28 Մարտ 2013, 15:11
1665 |

The Deenjes` ակտիվ դնջություն

Եթե ես հավատայի այլմոլորակայինների գոյությանը, ապա կդառնայի նրանց ամենամոլի երկրպագուն: Բայց դժվար թե այլմոլորակայինները կարողանային նման տեքստեր գրել: Միևնույն ժամանակ այս երաժշտական նախագիծը հեռու է երկրային չափանիշներից, այդ դեպքում ովքեր են նրանք, որտեղից հայտնվեցին համացանցում և ինչ կապ ունեն դնջության հետ:

The Deenjes-ը երաժշտական նախագիծը սկիզբ է առել 2010-ի ձմռանը, Երևանի շենքերից մեկի 108 –րդ բնակարանում: Այս նախագծի մասին գիտեն նրա հիմնադիրներն ու համացանցն ակտիվորեն փորփրողները: Ու չնայած նրանց վիրտուալ Mother tongue ալբոմն ազատորեն թևածում է Youtube-ի երկնակամարում, բայց միայն նրանց իրական սիրահարները գիտեն դրա տեղը: Նախագծի հիմնադիրներն են ռեժիսոր Միկա Վատինյանն ու ազգությամբ արաբ օպերատոր Թամամ Համզան: Ռեժիսորն ու օպերատորը, փաստորեն, կարող են համագործակցել ոչ միայն ֆիլմի շուրջ, այլև երաժշտական նախագծի:

Նրանց հանդիպեցի Ստոպ ակումբում: Թամամը մետալ է սիրում, դա միանգամից հասկացա նրա կաշվե բաճկոնից ու արտաքինից, իսկ Միկան' ավելի «անթափանց» կերպար էր: Հիմնականում նա էր պատասխանում հարցերին, քանի որ Թամամը ռուսախոս էր: Անկեղծ ասած, մի քիչ հուզվում էի, որովհետև զրուցելու էի մինչև այս պահը շատերի համար հանելուկ-երևույթի մասին: Ինչու են հանդես գալիս զոդողի ակնոցներով, որն է էրոտիկ-պատրիոտիկը ու նման հարցերը շտապում էին պատասխան ստանալ: «The Deenjes անվանումն առաջացավ դինջ բառից' դինջեր: Իսկ էրոտիկ-պատրիոտիկ ոճը մենք ենք հորինել, դե մեր երգերն էդպիսին են, բացի դրանից պատրիոտիզմն առանց էրոտիզմի ու հակառակը' չի լինում»,-մեկնաբանեց Միկան:

Պարզվեց՝ նախագծին կյանք տալու մտադրություն ի սկզբանե չի էլ եղել, այն մի օր ծնվեց ու ապրեց' ինքն իրեն թթվածին հայթայթելով: «Ֆիլմ էի նկարում' «Ժաննան և ձայները», և որպես օպերատոր հրավիրվեց Թամամը: Մեր տանն էինք մոնտաժում ու գործընթացն անընդհատ ձգձգվում էր: Որոշեցինք մի քիչ զվարճանալ և երգ ձայնագրել հենց տնային պայմաններում»: Առաջին երգը «Ինչու չես խոսում հայերեն» ստեղծագործությունն էր, որը համացանցի բնակիչների կողմից միանգամից սիրվեց: Ավելին՝ հայերենի պաշտպանությամբ զբաղվող կայքերից մեկը երգը տեղադրեց իր էջում'այն համարելով ողջունելի քայլ, որը կոչ է անում խոսել հայերեն:

Հաջորդ երգը նույնպես անտարբեր չթողեց ունկնդրին: «Ուտեմ քեզ» պրովոկացիոն վերնագրի տակ ոչ պակաս պրովոկացիոն տեքստ էր. «Լյարդդ ուտեմ, սիրտդ ուտեմ, կարճ ասած' ես սիրում եմ քեզ: Դե գիտեք, մենք էդպես ենք սիրում: Երգն էլ հենց դրա մասին է»,- արդարանում են «հանիբալները»:

Ի դեպ, երգերում հաճախ են մեջբերումներ արվում հայ հայտնի պոետների գործերից, հատկապես՝ Չարենցից, Սևակից: Ռուսախոս Թամամի գործը բարդանում է, բայց նա գտել է ձևը: «Միկան թարգմանում է ինձ համար, հետո ես լատինատառ գրում եմ ու իմաստը հասկանալուց հետո միայն անգիր անում: Օգտագործում ենք նաև հենց տվյալ բանաստեղծի ձայնը, ինչը յուրօրինակություն է հաղորդում երգին»,-ասում է Թամամը:

Տեսահոլովակները նկարահանվում են Միկայի տանը, նույնիսկ եղել են դեպքեր, երբ նկարել են սովորական բջջայինի խցիկով: «Մեր տան զուգարանում էինք հիմնականում նկարում, մի գաջած պատ կար, լավ էր էդտեղ ստացվում: Հենց սկզբից էդպես էինք որոշել, որ ոչ մի ինչ-որ նախապայման չի լինելու, նկարելու ենք՝ երբ ցանկանանք, որտեղ ու ոնց ցանկանանք»: Բացի նկարահանման արտառոց «տաղավարից», տղաներն առանձնանում են նաև իրենց զոդողի ակնոցներով: «Ի դեպ, շատ անհարմար են էդ «սվառչիկի» ակնոցները, համարյա բան չի երևում: Ես երազումս եմ տեսել դրանք, արթնացա ու հասկացա, որ պետք է ամեն տեսահոլովակում այս ակնոցով լինենք»,-կես կատակ-կես լուրջ ասաց Միկան:

Նախագիծը իր գործունեության երկու տարիների ընթացքում համացանցը հարստացրել է ընդամենը ութ երգով: «Դինջ ենք, աշխատում ենք, երբ մուսան գալիս է: Կան շատ երգեր, որ դեռ ժամանակը չի համացանց գցելու»- ասում է Միկան:
Սա The Deenjes-ի ձևաչափն է: Նախագծի անդամների խոսքերով, իրենք երբևէ իրենց առջև խնդիր չեն դրել երկրպագուներ ունենալու, լայն զանգվածներ գրավելու, ստեղծագործում են նախևառաջ իրենց համար,ապա՝ այն մարդկանց, ովքեր փնտրում, գտնում են իրենց գործերը: «Որ երկար ժամանակ որևէ գործ չենք գցում, ասում են' մի տեսակ քաղցր-մաղցր եք դարձել, վաճառվել եք, բայց նման բան չկա: Միգուցե մի օր որոշենք ավելի պրոֆեսիոնալ զբաղվել այս գործով, բայց հիմա բավարարվում ենք հետևելով համացանցում մեր երգերի դիտումներին»,-եզրափակեց Միկան:

Մեր զրույցի ավարտին ակամայից հիշեցի նախագծի «Գնում ես, մնա» կատարումը, ու թեև մնալու ցանկությունն անսահման էր, այնուամենայնիվ, գնացի: Գնացի, որ րոպե առաջ տպավորություններս թղթին հանձնեմ:

Այս թեմայով