոյով: Ասում են, այդ պահից ամեն առավոտ զինվորների օրը հենց այս երգով էր սկսվում' ի հիշեցում և ի ոգեշնչում:

Нам нужна одна победа
Երգի ակունքները նույնպես կինեմատոգրաֆում ե, այս անգամ Белорусский вокзал ֆիլմն էր, որտեղ տեսարաններից մեկում այն կատարեց Նինա Ուրգանտի հերոսուհին: Երգի հեղինակ Բուլատ Օկուջավան ի սկզբանե պետք է գրեր միայն խոսքերը, իսկ երաժշտությունը պետք է լիներ Ալֆրեդ Շնիտկեի։ Բայց Օկուջավան այնքան տարվեց խոսքերով, որ դրանց համար երաժշտությունն էլ գրեց: Շնիտկեն լսեց, այնքան հավանեց, որ չառարկեց:

День Победы
Մայիսի 9-ի հաղթանակի գլխավոր խորհրդանիշը ստեղծվեց հաղթանակի 30-ամյակի տոնակատարությունների առթիվ։ Հայտարարված մրցույթում ապագա խորհրդանիշը ոչ միայն չհաղթեց, այլ նույնիսկ քննադատաբար ընդունվեց հանձնաժողովի ու ունկնդիրների կողմից: Պատճառը տրիվիալ էր․երգի հեղինակ Դավիդ Տուխմանովը չափազանց երիտասարդ էր պատերազմի մասին երգ գրելու համար, բացի այդ նա աչքի էր ընկել էստրադային ստեղծագործություններով: Սակայն ժամանակն ու երգի հաղթական նոտան իրենց գործն արեցին, այն դարձավ Հայրենական մեծ հաղթանակի մասին պատմող ամենահայտնի երգը: Դե, իսկ երգի ընդունված տարբերակը Լև Լեշչենկոյի կատարմամբ է:

Այս թեմայով