29 Ապրիլ 2013, 18:48
2481 |

Ազգային պարի պարապուրդը

Ապրիլի 29-ը համարվում է պարի միջազգային օր։ Ոլորտի մարդիկ օրվան հատուկ նշանակություն չեն տալիս ու չեն նշում։

Ոչ տոնական տրամադրությամբ ու մտահոգիչ հարցերով «Կարին» ավանդական պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը հորդորում է ուշադրություն դարձնել ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը։ Օտարամոլությունն ու ակունքների նկատմամբ համակ անտարբերությունը նրան քիչ է ասել' ապշեցնում ու վրդովեցնում են։

Դուք աշակերտել եք Հայրիկ Մուրադյանին, պարել նրա ստեղծած խմբում. ազգային պարի դերն ու արժեքը' Ձեր բնորոշմամբ։

- Կոմիտասից ավելի լավ ոչ ոք չի կարող ազգային պարի նշանակությունն արժևորել. «Պարն է արտացոլում ազգի քաղաքակրթության աստիճանը»։ Ժողովրդական պարը զուտ մարմնի ֆիզիկական շարժում չէ։ Այն համադրում է միտքը, հոգին ու մարմինը. պարը գաղափարախոսություն է, ազգային ակունքներին կառչելու ձգտում, անպարտելիության կոչ։ Պարողները կռվում են. յուրաքանչյուր համերգից հետո մեր մարմինները կապտուկներով են ծածկվում, որովհետև կռվում ենք բազուկներով, բռունցքներով, ուսերով։ Թուրքերի դեմ կռվելուց առաջ հայ ֆիդայիները «Յարխուշտա» են պարել. ինչո՞ւ, որովհետև պարը բարձրացնում է մարտական ոգին, համակում հաղթելու տրամադրվածությամբ։

Սովետական տարիներին ազգագրական երգի ու պարի խմբերն ավելի շատ էին, քան հիմա. պարադոքս չե՞ք տեսնում։

- «Սասուն», «Ակունք», «Մարաթուկ», «Սասնա ծռեր». սովետական ժամանակներում 8 տասնյակից ավելի ազգագրական խմբեր են գործել, իսկ հիմա 8-ն էլ չեն մնացել։ 1978-ին պոլիտեխնիկական ինստիտուտում առաջին անգամ կազմակերպվեց ազգային երգ ու պարի փառատոն։ 34 տարի շարունակվեց այն' ընդգրկելով ոչ միայն Հայաստանի բոլոր մարզերի, այլ նաև Ջավախք ու Արցախ աշխարհների, Սփյուռքի պարախմբերին։ Ավանդույթ էր դարձել. մեկշաբաթյա փառատոնի ավարտին' մայիսի 28-ին, բոլոր խմբերը մեծ համերգով հանդես էին գալիս Սարդարապատի հուշահամալիրի առջև։ Պատկերացնո՞ւմ եք' ազգային մշակույթի համահարթեցման ժամանակներում մենք պարում էինք Սարդարապատում, իսկ հիմա, երբ որևէ արգելք չկա' ի՞նչ Սարդարապատ, ի՞նչ ազգային երգ ու պար, ո՞ւմ են դրանք հետաքրքրում։

70 տարի սովետական խորեոգրաֆիայի դպրոցը փչացրեց ու ապականեց մեր զտարյուն պարը։ Խաչատուր Ավետիսյանի երաժշտության տակ պարեր էին բեմադրվում, անունը դնում' ժողովրդական։ Դրանց ի՞նչն էր ժողովրդական։ Ո՞վ է թույլ տվել հորինված, բեմադրված պարն անվանել ժողովրդական, երբ ժողովուրդը դրա հետ ոչ մի կապ չուներ։ «Կինտոների պար», «Շալախո». սրանք մեր ազգային ակունքների, մշակույթի հետ բոլորովին կապ չունեն։ Այնպիսի «Քոչարի» կամ «Յարխուշտա» էին բեմադրում, որ սասուցիներն ուղղակի հայհոյում էին' ինչպե՞ս կարելի է բեմադրված պարային շարժումների հավաքածուն հայտարարել ազգային մշակույթ։ Տրիկոյով ու ռետուզո՞վ են մեր պապերը պարել, դա հայ տղամարդուն վայե՞լ հանդերձ է։ Մինչդեռ ունենք տարազների հրաշալի տեսականի' յուրաքանչյուր շտրիխը' մի խորհրդանիշ։ Նախ և առաջ տարազի հարգը, արժեքը պետք է գիտակցել, իմանալ ծագումը, գույնի, նախշերի խորհուրդները։ Ես այլ մարդ եմ սովորական հագուստի մեջ ու աննկարագրելի ուրիշ' տարազ հագած։ Պետք է արժանի լինել տարազին։ «Կարին» խմբի տղաներից մեկին ես հեռացրել եմ հենց տարազի արժեքը չիմանալու, այն չգնահատելու պատճառով։ Ցուրտ էր. ավտոբուսին էինք սպասում, նա տարազը ծալեց, դրեց տակը, որ տաք լինի։ Այնպես բարկացա, որ նույն վայրկյանին հեռացրի խմբից։

Ի՞նչ նախադրյալներ կան այսօր ազգային երգն ու պարը պահպանելու, զարգացնելու, նոր պարատեսակներ հայտնաբերելու համար։

- Սրբուհի Լիսիցյանի պարային գրառումների համակարգն այնքան կատարյալ էր, որ այդ մեթոդից օգտվում էին նաև օտարները։ Նրա գործը շարունակեցին երկու աշակերտները' Էմմա Պետրոսյանն ու Ժենյա Խաչատրյանը։ Տարիներ շարունակ այդ կանայք գյուղական վայրերից ժողովրդական պարեր են գրառել։ Հիմա այդ աշխատանքներն իրենց դարակներում հենց այնպես դրված են, ոչ մեկին չեն հետաքրքրում, ո՞վ վերադարձնի դրանք ժողովրդին, ո՞վ վերականգնի ու բեմադրի։ Պետությունն ասում է' փող չկա, պարուսույցներն էլ մեծ մասամբ ժամանակակից պարերով են զբաղված։ 1996-ից 30-40 պար եմ գրառել, կեսից ավելին' բեմ հանել։ Դիմեցի պատկան մարմիններին' ստեղծել ազգային մշակույթի կենտրոն կամ հեռուստատեսությամբ անցկացնել պարի դասեր։ Առաջարկս այդպես էլ մնաց, որովհետև ոչ ոք ձեթի կամ կահույքի գովազդ չի տեղադրի այդ հաղորդման մեջ. ոչ եկամտաբեր նախագիծ համարվեց։

Մենք հաճախ ազգային ոգու անկումից ենք բողոքում, պարն ունի՞ այդ հատկանիշը' բարձր պահել պայքարի, հայրենասիրության ձգտումները։
- «Կարին» ավանդական պարի խումբը հաճախ է ելույթներ ունենում զորամասերում։ Մի անգամ Արցախում սպաներից մեկն ինձ ասաց. «Ուզում եմ, որ իմ զինվորների աչքերն էլ լինեն քո տղաների աչքերի պես»։ Ազգային պարը ռազմական գաղափարախոսություն է նաև։ Մենք ռազմապարեր ունենք, որոնք պարելիս դահլիճը դղրդում է։ Դրանցով պետք է դաստիարակվեն ու սնվեն մեր զինվորները։ Նախ և առաջ ոգին, հետո' զենքը. սա չափազանց կարևոր պետք է համարենք ու հասկանաք, որ ազգային մշակույթը պահպանելն ազգային անվտանգության խնդիր է։

Գագիկ Գինոսյանը շտապում էր Երևանի ճարտարագիտական համալսարան։ 34 տարվա կենսագրություն ունեցող ազգային երգ ու պարի փառատոնի ճակատագիրը վտանգված է։ Չկան սարքավորումներ, չկա աջակցություն, և միգուցե հենց այս տարվանից այն այլևս չանցկացվի։

Այս թեմայով