10 Դեկտեմբեր 2020, 18:39
48160 |

Բժշկական էքստրեմալ օգնության ծառայություն կամ Երբ ամեն ոք պատրաստ է ամեն ինչի

Տատյանա Հովհաննիսյանը իր հիմնած VIVA (Հայաստանի բժիշկներ և կամավորներ) հիմնադրամն անվանում է բժշկական էքստրեմալ օգնության ծառայություն: Եվ այս սահմանումը միանգամայն արդարացված է, քանի որ բարեգործական կազմակերպություն ստեղծելու բուն գաղափարը ծնվեց և արագորեն կյանքի կոչվեց 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: Ու պատերազմի ավարտից հետո էլ VIVA-ն շարունակեց իր գործունեությունը: Եվ այն, ինչ արեց հիմնադրամն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, թերևս, ավելի ճիշտ կլինի կոչել բժշկական էքստրեմալ օգնության ծառայություն: Տիկին Հովհաննիսյանին խնդրեցինք ավելի մանրամասն պատմել սպիտակ խալաթների պատերազմի, արվածի և հետագա անելիքների մասին:

- Արդեն սեպտեմբերի 28-ին աշխատանքը տեղափոխեցինք արտակարգ դրության ռեժիմի, և ինքներս մեզ համար որոշեցինք գործունեության մի քանի ոլորտ: Առաջին և ամենաանհետաձգելի խնդիրն էր վիրավորներին ապահովել անհրաժեշտ պարագաներով: Առաջին երկու օրվա ընթացքում գնեցինք և զինվորներին բուժող բժիշկներին տրամադրեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր ձեռք բերել հենց Հայաստանում: Դա սկզբունքային որոշում էր, քանի որ դրանով ուզում էինք աջակցել Հայաստանի տնտեսությանը: Այդ ժամանակ դեռ հավատում էինք, որ այս ամենը երկար չի տեւի: Երբ ակնհայտ դարձավ, որ դա այդպես չէ, ու այդ ռեսուրսը կարող է և չբավարարել, սկսեցինք գնումներ կատարել Ռուսաստանում:

Սարքավորումներ, ծախսվող նյութեր, վիրաբուժական և վերակենդանացման դեղամիջոցներ ... Շուտով, բացի բուն ֆոնդի գնումներից, մեր բազա սկսեցին օգնություններ գալ անհատ բարերարներից սկզբում Մոսկվայից, իսկ այնուհետև`  ամբողջ Ռուսաստանից: Ընդ որում, դրանք և խոշոր խմբաքանակներ էին, և, ասենք, դեղատնից գնած մի քանի տուփ, օրինակ` հակաբիոտիկներ. ամբողջ հայկական աշխարհն օգնում էր` ով ինչով կարող էր։ Անվերջանալի  հոսք էր: Մեր պահեստներում պերօքսիդի, բամբակի, բինտի, զելյոնկայի աներևակայելի քանակ հավաքվեց ... Ազնավուր կենտրոնում մինչ օրս էլ բոլոր հարկերը լցված են մեր ապրանքներով:

Մի խոսքով, շուտով ակնհայտ դարձավ, որ այս ամենը համակարգման կարիք ունի: Ամեն րոպե ձևավորված կարիքները հասկանալու և նպատակային գնումներ կատարելու համար սկսեցինք աշխատել Պաշտպանության ու Առողջապահության նախարարությունների հետ: Բայց օպերատիվությունը պահանջում էր անմիջական շփում հիվանդանոցների և բժիշկների հետ, և մենք սկսեցինք աշխատել մի  սկզբունքով, որը ես անվանում եմ «հորիզոնական»: Յուրաքանչյուր հիվանդանոցում ունեցանք մեր մարդկանց, ովքեր օպերատիվ տեղեկացնում էին, թե կոնկրետ ինչ է պետք: Այս բժիշկներից շատերն անցել են հիմնադրամի կողմից կազմակերպված պրակտիկայի ծրագրեր, աշխատել են Արցախում, մյուսներն էլ միացան այս ընթացքում: Եվ շատ արագ ձևավորվեց ցանց, որի շնորհիվ լիարժեք տեղեկություն էինք ստանում և կազմակերպում նպատակային գնումներ ու նաև  դրանց հասցեական առաքում:

Ի դեպ, այստեղ ես պարտադիր կցանկանայի նշել Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ցուցաբերած հսկայական օգնությունը: Նրանց շնորհիվ մեր ապրանքները ոչ թե գնում էին որևէ բաժնի բաշխման պահեստներ, այլ Արտաքին գործերի նախարարության միջոցով անմիջականորեն հասնում Երևանի մեր պահեստ, որից հետո արդեն ինքներս էինք դրանք հասցնում հիվանդանոցներ: Մենք գրասենյակ բացեցինք Երևանում, Ստեփանակերտում, մինի պահեստ Գորիսում, քանի որ վախենում էինք Ստեփանակերտում պահեստավորել։ Եվ այս կետերից անհրաժեշտ ամեն ինչ առաքվում էր հիվանդանոցներ:

 

Ի դեպ, խոսքը միայն դեղամիջոցների և բժշկական գործիքների մասին չէր: Մենք գնում էինք ամեն ինչ դաշտային հիվանդանոցների կազմակերպման համար: Բացի այդ, սարքավորեցինք երկու շարժական վիրահատարաններ, որոնք հանձնեցինք հոսպիտալների տնօրինմանը:

Մեր գործունեության մեկ այլ ոլորտ ներառում էր բժիշկների մոբիլիզացումն Արցախում և Հայաստանում աշխատանքի համար: Մոտ 500 մարդ անմիջապես արձագանքեց մեր զանգին: Նրանցից յուրաքանչյուրի համար բացեցինք անկետաներ, որտեղ հստակ նշում էինք մասնագիտացումը, աշխատանքի հնարավոր ամսաթվերը և տևողությունը, և անհրաժեշտ մի շարք այլ տեղեկություններ: Բանն այն է, որ ընդհանրապես բուն Հայաստանում բավականին շատ բժիշկներ կային:

Հատուկ մասնագետների պահանջարկը մեծ էր ՝ վերակենդանացնողներ, վնասվածքաբաններ, վիրաբույժներ ... Այդ օրերին այնքա՛ն մարդ էր իրեն մեղադրում գինեկոլոգ, մաշկաբան և ատամնաբույժ դառնալու համար:

Մի խոսքով, մենք ընտրեցինք 26 բժիշկ և բուժքույր: Նրանք արձակուրդներ վերցրեցին իրենց հաշվին և գնացին փոխարինելու իրենց հյուծված գործընկերներին: Միևնույն ժամանակ, նրանցից և ոչ մեկը որևէ հատուկ  պայման չդրեց, թեև մեծ մասը բավականին լուրջ գիտական կոչումներ, ձեռքբերումներ ունեին: Նրանք աշխատեցին Հադրութում, Ստեփանակերտում, Գորիսում, Վարդենիսում … Մենք քնում էինք որտեղ պատահի ու որքան հաջողվի: Բայց ոչ ոք նույնիսկ չէր էլ հետաքրքրվել կեցության պայմանների մասին. պարզապես տոմս և ուղղություն: Ու քանի-քանի բժիշկների ես գիտեմ, ովքեր շրջանցել են ֆոնդի օգնությունն ու տեղ հասել իրենց միջոցներով: Պատերազմի արդեն երկրորդ, երրորդ օրը նրանք այնտեղ էին, որտեղ անհրաժեշտ էին ամենից առավել: Մի խոսքով, դա մի անհավանական բան էր: Ամեն ոք պատրաստ էին ամեն ինչի:

Առանձին պետք է նշել մեր կամավորներին  և՛ Մոսկվայում, և՛ Երևանում: Նրանք հիմնականում ուսանողներ էին, առավոտից երեկո տեսակավորում, փաթեթավորում, սոսնձում էին պիտակները, բերում-տանում էին տուփերի անհավանական քանակներ: Դա պարզապես ֆանտաստիկ միասնություն էր: Ընդ որում, նորաստեղծ կամավորների չատի միջոցով մենք դիմեցինք միայն բժշկական համալսարանների ուսանողներին: Բայց եկան բոլորը և պնդեցին, որ իրենք կարող են գլուխ հանել առանց հատուկ կրթության:

Եվ նրանք իրավացի էին: Ինչ ասես` նրանք արել են, ընդհուպ մինչև հյուրասիրել սուրճ ու իրենց իսկ թխած քաղցրավենիքը ոչ միայն ֆոնդում աշխատող մարդկանց, այլև այդ օրերին մեզ այցի եկած անթիվ մարդկանց: Այնպիսի զգացողություն էր, որ մեր հիմնադրամը փոքր պետություն է Մոսկվայի ներսում, և նրա կյանքում շատ տարբեր մարդիկ էին ներգրավված ՝ վարորդներից և տնային տնտեսուհիներից մինչև հարուստ և հաջողակ մարդիկ. բոլորը փախչում էին աշխատավայրից, որպեսզի օգնեն մեզ ապրանք տեսակավորել ու առաքել: Ու նույնիսկ պատերազմի այդ օրերին ձևավորվեց չորս երիտասարդ զույգ:

Այս երևույթը հատկապես զարմանալի էր Մոսկվայում, որտեղ հսկայական հեռավորություններ են, մարդիկ մշտապես զբաղված և մեկուսացված են: Բայց յուրաքանչյուր ոք զգում էր իր անհրաժեշտությունն ու անում առավելագույնն ուժերի ներածի չափով:

Պատերազմն ընդհատվեց. ավարտվեց մեզ համար նույնքան անսպասելի, որքան բոլորի համար: Առավոտյան մենք նույնչափ պատրաստակամ  եկանք  աշխատանքի և հանկարծ իմացանք հայտարարության ստորագրման մասին: Շոկ։ Ավելի տարիքովներս ամեն ինչ էլ տեսել ենք, իսկ այ երիտասարդները  հուսահատ էին: Հիասթափություն, արցունքներ ... Եվ նույնիսկ խոսակցություն այն մասին, որ ամեն ինչ անիմաստ էր, և նրանք այլևս երբեք նման գործով չեն զբաղվի ...

Բայց երբ հույզերը փոքրիշատե հանդարտվեցին, մենք շատ դժվար զրույց ունեցանք մեր երիտասարդների հետ:

Ուրիշ ոչինչ չե՞ք ուզում անել: Լավ։ Դե գնանք տուն,  դավաճանենք, լքենք մեր վիրավոր տղաներին: Հասկանալի է, որ մեզ վատ ենք զգում, բայց պատկերացրեք` ինչ են զգում հիմա նրանք: Իհարկե, մխիթարում է այն միտքը, որ եթե մենք չլինեինք, ավելի շատ տղաներ կմահանային: Բայց դա բավարար չէ որոշելու համար, որ գործն ավարտված է: Ավելին, մեր աշխատանքը դեռ նոր է սկսվում, չէ որ դեռ պետք է վերականգնենք, ոտքի կանգնեցնենք ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունեցող մեր տղաներին:

Ու ամենակարևորը. մենք զգացմունքների համար ժամանակ չունենք: Այսօր ևեթ առանց հապաղելու պետք է սկսենք կառուցել այն երկիրը, որտեղ նման բան այլևս երբեք չի կրկնվի: Եվ պետք է այնպես անենք, որ ձեզնից յուրաքանչյուրն իր ոլորտում դառնա ոչ միայն ուղղակի լավ մասնագետ, այլ լավագույնը և, իհարկե, վերադառնա Հայաստան: Ես անկեղծորեն նրանց խոստովանեցի, որ հիմա ամենաբարդը միջին սերնդի հոգեվիճակն է: Չէ որ հենց մենք ենք մեղավոր կատարվածի համար, ընդ որում` թե՛ մեր երեխաների առջև, որոնց ծանր բեռ ենք թողել, թե՛ մեր ծնողների, որոնց հաղթանակները մենք զրոյացրեցինք:

Մենք ստեղծեցինք  հաջողակ ընկերություններ, բայց արտասահմանում, մենք  դարձանք լավ մասնագետներ, բայց ոչ մեր երկրի համար: Մեզ այդպես էր հարմար: Մեր մեղքն այն է, որ չենք աշխատել մեր հայրենիքի համար: Եվ սա հատուցումն էր: Եկել է  Հայաստան  վերադառնալու ժամանակը և այնտեղ կառուցելու նոր իրողություն: 

Երբ առաջին շոկն անցավ, շատերը սկսեցին խոսել այն մասին, որ պատրաստ են վերադառնալ: Այժմ դա հստակ քննարկվում է նաև իմ ընտանիքում: Ես համոզված եմ, որ իմ գործընկեր բժիշկներից ու մեր կամավորները շատերը կտեղափոխվեն Հայաստան: Համենայն դեպս, այդպիսի տրամադրություններ կան, և շատերն արդեն ոչ թե մտածում են Երևանում արձակուրդի, այլ երկարաժամկետ նախագծերի մասին:

Այս պատերազմը շատ բան փոխեց և զգացմունքների, և գիտակցության առումով: Եվ մենք ահռելի  աշխատանք ունենք անելու: Չէ որ մենք հանձնվողներից չենք:

 

ԱԱյցեքարտ
Տատյանա Հովհաննիսյան
Բժշկական գիտությունների թեկնածու, թերապևտ, գաստրոէնտերոլոգ։ Գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիան։ Աշխատում է որպես բժիշկ 4 քաղաքային կլինիկական հիվանդանոցներում։ Զբաղվել է գիտա-կրթական գործունեությամբ Եվդակիմովի 
 անվան Մոսկվայի պետական բժշկության և ստոմատոլոգիայի համալսարանում։ Հեղինակ է 70-ից ավելի հրատարակված աշխատությունների։

Այս թեմայով