23 Ապրիլ 2013, 17:27
3274 |

100-ամյակից երկու տարի առաջ

Ցեղասպանության վերաբերյալ 23 աշխատությունների հեղինակ Վերժինե Սվազլյանի գերագույն նպատակը ցեղասպանության փաստը փաստերով ապացուցելն է:

Իզմիրցիները հայտնի ոսկերիչներ էին: Այս երիտասարդը նույնպես հմուտ էր այդ գործում, ու շուտով սկսում է մեծ հեղինակություն վայելել: Եգիպտոսի Ֆարուք արքայի քրոջ ամուսնական զարդերը Գառնիկ Սվազլյանին են պատվիրում։ Իզմիրցի ոսկերիչը նաև հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալում, հրապարակախոսություններով հայրենադարձություն քարոզում, ու 1947-ին ինքն էլ ընտանիքով տեղափոխվում Արևելյան Հայաստան: Գառնիկ Սվազլյանի դուստրը՝ Վերժինեն, հոր հայրենանվեր գաղափարներով դաստիարակված, Երևանի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո վճռում է հավաքել ցեղասպանությունը վերապրողների հիշողություններն ու վկայությունները: Բանասիրական գիտությունների դոկտոր, 23 աշխատությունների հեղինակ Վերժինե Սվազլյանն այդ օրից զբաղվում է բանահավաքությամբ: Նրա գերագույն նպատակը ցեղասպանության փաստը փաստերով ապացուցելն է:

Հյուրասենյակի սեղանին շարված են հաստափոր ու բազմալեզու գրքեր, ուսումնասիրություններ, որոնք պատմական վկայություններ լինելուց բացիբանահյուսական հսկայական նյութ են՝ Արևմտյան Հայաստանի 50-ից ավելի բարբառների բազմազանությամբ, զրույցների, առածների, հայալեզու և թուրքալեզու երգերի առատությամբ: Ցեղասպանագետ - բանահավաքը կամա, թե ակամա ստեղծել է պատմական հիշողությունների վերականգնման ու հավաքագրման նոր ժանր:

Հիշո՞ւմ եք՝ առաջին անգամ ում պատմությունը գրառեցիք, որտեղից էր ու ինչպես գտաք նրան:
- Երևանի Մալաթիայի շուկայում հարցրի՝ չեն ճանաչում արդյոք տարօրինակ հայերենով խոսող մարդկանց: Մի տուն ցույց տվեցին: Դուռը թակեցի, նպատակս ասացի. չհամաձայնեցին խոսել. Ստալինը նոր էր մահացել, դեռ վախենում էին աքսորից: Երբ իմացան, որ ես էլ եմ հայրենադարձ, մի կերպ համաձայնեցին: Կույր էր. մուսալեռցի Հովհաննես Դուդակլյան: Ինքը խոսում էր, ես բարբառը չէի հասկանում, թոռն էր թարգմանում:

Պատմությունները շատ բազմազան ու տարբեր էին, սահմռկեցնող, դաժան. մեկ ընդհանրություն ունեին՝ բոլորը նույն թեմայի շուրջ էին: Հիշում եմ վերապրողներից ամենատարեցին՝ Մարիցա Փափազյանին (1874թ., Սասուն): Պատմում էր, որ գաղթի ճամփին մի թուրք իր դստրերից մեկին առևանգելու փորձ է արել: Նա ընդդիմացել է, հետո ասել. «Աղջկաս կտամ մի պայմանով, եթե փոխարենը 25 հայուհի ազատես ու թույլ տաս տանեմ ինձ հետ: Թուրքը համաձայնում է: Ես կորցրի հարազատ զավակիս, բայց փրկեցի 25 հայուհիների»: Ամեն անգամ Մարիցայի պատմածը հիշելիս փշաքաղվում եմ: Գիտե՞ք՝ ինչ ծանր պատմություններ եմ լսել: Զեյթունցի Բարունակ Շիշիկյանին արաբները տարել են իրենց հետ ու դավանափոխ արել: Անապատացած այս հայը գաղտնի հետևել է, թե արաբներն ուր են տանում հայ մանուկներին, նրանց գտնվելու տեղանքի քարտեզը կազմել ու հանձնել որբահավաք քրիստոնյաներին: Քարտեզի օգնությամբ նրանք արաբներից վերցրել են հայ մանուկներին ու որբանոցներ տեղափոխել:

Ի՞նչ աշխարհագրություն է ընդգրկում Ձեր աշխատանքը: Վկայությունների հետևից մինչև ո՞ւր եք հասել:
- Ժողովրդական վկայությունները գրի եմ առել, ձայնագրել ու տեսագրել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Անատոլիայի ավելի քան 150 տեղավայրերից։ Ամերիկա, Կանադա, Սիրիա, Հունաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Եգիպտոս. որտեղ ասես, որ չեմ եղել: 58 տարվա ընթացքում ոչ մի օր հանգիստ չեմ ունեցել: Միշտ շտապել եմ, որովհետև գիտեի՝ իմ հերոսներից ոմանք գուցե հենց վաղն այլևս ողջ չլինեն: Ինչպե՞ս թույլ տայի, որ նրանց վկայությունները, թանկ ապացույցները կորչեն:

1996-ին Պոլիս էի գնացել: Վճռեցի մտնել ծերանոց՝ համոզված, որ այնտեղ վերապրողներ կլինեն: Վիրահատության պատրվակով պառկեցի ծերանոցին կից հիվանդանոցում: Հարմար պահը որսացի ու դստերս հետ թափանցեցի ծերանոց: Գտանք Սիրենա անունով մի կնոջ: Նրան տարա գաղտնի մի սենյակ ու հորդորեցի պատմել հուշերը: Դժվարությամբ համաձայնեց խոսել. «Դուռը կողպե՛, վարագույրը փակե՛, հիմա աս շուները կուգան՝ մեզի կացինով կսպանեն…»։ Չնայած' 90 տարի էր անցել, բայց դեռ չէր մոռացել իր տեսածը։ Եվ նա սկսեց պատմել, որ չորս տարեկան է եղել, երբ թուրքերն իր աչքի առաջ կացնով սպանել են հորն ու մորը, իսկ ինքը ոտաբոբիկ ու սոված թափառել է անապատում, մինչև մի արաբ կին գտել է ու տարել իր վրանը։ Կինը աղջնակի ոջիլները մաքրել է, լողացրել, ոսկիներով զարդարել, անունը Այշա դրել և դեմքը դաջել կապույտ թանաքով՝ որպես իր սեփականության վկայություն։ Աղջիկը չորս տարի ապրել է անապատականների մոտ՝ մոռանալով հայերենը։ Մի օր Նուբար փաշան ու Անդրանիկն այդ կողմերն են եկել՝ հայ որբեր գտնելու: Անդրանիկը վրանի առաջ տեսել է կապուտաչյա, շիկահեր 8-ամյա մի աղջնակի: Հայերեն հարցեր է տվել, նա չի պատասխանել: Զորավարը համոզված, որ այդպիսի արտաքինով արաբ չի լինում, երեխայի ազգությունը ստուգելու ևս մի փորձ է արել՝ հարցրել է՝ խաչակնքել գիտե՞ս: Աղջիկն արաբերեն պատասխանել է՝ ոչ, ու խաչակնքել:

Դուք նաև Դեր Զորով եք անցել: Պատկերացնում եմ ձեր զգացողությունները: Վերապրողների հետքերով՝ ի՞նչ տեսաք այնտեղ:
- Դեր Զորի Սուրբ Նահատակաց եկեղեցին պատերազմական վերջին գործողություններից քանդվել է: Այն ուխտատեղի էր, որտեղ վերապրողներն ու նրանց սերունդներն աղոթում էին անապատում նահատակված հազարավոր հայերի հոգիների հանգստության համար: Դեր Զորում քայլելիս ոտքիդ տակ ավազի միջից մարդկային ոսկորներ են դուրս գալիս: Այդպես մի անգամ ես մատով թեթևակի փորեցի ավազն ու ոսկորներ հանեցի: Մինչև հիմա դրանք սրվակի մեջ պահում եմ՝ որպես մասունք:

Վերապրողների վկայություններն ու ընդհանրապես Ձեր ուսումնասիրությունները գրքերի վերածելով՝ Դուք փրկում եք դրանք անհետացումից, բայց այդ փաստերը հասնո՞ւմ են միջազգային հանրությանը: Գաղտնիք չէ, որ այսօր օտարերկրյա գրադարանները հեղեղված են թուրքական ու ադրբեջանական գրքերով, մինչդեռ հայկական գրականություն չկա:
- Իմ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը թարգմանվել է նաև անգլերեն: Սեփական նախաձեռնությամբ եմ ուղարկել գրքի օրինակներն օտար երկրներ, որպեսզի բաժանվեն գրադարաններին ու համալսարաններին: Ցեղասպանության մասին անհերքելի փաստեր ու վկայություններ ունենք, մինչդեռ օտարները մեր մասին թուրքական և ադրբեջանական գրքերից են իմանում: Պարզ է, թե ինչպիսի խեղաթյուրված, հակահայկական տեղեկություններ են պարունակում այդ գրքերը:

Ես ամուսնական զարդերս եմ վաճառել, որպեսզի 6 լեզվով թարգմանեմ «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» գիրքս: Դուստրս՝ Քնարիկը, ինձ հետ հավասար տանջվել է, մինչև գործը գլուխ ենք բերել: Գիրքը ՀՀ նախագահի մրցանակ է ստացել, բայց դարձյալ Հայաստանի սահմաններից դուրս չի գալիս:
Մի քանի տարի առաջ էլեկտրոնային փոստով թուրքերից բողոք-նամակներ էի ստանում, թե՝ չե՞ք ամաչում, մենք դպրոցում անցել ենք, որ հայերն են կոտորել թուրքերին, իսկ դուք զրպարտո՞ւմ եք մեզ: Դրանից հետո թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն թարգմանեց իմ «Հայոց ցեղասպանությունն ու հավաքական հիշողությունը» գիրքը: Թուրքիայի իմ ծանոթները պատմեցին, որ թուրք երիտասարդները գիրքս նոր թխված հացի նման թռցնում էին գրախանութներից: Հետո էլի սկսեցի նամակներ ստանալ նրանցից, թե՝ ներեցեք մեզ, մենք չգիտեինք, որ թուրքերն են կոտորել հայերին: Մենք ամաչում ենք և այլն, և այլն:

Ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի կարծիքով' Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին արդեն բավականաչափ փաստավավերագրական նյութեր հավաքված են: Ժամանակն է, որ դրանք բարձրացվեն միջազգային իրավական հարթություն, որպեսզի հայ ժողովրդի բարոյական, նյութական և տարածքային կորուստների հատուցումը վերջապես իրականություն դառնա:

Այս թեմայով