04 Ապրիլ 2018, 17:19
32303 |

Եռապատում

Ժամանակի մեքենայի մասին մարդիկ երազում են անհիշելի ժամանակներից։ Նույնքան ժամանակ էլ սպիտակ խալաթներով, քիթը գրկած ակնոցով ու մեկ էլ բաց կապույտ կոշիկներով գիտնականները փորձեր են կատարում ստեղծել նման մի մեքենա։ Իրականում ժամանակի մեքենան միշտ էլ գոյություն է ունեցել, պարզապես մի փոքր այլ անունով։ Այն կոչվում է հիշողություն։ Եվ հենց այդ հիշողություններով են անցյալի ստվերներն առ այսօր ապրում մեր կողքին, մեզ հետ զուգահեռ իրականությունում։ Ու եթե ուզում ես, որ հիշողություններդ ավելի երկար ապրեն, պատմիր քեզնից փոքրին։

Հիշողությունների եռապատում

Պատում առաջին․ Ձկան խանութը, կողպեքագործ Սերոժն ու գարեջրավաճառ Չաղ-չաղ Գեղանուշը։

Շահումյանի հրապարակը իր գոյության գրեթե ողջ ընթացքում Հայաստանի պատմության մեջ թողել է շատ մեծ հետք՝ ֆինանսական հետք։ Վերջին երկու տարիներին էլ շինարարություն էր ընթանում՝ <<Պահպանելով հինը՝ կերտենք նորը>> վերտառությամբ։ Հունվարից պարզ դարձավ, թե որն է այդ նորը։ Ու հասարակությունը բաժանվեց երեք մասի՝ մարդիկ, որոնք գիտեին և հիշում էին՝ որն է այդ հինը, մարդիկ, որոնք ոչ տեսել էին, ոչ էլ լսել հնի մասին և մարդիկ, որոնք սուրճի մրուրով գուշակում են ապագան ու անգամ տեղյակ էլ չեն՝ ինչ է կատարվում այս տարածքում։

Մենք՝ մարդիկ, որոնք չգիտեին ու չէին տեսել հինը, փորձեցին տարբեր աղբյուրներից իմանալ։ Ու հենց այստեղ օգնության հասավ ամենազոր ժամանակի մեքենան՝ ավագների հիշողությունները, որոնք բոլորովին այլ տեսանկյունից ցույց տվեցին այս տարածքի պատմությունը։ Ճարտարապետ Միքայել Միսակյանն այս տարածքում է մեծացել։ Հիշում է քաղաքի ամենահայտնի ու առաջին ձկան խանութը, որն արդեն լեգենդ էր Երևանցիների շրջանում․ <<Հիշում եմ, բերում էին փայտե արկղերով իշխանը և սև մետաղական տարաներով սև խավիարը։ Խանութում նաև երեք աստղանի կոնյակ էին վաճառում ու այն ժամանակվա համար հազվագյուտ՝ ձիթապտուղ։ Ես հիշում եմ հատկապես երեխաների համար սիրելի շոկոլադե կարագը։ Խանութի վարիչը մեր հարևանուհին էր՝ տիկին Սաթիկը։ Հենց նոր ապրանք էինք ստանում անմիջապես հարևանների հավաքում ու տեղյակ էր պահում>>։

Ճարտարապետի հիշողությունների մեջ պահպանվել է Խնայբանկի առաջին հարկում գործող վարսավիրանոցը, որտեղ միշտ կարելի էր տեսնել քաղաքի ամենահայտնի մարդկանց։ Վարսավիրանոցից մի քանի մետր վերև լեգենդար կողպեքագործ Սերոժի արհեստանոցն էր։ Քաղաքի բոլոր սեյֆերի ու գաղտնի կողպեքների գաղտնիքներն իմացող Սերոժը մշտապես գաղտնի ծառայութոյւնների ուշադրության կենտրոնում էր։ Նա նաև բոլոր ֆինանսական կենտրոնների շտապօգնությունն էր, եթե կողպեք կամ սեյֆ է փչացել, անմիջապես դիմում էին մի քիչ մռայլ դեմքով, փոքրամարմին, <<Կազբեկ>>-ի ծխի քուլաներից դեղնած թավ բեղերով Սերոժին։

Հենց ձկան խանութի դիմաց կար մի լեգենդար կրպակ։ Չաղչաղ Գեղանուշի կրպակն էր, որտեղ ամենահամեղ գարեջուրն էր վաճառում։ Այստեղ էր հավաքվում քաղաքի բոհեմը՝ դերասաններ, գրողներ, գիտնականներ։ Գարեջրի բաժակի շուրջ ծավալված բանավեճերն էլ ապահովում էին տարածքի արվեստածին աղմուկը։

Ընդհանրապես ամենաորակյալ ապրանքների առումով այս տարածքը յուրատեսակ մենաշնորհ ուներ։ Ամենաորակյալ ձուկը, կոնյակը, գարեջուրը, կողպեքը, ներկը, անգամ ամենալավ վարորդներն էին հավաքվում այստեղ։ Այստեղից էին մեքենաները շարժվում Հայաստանի ու Խորհրդային միության տարբեր շրջաններ։ Այս տարածքն ավելի շատ անկեղծ համբույրներ ու հրաժեշտի արցունքներ է տեսել, քան որևէ օդակայան։

Չաղ-չաղ Գեղանուշի կրպակի հենց կողքին քաղաքի գույներն էին։ Բոլոր գույները։ Ցանկացած գույնի ցանկացած երանգ կարելի էր գտնել այստեղ։ Արհեստավորների պակաս երբեք չկար, առևտուր էին անում, վիճում, սակարկում, փորձով փոխանակվում։

<<Քչերը գիտեն, բայց հենց ձկան խանութի հետևում կար մի նկուղ։ Մարդիկ այստեղ գալիս էին միայն թաղման բյուրոյի տրամադրած թղթով և տանում էին միս, ձիթապտուղ ու էլի ինչ որ պարագաներ ու մթերք>>,- պատմում է ճարտարապետը։ Նրա մանկական հիշողությունների մեջ դրոշմվել է հատկապես մի դրվագ։ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, խորհրդային ռեպրեսիվ քաղաքականթյան հետևանքով Ազատության հրապարակից բոլոր ձերբակալվածներին բերում էին հենց այստեղ, որտեղ նրանց սպասում էին հատուկ նշանակության ոստիկանական մեքենաները։

Չնայած կյանքը եռում էր, և այստեղ էին հավաքվում քաղաքի գրեթե բոլոր խավերի վառ ներկայացուցիչները, ճարտարապետն ընդգծում է, որ կռիվ երբեք չի եղել։ Մարդիկ այստեղ պարզապես ապրում էին, առանց որևէ մեկի հանդեպ թշնամանք տածելու։

Այս ամենն արդեն հիշողություն է․ Ձկան խանութը, Չաղ-չաղ Գեղանուշի գարեջրի կրպակն իր համեղ գարեջրով և լեգենդար Սերոժի կողպեքագործական արհեստանոցը։ Մնացել են միայն պատմությունները, անցյալի մասին հիշեցնող երկու հին շենք, այս ամենը միավորող գեղեցիկ նորակառույց` պատված վեր խոյացող մետաղյա ծառով, որպես կայունության ու երկարակեցության խորհրդանիշ։

Այս թեմայով