01 Փետրվար 2013, 14:46
2573 |

Ճակատագրի գծին

Ծիծեռնավանք վանական համալիր ԼՂՀ Քաշաթաղի շրջանում: Տեղակայված է Աղավնագետ գետի աջ ափին,կառուցված տաշած քարից: 1655-ին եպիսկոպոս Թովմա Վանանդեցին բնութագրում է Ծիծեռնավանքը որպես «մեծ անցյալ ունեցող»: Դարեր շարունակ վանքը ուխտագնացությունների վայր էր, որտեղ Համբարձման և Սուրբ Խաչի տոների ժամանակ քրիստոնյաների բազմահազարանոց բազմություն էր հավաքվում: Վերականգնվել է Ղարաբաղյան պատերազմից հետո` 1999-2000 թթ.:

Վանքի կողպված դարպասի մոտ մի հսկա բարեսիրտ ճերմակ շուն է պառկած և ծուլորեն հետևում է, թե ինչպես ենք մենք փորձում ոչ այնքան ջարդել, որքան ուղղակի բացել կողպեքը. հավանաբար այլոց փորձից գիտի, որ մեզ չի հաջողվի:

Այնուհետև` համր ֆիլմի խոսուն տեսարան: Ծիծեռնավանք գյուղի հեռավոր տան պատշգամբ մի կին դուրս եկավ և մեզ ձեռքով արեց: Շուտով նույն տան դռնից մի տղա դուրս թռչեց և սլացավ մեզ հակառակ ուղղությամբ: Միանգամից պարզ դարձավ, որ շուտով կգա եկեղեցու սպասավորը:

Եվ ահա, միջին տարիքի տղամարդը անշտապ զբոսնում է կանաչ բացատով, իսկ նրա շուրջը երեխաները թռչկոտելով վազում են: Ի՜նչպիսի արագությամբ ամբողջ գյուղի երեխաները հավաքվեցին, մտածեցի ես:

— Արման Սրափենյան, — ներկայացավ նա: — Վանահայր Աթանեսն այժմ գյուղում չէ: Իսկ ես նրա օգնականն եմ և տեղի թանգարանի տնօրենը: Համեցեք: Ես ձեզ ամեն ինչ և՛ ցույց կտամ, և՛ կպատմեմ… 

***

Առաջին հերթին նշմարում/նկատում եմ հիմքի մոխրագույն շարվածքի գծերը . դրանք բազալտից են: Այդ գծից վերև եկեղեցին կառուցված է բաց դեղին ֆելզիտով: Գիտնականները կարծում են, որ շարվածքում երկու տեսակի քար է օգտագործվել բնավ էլ ոչ էսթետիկ նկատառումներով: Բազալտե հիմքը նախաքրիստոնեական տաճարի մաս է: Իսկ վերակառուցվել է,, երբ Սյունիքում տարածվեց նոր կրոնը: Ավելի ճիշտ` ոչ թե վերակառուցվել, այլ ամբողջապես կառուցվել: Շինության նախագծի աննշան ճշգրտումները մարդկության ապագայի պլանների վիթխարի փոփոխությունների վկաներն են: Ճակատագրի ահա այսպիսի բարակ գիծ մոխրագույնի և դեղինի միջև ընկած: 

***

Պաշտոնապես Ծիծեռնավանքը թվագրվում է IV — VI դարերի միջև: Սակայն, ենթադրաբար, շինարարությունն այստեղ ավելի վաղ է սկսվել և, ինչպես բոլոր վանքերում, այդպես էլ ավարտին չի հասցվել: Ակնհայտ է, որ ամրոցի պատին կպած անկյունային սենյակը կառուցվել է բազիլիկը կառուցելուց գրեթե անմիջապես հետո` IV-V դարի սկզբում, երբ կաթողիկոս Սահակ Պարթևը նոր կանոններ ներմուծեց, որոնց համաձայն ամռանը քահանան պարտավոր էր ապրել եկեղեցուն կից տարածքում: Իսկ վերջին անգամ այստեղ վերականգնողական աշխատանքներ են տարվել ընդամենը 10 տարի առաջ:

***

Առաջին անգամ վանքը հիշատակվում է 844 թվականի ընծայական պայմանագրերից մեկում: XIII դարի միջնադարյան հայ պատմաբան Ստեփանոս Օրբելյանը այն դասում էր Սյունիքի 13 կարևորագույն վանքերի թվին: Ծիծեռնավանքը հասավ իր ծաղկմանը XVIII – XVIII դդ., երբ հիմնովին վերանորոգվեց Հայկազ իշխանի կողմից. վերակառուցվել էր պաշտպանական պատը և կառուցվել սեղանատունը… Հատկանշական է, որ Ծիծեռնավանքի հետ կապված բոլոր տարեթվերը ձեռագրերից են վերցված: Բուն վանքի վրա ոչ մի շինարարական գրություն չկա: Բանն այն է, որ Հայաստանում մինչև VI դարի կեսը պաշտամունքային կառույցների վրա գրավոր վկայություններ չէին թողնում, դա մեղք էր համարվում` պարծենկոտություն և պոռոտախոսություն: Հայտնի պատմաբան Մորուս Հասրաթյանը գրել էր, որ այնուամենայնիվ մի գրություն գտնվել է, ճիշտ է` էապես ավելի նոր: Ցավոք, այդ քարը կորչել է դեռ սովետի ժամանակ: Այդպես բարբարոսները հանեցին ծանր մեղքը վաղուց վախճանված հոգու վրայից և այն դրեցին իրենց հոգու վրա. արդյո՞ք ողջ:  

***

Եկեղեցի, կարծես իրենց սեփական տուն, առաջինը երեխաներն են ներս վազում, նրանցից հետո` մենք՝ եկեղեցու սպասավորի հետ միասին: Եվ հայացը միանգամից կանգնում է անսովորի վրա: Տարօրինակ է, բայց արևմտյան կողմում մուտք չկա: Եվ դա ևս մեկ հիշեցում է այն մասին, որ շենքը հիմնվել է բնավ էլ ոչ քրիստոնեական տաճարի նմանությամբ, և արևմտյան պատի տակ պիտի գտնվեր զոհասեղանը: Ընդհանրապես, IV-V դարերի պատմաբանների վկայությամբ, քրիստոնեական ժամանակաշրջանի սկզբում/ակունքներում Հայաստանում շատ հեթանոսական տաճարներ գրեթե առանց փոփոխությունների սկսեցին ծառայել որպես քրիստոնեական եկեղեցիներ. երբեմն բավարարվում էին լոկ զոհասեղանը արևմուտքից արևելք  տեղափոխելով: Եվ իսկապես,  էլ ինչի՞ համար է քարը, եթե ոչ ամեն ինչին լռելյայն դիմանալու:

***

— Ահա և հանրահայտ վերնատունը, տաճարի վերին շինությունը, — դպիրը բարձրացնում է աչքերը:  Աբսիդայի տակ պատշգամբ է, կամ, ավելի ճիշտ, կիսահարկ՝ երեք կամարներով ներքև նայող: Դրանց հետևում լույս է: Կա վարկած, որի համաձայն կամարների միջև ժամանակին քարե խաչեր էին տեղադրված և ես, աչքերս կկոցելով, փորձում եմ պատկերացնել` ինչպես էին դրանց եզրագծերն առանձնանում: Պարզվեց`  ճարտարապետությունը նույնպես ստորադասական եղանակ չի հանդուրժում:

— Իսկ մենք կարո՞ղ ենք այնտեղ բարձրանալ:

— Մահկանացուներին այնտեղ չի կարելի…

— Ի՞նչ է, աստիճա՞ն էլ չկա:

— Մշտական` ոչ: Ճիշտ է, կարելի է հենովի աստիճանով այնտեղ հասնել, հարավային շինության ծածկի անցքի միջով: Բայց հիմա այն թափրտված է և բարձրանալ հնարավոր չէ: Ու հարկ էլ չկա:

 Իրականում նա ճիշտ է. այս անտրեսոլը գործնական կիրառություն չունի, զուտ էսթետիկ:

— Գիտե՞ք` ինչ եմ մտածում, երբ նայում եմ վերնատանը: — անսպասելիորեն երազկոտ ասում է դպիրը: — Այն տուն է հրեշտակների համար: Եկեղեցին ընդհանրապես Նոյյան Տապանի խորհրդանիշն է: Իսկ նա, ինչպես գիտենք, եռահարկ էր: Առաջին հարկում բնակվում էին կենդանիները, երկրորդը պատկանում էր մարդկանց` ողջամիտ արարածներին, իսկ երրորդը` երկնքի բնակիչներին` թռչուններին: Ինձ երբեմն թվում է, որ այնտեղ` վերևում, հրեշտակներ են ապրում:

***

—  Իսկ որտեղի՞ց է եկել վանքի անվանումը:

— Մեր պատմաբաններից շատերն էին Ծիծեռնավանքի մասին գրում, իսկ անունը նրանով էին բացատրում, որ այստեղ պահպանվում են Պողոս առաքյալի սուրբ մասունքները, իսկ հատկապես` ճկույթի վերջին ֆալանգը` ծիծեռը:

Արման Սրափենյանը այնքան համոզիչ էր պատմում, որ ես նույնիսկ ուզեցի պատմել տաճարի անվան ծագման ինձ հայտնի մի ուրիշ տարբերակի մասին, որը կապված է ծիծեռնակի պաշտամունքի հետ, որը նախաքրիստոնեական Հայաստանում տարածվածներից մեկն էր:

***

Ես անօգուտ զննում եմ պատը` փորձելով դրա վրա երկու դեմք տեսնել, որոնք, ըստ հավաստիացումների, պահպանվել են երբեմնի խոշոր որմնանկարից: Ինչևէ… Վաղուց եմ նկատել, որ եկեղեցիների որմերի պատկերները սովորություն ունեն լքել դրանք, և ընդհանրապես իրենց շատ անկանխատեսելի են պահում: Գետի կոպտատաշ քարերից սարքած հատակին զգույշ քայլելով դուրս եմ գալիս բակ: Ցրտել է: Ոչ միայն  ճանաչողական հետաքրքրությունից ելնելով մտնում եմ վանական թանգարան, որը տեղակայված է XVIII դարում Հայկազ իշխանի կողմից կառուցված այն նույն սեղանատանը, և ունկնդրում զարմանալիորեն մանրակրկիտ պատմություն այստեղ հավաքված եկեղեցական կահ-կարասու և այլ ցուցանմուշների մասին:

***

— Տներ գնալու ժամն է,երեխաները կմրսեն:

— Մի անհանգստացեք, նրանք սովոր են: Ի դեպ, ոչ թե տներ, այլ տուն: Բոլորն իմն են:

— Բոլո՞րը, — ակամա դուրս է թռչում:

— Աստված ինձ վեցին ուղարկեց: Ես էլ շնորհակալ եղա նրան և երեխաներին սրբերի անուններով կոչեցի` Մարիամ, Հռիփսիմե, Հովհաննես, Գրիգոր, Աննա, Գայանե:

***

Մենք սովոր չենք, մենք հեռանում ենք: Այս վանքը ընդմիշտ կհիշվի ահա այսպիսին . փառահեղ ֆոն, որի առջև կանգնած են սրբերի անուններ կրող հրեշտակներ և ինձ ձեռքով են անում:  Կատարյալ պատկեր. մեծ ընտանիք, մեկը այն 27-ից, որ հիմա ապրում են Ծիծեռնավանք գյուղում:

Հիմնաբառն է` հիմա: Իսկ մինչ այդ… Եկեղեցին գործում էր մինչև XVIII դարի վերջը: Հետո  եկեղեցի հաճախողները քչանում ու քչանում էին: Իսկ հետո, գրեթե կողքին` մի երկու կիլոմետր այն կողմ անց էր կացված ճակատագրի ևս մեկ գիծ` սահման երկու սովետական հանրապետությունների միջև, Ծիծեռնավանքի և մյուս դավանակից տաճարների միջև: Տարօրինակ գիծ` ինքդ քո միջով:

 

Այս թեմայով