06 Մայիս 2013, 16:44
2032 |

Ինտելեկտուալ սիրահարների տոն

Ծարավը հագեցնող ջուրը ձեռքին ասպետի կամ գեղեցկուհու փոխարեն իսպանացիներն ավելի հեշտ տարբերակ են գտել:

Ապրիլի 23-ից Իսպանիայում' հատկապես Կատալոնիայում ու Բարսելոնայում, ամեն քայլափոխի ծաղկավաճառներ են: Ծաղկեփնջերի ընտրությունը մեծ չէ' մեկ վարդ ու ցորենի հասկ: Ի տարբերություն Սուրբ Սարգսի ու Վալենտինի տոների, Սուրբ Գևորգի տոնին աղեբլիթ չեն ուտում ապագա ասպետին կամ դիցուհուն գտնելու համար, ոչ էլ միմյանց կարմիր սրտիկներով զարդարված նվերներ տալիս:

Իսպանացի մաչոները միայն մեկ վարդ են նվիրում աղջիկներին: Իսկ աղջիկներն իրենց հերթին գիրք են նվիրում տղաներին:

Եթե Սուրբ Սարգսի տոնը Երևանում միայն վերջին տարիներին ենք սկսել ակտիվ նշել, ապա Իսպանիայում ամեն ինչ վերսկսվեց դեռևս 1923 –ին: Սբ Գևորգն էլ Սբ Սարգսի նման զինվորական է եղել: Միջնադարյան սիրային պատմությունների լավագույն ավանդույթներով' Գևորգը սիրելի արքայադստեր համար սպանել է վիշապին, պայքարի ընթացքում նրա թափած արյան կաթիլից ալ կարմիր վարդ է ծաղկել: Որպես շնորհակալություն արքայադուստրը ձեռքի տակ ընկած առաջին գիրքը նվիրել է նրան: Ավանդազրույցն այդպես էլ կմնար դասագրերում պարփակված, եթե հետագայում չկապվեր մեկ այլ երևույթի հետ: Իսպանացիներն ունեն գիրք նվիրելու հատուկ օր՝ ապրիլի 23-ը, ի դեպ, այդ օրն են մահացել Շեքսպիրն ու Սերվանտեսը: 1923-ից ի վեր սբ Գևորգի տոնին գիրք նվիրելը մոդայիկ սովորույթից վերածվեց ավանդույթի: Իսպանուհի Նուրիա Պույոլ Մորինեն կարծում է. «Ամենաբարդը այս տոնին աղջիկների դրությունն է: Տղաները ցանկացած տեղից էլ կարող են մեկ վարդ գնել, իսկ մենք օրեր շարունակ գրախանութներում ենք, կամ էլ ինտերնետով ենք փորձում գրքեր գնել: Գիրքն էլ օծանելիքի պես է. չգիտես' կհավանի, թե' ոչ»: Մեկ այլ իսպանացի՝ Մատիես Լորենտե Մարտինեսը խոստովանում է, որ իսպանացիները սբ Գևորգի տոնին հատուկ չենք պատրաստվում: Առավելագույնը մի քանի եվրոյով կարելի է ավանդական վարդ գնել, իսկ աղջիկները ստիպված են գուշակել' ինչ գիրք նվիրեն: «Նախկին ընկերուհիս նախորդ տարի ինձ «Գաղտնիք» գիրքը նվիրեց: Կարդալուց հետո իմ մեջ շատ բան փոխվեց, ու մենք բաժանվեցինք: Ծիծաղելի է, բայց սա նաև տոնի ու նվերի դրական կողմերից է»:

Անկախ նվիրած գրքերից, վարդերից, աղեբլիթի պայծառատես երազներից, իսպանացիները պնդում են'սիրո հարցում որոշիչը կիրքն է:

Այս թեմայով