16 Փետրվար 2013, 14:04
1781 |

Աշխարհը՝ քո բազմոցին

Ուղևորության պատրաստվելիս երբևէ մտածե՞լ եք, որ անհոգի հյուրանոցային համարում բնակվելու փոխարեն կարող եք հյուրընկալվել տեղաբնակների մոտ: Պատկերացրեք, թե որքան ավելի հետաքրքիր է ապրել սովորական ընտանիքում՝ լիովին ընկղմվելով անծանոթ երկրի ու դրա բնակիչների մթնոլորտի, մշակույթի ու կենցաղի մեջ:

Բազմոցային սերֆինգ

Couch surfing բառացիորեն թարգմանվում է որպես «բազմոցային սերֆինգ»: Ստեղծվելով 2004-ին՝ այսօր նախագիծն իրենից միջազգային ոչ կոմերցիոն ցանց է ներկայացնում, որը միավորում է ավելի քան 230 երկրի զբոսաշրջիկների ու տեղաբնակների, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 2.5 մլն մարդ: Սկզբնապես Couch surfing-ը ստեղծվում էր որպես նախագիծ, որն օգնում է զբոսաշրջիկներին անվճար կացարան գտնել այս կամ այն քաղաքում: Քաուչ-սերֆինգից օգտվողները հյուրընկալություն են կիսում միմյանց հետ, ինչն էլ յուրահատուկ հարուստ մշակութային փոխգործակցում է ստեղծում: Դրանից ինչպես ընդունող կողմը, այնպես էլ հյուրը շահում են: Առաջինին նախագիծը հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ առանց տնից դուրս գալու: Իսկ ահա զբոսաշրջիկների համար հնարավորություն է առաջանում զգալ նոր քաղաքի կյանքն ու մթնոլորտը ներսից: Բացի այդ, նախագծի շնորհիվ՝ ուղևորություններին կարելի է զգալիորեն ավելի քիչ փող ծախսել:

«Երբեմն մարդիկ սխալ են հասկանում քաուչ-սերֆինգի գաղափարը, կարծելով, թե դա արտասահմանցու հետ ծանոթանալու, սիրավեպ կամ նման այլ բան սկսելու միջոց է», — պատմում է ավստրալացի Ջերեմին՝ պարզաբանելով, որ դա սեր փափագող միայնակ անձանց համար ծանոթությունների կայք չէ, այլ նախագիծ նրանց համար, ովքեր ցանկանում են ճանաչել շրջակա աշխարհը, սովորել ու ինչ-որ նոր բաներ բացահայտել:

Ամեն ցանկացող նախագծին կարող է մասնակցել և՛ որպես «հոսթ»՝ ընդունող կողմ, և՛ որպես «սերֆեր»՝ հյուրընկալվող ուղևոր: Սակայն, եթե դուք հյուր ընդունելու հնարավորություն չունեք, ապա ուղղակի կարող եք հանդիպել ուղևորների հետ, ցույց տալ ձեր քաղաքը կամ էլ ուղղակի միասին սրճել ու շփվել, քաուչ-սերֆինգը միայն անվճար կացարանի որոնման գործիք չէ:

 

Գրկախառնումներ

Հայաստանում առաջին քաուչ-սերֆերը գրանցվել է 2004-ի դեկտեմբերի սկզբին՝ նախագծի ստեղծման առաջին իսկ տարում: Սակայն մեզ մոտ այն հանրաճանաչություն սկսեց ձեռք բերել միայն վերջին 2-3 տարիներին: Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում ավելի քան 580 գրանցված օգտվող կա, որոնց մեծամասնությունը Երևանում են ապրում: Արտակ Սևանյանը, ինչպես նշում են նրա բազմաթիվ քաուչսերֆեր-ընկերները, Երևանի ամենաակտիվ հոսթն էր 2010-2011 թվականներին:

«Չեմ էլ կարող հիշել բոլոր այն ուղևորներին, որոնց հյուրընկալել եմ միայն վերջին տարվա ընթացքում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Շվեյցարիա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Նիդեռլանդներ, Իրան, Թուրքիա, Վրաստան, Իսպանիա: Սա միայն փոքր մասն է այն երկրների, որտեղից ինձ մոտ քաուչ-սերֆերներ են եկել»,- պատմում է Արտակը:

Արտակը համեմատում է քաուչ-սերֆինգը Ժյուլ Վեռնի գրքերի հետ՝ նույնքան անսպասելի ու հետաքրքիր արկածներ է պարունակում: «Շատ է օգնում ինձ ուսումնասիրել ու հասկանալ տարբեր մշակույթներ, աշխարհի ազգերի պատմությունն ու սովորույթները: Ու ես նույնիսկ տնից դուրս չեմ գալիս»,- պատմում է Արտակը:

Հյուրընկալության ակումբի մասին իրեն պատմել էր քաուչսերֆեր Մաքս Սալիվանը ԱՄՆ-ից, որի հետ նա ծանոթացել էր մի քանի տարի առաջ՝ լաստանավի վրա: Լսելով Մաքսից զարմանալի պատմություններ քաուչ-սերֆինգում նրա փորձի մասին՝ Արտակն այնքան տպավորված էր, որ միանգամից հյուր հրավիրեց նոր ծանոթին: Այդ ժամանակներից ի վեր քաուչ-սերֆինգը դարձավ 23-ամյա երևանցու կյանքի անբաժան մասը:

Իսկ ահա 19-ամյա Տիգրան Ախունցի համար քաուչ-սերֆինգը նաև անգլերենի իմացությունը կատարելագործելու հիանալի հնարավորություն դարձավ: «Երբ սկսեցի անգլերեն սովորել, Երևանում կամ Հայաստանի այլ շրջաններում անգլիալեզու տուրիստների հանդիպելիս՝ մոտենում ու զրույց էի սկսում՝ «ինգլիշս» գործածելու համար, — հիշում է Տիգրանը: — Ու ինձ միշտ ուրախացնում էր, որ այդ մարդիկ ամեն անգամ ինձ ժպիտով ու բարեկամաբար էին ընդունում»: Տիգրանի խոսքով՝ հյուրընկալության ակումբն իր համար բացահայտելուց հետո, աշխարհն ու տարբեր մարդկանց ուսումնասիրելը շատ ավելի դյուրին է դարձել:

Երևանի քաուչ-սերֆերների թվում բազմաթիվ արտասահմանցիներ կան, որոնք Հայաստանում են ապրում: Ամերիկացիներ Ջեք ու Մարգարեթ Փերրիների ընտանիքը Երևանի քաուչ-սերֆինգի համայնքի շնորհիվ բազմաթիվ հայ ընկերներ է ձեռք բերել: Նրանց շնորհիվ ամերիկացիներն ավելի մոտ դարձան հայ ժողովրդի մշակույթին ու ավանդույթներին, շատ բան իմացան սովորական մարդկանց առօրյայի մասին: «Այնպես է ստացվել, որ մեր աշխատանքի պատճառով մենք ժամանակի մեծ մասը ստիպված ենք ամերիկացիների կամ էլ այլ արտասահմանցիների միջավայրում անցկացնել: Ու երբեմն զգացողություն է առաջանում, որ մենք Հայաստանում չենք ապրում», — պատմում է Մարգարեթը: «Իսկ ահա քաուչ-սերֆինգը մեզ հնարավորություն տվեց շփվել տեղաբնակների հետ, ավելի շատ ժամանակ անցկացնել հայերի միջավայրում»: «Հիմա մենք արդեն սկսել ենք հայերեն սովորել», — շարունակում է տիկնոջ միտքը Ջեք Փերրին՝ նշելով, որ ձգտում են բաց չթողնել Հայաստանի քաուչ-սերֆերների համատեղ միջոցառումները:

Երևանի քաուչ-սերֆերների՝ մինչ այժմ տեղի ունեցած բազմաթիվ համատեղ միջոցառումներից ամենահիշվողը Free Hugs («անվճար գրկախառնություններ») ակցիան էր: Հայ «գրկախառնվողների» հետ էր նաև Ավստրալիայից մի քաուչ-սերֆեր՝ բարձրահասակ շիկահեր Գրեհամը: «Աղջիկներն ուղղակի թռչում էին նրա հետ գրկախառնվելու համար», — հիշում է Տիգրանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ չի հերիքում Հայաստանում քաուչ-սերֆինգի միությանը, Արտակ Սևանյանը պատասխանում է, որ լավ կլիներ, եթե նախագիծը տարածվեր նաև շրջաններում: «Եթե մայրաքաղաքում նախագիծը ճանաչում է ձեռք բերում, ապա շրջաններում քաուչ-սերֆինգի մասին գրեթե ոչ ոք չգիտի: Քիչ թե շատ այն զարգացած է միգուցե Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերում», — ասում է Արտակը: 23-ամյա երևանցին կարծում է, որ քաուչ-սերֆինգի մասին տեղեկատվության տարածումը գյուղերում օգտակար կլիներ բնակիչներին: Չէ՞ որ նրանք ինչ-որ առումով կտրված են աշխարհից, մյուս կողմից էլ՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն այդ գյուղեր հազվադեպ են հասնում՝ հիմնականում այցելելով խոշոր քաղաքներ: Այս առումով քաուչ-սերֆինգը կօգնի գյուղերում հետաքրքրացնել մարդկանց կյանքը՝ նրանց հնարավորություն տալով ծանոթանալ տարբեր մշակույթների ու ժողովուրդների հետ և ուղևորություններ կատարել՝ առանց տնից դուրս գալու:

Վստահության հարց

Շատերին առաջին հերթին հետաքրքրում են անվտանգության հարցերը. կարելի՞ է, արդյոք, տուն թողնել անծանոթ մարդկանց, արդյո՞ք անվտանգ է հյուրընկալվել մի մարդու, որին մինչ այդ երբեք չես հանդիպել: Ու այսպիսի հարցերը զարմանալի չեն, հաշվի առնելով, որ մենք, ցավոք, ապրում ենք միմյանց նկատմամբ համատարած անվստահության դարաշրջանում: Սակայն հյուրընկալության ակումբները չեն կարող գոյություն ունենալ առանց փոխադարձ վստահության: Եվ հենց վստահությունն ու քաուչ-սերֆերների դռնբացությունն են անհնարը հնարավոր դարձնում:

Ինտերնետ տեխնոլոգիաների 25-ամյա մասնագետ Ալեքսանդր Անդրեևը՝ Մոսկվայի ակտիվ քաուչ-սերֆերներից մեկը, հիշում է իր առաջին նման փորձի մասին.

«Իմ հոսթը պետք է գործուղման գնար հենց իմ ժամանման օրը: Սակայն նա իր բնակարանի բանալին հարևանների մոտ էր թողել, որպեսզի ես կարողանայի ներս մտնել ու ապրել այնտեղ, մինչ նա կվերադառնար»: Քաուչ-սերֆերը մինչև հիմա էլ չի կարող առանց հիացմունքի պատմել, որ իր առաջին հոսթի հետ ծանոթացել էր միայն հաջորդ օրվա երեկոյան՝ ներս թողնելով իր իսկ սեփական բնակարան:

Իրականում քաուչ-սերֆինգը շատ ավելի անվտանգ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ ցանցի օգտատերերը, որպես համախմբված թիմ, հոգում են միմյանց անվտանգության մասին: Կայքն այնպես է ստեղծված, որ մինչ մարդուն հանդիպելը դուք կարող եք ընթերցել նրա հետ արդեն հանդիպած քաուչ-սերֆերների կարծիքները նրա մասին: Բացի այդ, օգտվողները կարող են նախապես նամակագրություն հաստատել ու հստակեցնել իրենց հետաքրքրող հարցերը: Մանրամասնորեն լրացված տվյալները, ձեր հետաքրքրություններն ու զբաղմունքները, ձեր մասին դրական կարծիքները՝ այս ամենը լավ վարկանիշ է ստեղծում, ու արդյունքում քաուչ-սերֆերները միայն ուրախ կլինեն հյուրընկալել ձեզ:

Առաքելություն

«Մենք ընկալում ենք աշխարհը որպես վայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է կապեր ստեղծել մարդկանց ու այն տեղերի հետ, որոնց բախվում ենք կյանքի ընթացքում: Այս կապերն օգնում են մեզ հարգալից վերաբերվել տարբեր մշակույթներին, ինչն, անշուշտ, նպաստում է հանդուրժողականության տարածմանը», — պատմում են CouchSurfing.org նախագծի ստեղծողները, պարզաբանելով, որ նախագծի առաքելությունն է ոգևորել մարդկանց՝ ճանաչել այն աշխարհի բազմազանությունը, որում ապրում ենք բոլորս:

Քաուչ-սերֆերների միությունը շարունակում է ընդլայնել հորիզոնները: Ամեն օր աշխարհով մեկ սփռված մարդիկ միասին սրճում են, արշավների գնում, ֆիլմեր դիտում, թանգարաններ, ցուցասրահներ ու համերգներ այցելում, միմյանցից նոր լեզուներ սովորում, ինչ-որ բաներ քննարկում ու միասին փոխում աշխարհը դեպի լավը:

 

Լրացուցիչ անվտանգություն

Բացի այլ օգտվողների կարծիքներից, քաուչ-սերֆինգում նախատեսված է ևս երկու միջոց, որոնք ուղղված են անվտանգության ապահովմանը. դա երաշխավորության համակարգն է և անձի ստուգումը՝ անունով ու բնակության հասցեով:

Երաշխավորությունները ցուցադրում են քաուչ-սերֆինգի երկու անդամների միջև ուժեղ կապն ու հանդիսանում վստահության ցուցանիշ: Երաշխավորումը վկայում է այն մասին, որ մեկ անձը վստահում է մյուսին այն աստիճան, որ պատրաստ է պատասխանատու լինել նրա գործողությունների համար: Դա օգտվողի հուսալիության կարևորագույն ցուցանիշներից մեկն է: Անձի ստուգումն իրենից ներկայացնում է մի համակարգ, որը թույլ է տալիս Couch­Surfing.org կայքին բարձրացնել ակումբի անվտանգությունը մի քանի տարբեր միջոցներով. այն է՝ օգտվողի բանկային հաշվի ու նրա բնակության հասցեի միջոցով: Այս ստուգումն անցնելը բնավ էլ պարտադիր չէ: Կայքում անձի ստուգում անցած օգտվողների պրոֆիլները նշված են կանաչով: Ու եթե ձեզ համար անվտանգության հարցը սուր է դրված, ապա դուք լիիրավ եք հյուրընկալել կամ հյուրընկալվել միայն այն օգտատերերին, որոնք ունեն այդ կանաչ նիշը:

Այս թեմայով