06 Հունիս 2017, 22:53
1006 |

Վերականգնվող էներգիայի՝ ԱՄՆ Հավայան նահանգի փորձը

Հունիսի 5-ին ԱՄՆ Հավայան նահանգի վերականգնվող էներգետիկայի ծրագրի ղեկավար Վերոնիկա Ռոքայի հետ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում նահանգի վերականգնվող էներգիայի զարգացման և փորձի փոխանակման հնարավորությունների մասին: Վերոնիկա Ռոքան ներկայացրեց իր փորձը, վերականգնվող էներգիայի զարգացման ուղիները և մարտահրավերները Հավայան կղզիներում, էներգետիկ քաղաքականության և իրազեկման մեխանիզմները, պետական մարմինների և գործարարների դերը այս գործում:

Վերոնիկա Ռոքան իր խոսքում նշեց, որ ԱՄՆ Հավայիի նահանգը ձգտում է 100% վերականգնվող էներգետիկ համակարգ ունենալ մինչև 2045թ-ը: Այդ նպատակին հասնելու համար կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տվել գերազանցել միջնաժամկետ նպատակները: Վերոնիկան կարևորեց նաև այդ ճանապարհին փորձի փոխանակման  հնարավորությունը այլ երկրների հետ։

««Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամն» ամեն կերպ խթանում է Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման նորարար լուծումների մասին հանրային իրազեկումը: Այսօրվա հանդիպումը երկխոսության և հաջողված փորձի փոխանակման ևս մեկ օրինակ է՝ էներգետիկ անկախության, սակագների կայունության և ծախսարդյունավետության մեր ընդհանուր մարտահրավերների համատեքստում»,- ասաց «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանը:

 

Միջոցառումը կազմակերպվել էր «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» և ԱՄՆ Պետքարտուղարության Professional Fellows Program (PFP) ծրագրի շրջանավարտի հետ համատեղ՝ IBIS Երևան կենտրոնի աջակցությամբ՝ «Վերականգնվող էներգիան՝ էներգետիկ անկախության և տնտեսական զարգացման բանալի» ծրագրի շրջանակներում: PFP շրջանավարտ Նունե Սաքանյանը նշեց, որ ծրագրի նպատակն է փոխանակել գիտելիքները և առաջատար փորձը էներգետիկ կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականության, ռազմավարության, ծրագրերի և նախաձեռնությունների մասին:

 

Միջոցառմանը մասնակցում էին վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ոլորտի բիզնեսի ներկայացուցիչներ, համալսարանների դասախոսներ և ուսանողներ, ՎԷ ոլորտով հետաքրքրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս թեմայով