08 Դեկտեմբեր 2020, 11:46
13422 |

Արցախի պատմության ժապավենը

Եթե այս պատմությունը իրական չլիներ, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի նման բան հորինել։ Միայն կյանքը կարող էր այսքան հեշտ ու հանգիստ անտեսել հավանականության բոլոր տեսությունները։ Եվ այնուամենայնիվ՝ այս պատմությունը իրական է։ Դրա ապացույցն էլ շատ կոնկրետ մարդ է՝ մի քանի օրով Արցախից տուն եկած զինվոր Համլետ Այվազյանը։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։

Արցախյան երկրորդ պատերազմը դեռ մոլեգնում էր, երբ մի խումբ երևանցիներ համաձայնվեցին մի մտքի շուրջ․ խաղաղության երաշխիք կարող է լինել միայն Արցախի միջազգային ճանաչումը։ Իսկ այն իրականություն կարող է դառնալ այդ թվում փոքր ճանաչումների գումարումով։ Հատկապես, որ դրանք արդեն իրականություն էին դառնում։ Քաղաքներ, կազմակերպություններ, մարդիկ․․․ Մեզնից ամեն մեկը կարող է դառնալ այն փազլի մի մասնիկը, որից ի վերջո կհավաքվի խաղաղության պատկերը։ Հենց այսպես ծնվեց «Ես ճանաչում եմ Արցախը» միջազգային քաղաքացիական նախաձեռնությունը։ Ու մինչ համախոհների խումբը այս նախաձեռնությունը կյանքի կոչելու մանրամասներն էր քննարկում, զինվոր Համլետ Այվազյանը իր տաս ընկերների հետ կռվում էր Հադրութում։ 

 

Ու հենց այս կետում երկու բացարձակ տարբեր պատմություններ սկսեցին իրենց զուգահեռ կյանքը։ 

 

Նախաձեռնության խորհրդանիշ դարձավ նարոտը՝ երեք գույնի թելերից հյուսված ժապավենը։ Ճերմակն ու կարմիրը՝ մկրտության խաչի ժապավենի գույները, խորհրդանշում են անկոտրում ոգու մաքրությունն ու հաղթելու կամքը։ Հենց այդպես՝ հոգևոր ծծնդյան ժամանակ մարդուն անուն տալով ենք ճանաչում նրան։ Մանուշակագույնը խորհրդանշում է մեր պատմական հիշողությանը։ Իսկ այս թելերից հյուսված ժապավենը՝ մեր միասնությունը։ Նարոտը կապելով մենք հայտարարում ենք, որ ընդունում ենք Արցախի հանրապետության անկախությունը։

 

Այդ ժամանակ Արցախում կռվող զինվորներին հասցնում էին սնունդի պարկեր՝ տարօրինակ զուգադիպությամբ՝ հենց այս երեք գույնի թելերով կապված։ Զինվորներից երկուսը՝ Համլետ Այվազյանն ու Ժան Աբրահամյանը, մարտերի արանքում այս թելերից նարոտներ էին գործում զինակիցների համար։ Նկարներն էլ հրապարակել էին սոցցանցերում։ 

«Ես ճանաչում եմ Արցախը» շարժման ֆեյսբուքյան էջում ծանոթ նույնականացման նշանը հայտնաբերեց Համլետի հորաքույրը։ Միանգամից հայտնեց ճակատում գտնվող եղբորորդուն։ 

  • Չեք պատկերացնի, թե ինչքան էինք ուրախացել, որ մեր շարքերն ավելացան, որ մեր նարոտները հատուկ իմաստ ստացան, - պատմում է Համլետը։ - Հասկանում եք՝ մեր համար դա գործնական նշանակություն ուներ․ ինչ էլ լիներ, այդ նարոտներով մեզ կարելի էր․․․իմանալ։

Համլետը խուսափում է որոշ բառերից՝ «նույնականացնելուց», օրինակ։ Իսկ ես նրա «իմանալը» մտովի փոխարինում եմ «ճանաչելով»։ Ու փազլը հավաքվում է։ 

Արցախի անկախության ճանաչումը միակ երաշխիքն է, որ մեր ձեռքի նարոտներով մեզ ոչ թե նույնականացնելու են, այլ ճանաչելու։ Այսօր, ի հեճուկս փոփոխված հանգամանքների, կամ գուցե հենց այդ փոփոխված հանգամանքների պատճառով, մենք հանձնվելու իրավունք չունենք։ 

Համլետը շարունակում է՝ կարծես մտքերս կարդալով․ 

  • Էսօր սիրածս աղջկան սենց նարոտ եմ նվիրել։ Հիմա ինքն էլ է մեզ հետ։ Մի քանի ամսից վերադառնամ ու հետը ամուսնանալու եմ։ Հետո էլ, ո՞վ գիտի՝ նարոտովները գուցե ավելանան․․․

Պատահականություններ չեն լինում։ Լինում են զուգադիպություններ։ Լինում է, որ ճամփա ես ընկնում՝ մեկ էլ պարզվում է, որ մեկը քեզ ընդառաջ է գալիս։ Ուրեմն՝ դուք շատ ավելի շուտ իրար ձեռք կսեղմեք ու կողք կողքի կքայլեք։ Ուրեմն՝ շարունակում ենք ճամփան։ Մենք չենք հանձնվում։

Նարոտ կարող ես հյուսել ինքդ: Նախաձեռնության մանրամասների համար այցելեք`  I recognize Artsakh վեբկայք

 

Այս թեմայով