08 Փետրվար 2013, 17:39
1312 |

Հալաբյան փողոցի մուլտհերոսները

Առաջին հայացքից դժվար է կռահել, թե ինչ նյութից են պատրաստված մեր մանկության սիրելի մուլտհերոսները, սակայն մանրակրկիտ ուսումնասիրելիս պարզ կդառնա՝ որպես հումք ծառայել են սովորական հին անվադողերը:

Այս ինքնատիպ քանդակների հեղինակը 27-ամյա Աղվան Սահակյանն է, հենց նրան էլ պատկանում է դողերի վուլկանացման հարակից ոչ մեծ կայանը: Եկամտի աղբյուրը երիտասարդի համար վերածվել է ներշնչանքի աղբյուրի, որի շնորհիվ, ինչու ոչ, կարողանում է լավագույնս կիրառել արտադրական թափոնը: Աղվանը հաճույքով ու հպարտությամբ պատմեց իր նախաձեռնության նախապատմությունը:

 «Չգիտեմ, թե ինչ բան է ավարտական երեկոն: 8 –րդ դասարանից հետո էլ չեմ սովորել: Հայրս մահացավ, երբ ես ու եղբայրս փոքր էինք, ու ստիպված եղանք վաղ տարիքից անցնել աշխատանքի, որպեսզի օգնենք մորս: Սկզբում հացի փռում հացթուխ էի աշխատում, հետո անվադողերի վարպետացման դասեր առա: Ինչ տեսնում եք այստեղ, մոտ 10 տարվա քրտնաջան աշխատանքիս արդյունքում է ստեղծվել: Շատ եմ սիրում երեխաներին,իմ աշխատանքները սրտանց նվիրում եմ մանկապարտեզներին ու դպրոցներին: Մի անգամ մի տնօրեն հարցրեց` որքան պետք է ինձ վճարի, ես վիրավորվեցի . ինչպե՞ս կարելի է երեխաներից գումար վերցնել: Ու նվիրեցի նրանց «Առյուծ արքա» մուլտֆիլմի հերոսներ Սիմոնին ու Պումբային, ու նաև մի սկյուռիկ: Ես նրանց համար դեռ արեգակ էլ կպատրաստեմ, և´ նապաստակ, և´ աղվես»:

 «Վերջերս սկսել եմ զբաղվել դեռևս խորհրդային տարիների աղբով, որոնցով լիքն են բոլորի նկուղները: Գիտե՞ք՝ դրանցից ինչեր կարելի է ստանալ: Ես երբեք ոչինչ դեն չեմ նետում: Օրինակ, կաթնաշոռի դատարկ տարան կարող է վերածվել սարդի, մկան, կարապի գլխի: Իմ Մաշինկան, օրինակ, «ծնվել է» մի երեկույթից հետո կուտակված մեկանգամյա օգտագործման սպասքից: Ընկերներս ուզում էին գցել դրանք, ես թույլ չտվեցի: Ու հենց իրենց աչքի առաջ դրանք վերածվեցին Մաշինկայի դեմքի: Իսկ եթե բաժանես մասերի հին անվադողը, ապա, ամրացնելով իրար, կարող ես առյուծ ստանալ, այն էլ այնպիսի, որին հնարավոր է նույնիսկ հեծնել: Բոլոր երեխաներին իմ պատրաստած կենդանիները դուր են գալիս, ուզում են խաղալ դրանց հետ, բայց քանի որ հաճախ անզգուշորեն վնասում են, ստիպված եղանք վերջերս գրություն փակցնել. «Ձեռք չտալ կենդանիներին»:

 «Տարածքի բնակիչները գոհ են. աղբ չկա, ծառեր եմ տնկել, կենդանիների «բնակեցրել»: Չեմ ձգտում փառքի, ես պարզապես սիրում եմ իմ քաղաքը, ունեմ սիրելի զբաղմունք, որի միջոցով մարդկանց ուրախություն եմ պարգևում: Այժմ փորձում եմ իրականացնել նոր «նախագիծ»: Արդեն ընտրել եմ տարածքը, որտեղ կլինի Նոյան տապանն իր բոլոր կենդանիներով: Ուզում եմ, որ գեղեցիկ լինի, երեխաները ուրախանան»:

 «Պայմանավորվել եմ մի մանկապարտեզի տնօրենի հետ, որ դաստիարակները, ծնողներն ու երեխաները օգնեն ինձ միասին բարելավել իրենց մանկապարտեզն ու հարակից բակը: Ցույց տվեցի փոքրիկներին, թե ինչպես մասերից մեկով կարելի է ստանալ նապաստակի ականջը կամ կենդանու աչքը: Երեխաներին հեշտ առաջադրանքներ տվեցի: Միանգամից զգացի նրանց հետաքրքրությունն այս ամենի նկատմամբ, անընդհատ հարցեր էին տալիս, հետաքրքրվում և ուզում ինչ-որ բան անել իրենց ձեռքերով: Իմ տված «վարպետության դասից» հետո մի տղա տանն էլ էր նման մի բան պատրաստել: Իհարկե, այնքան էլ լավ չէր ստացվել, ասես սատանա լիներ: Հաջորդ օրը հանդիսավոր տարավ իր աշխատանքը մանկապարտեզ: Տնօրենը նույնիսկ վախեցել էր նրա պատրաստած կերպարից, սակայն ես համոզեցի, որ տղայի գործերը տեղ գտնեն մանկապարտեզում: Չէ որ եթե վաղ տարիքից երեխան սկսի ստեղծագործել, երևակայել, մեծ է հավանականությունը, որ տարիներ անց կդառնա շնորհալի մարդ»:

Ֆոտոշարքը` Գրիգոր Հովսեփյանի

Այս թեմայով