24 Դեկտեմբեր 2016, 16:28
7535 |

«Նվիրիր տոն»` ամանորյա հեքիաթ սահամանամերձ գյուղերի երեխաների համար

Դեկտեմբերի 23-ին մեկնարկեց «Նվիրիր տոն» նախագիծը, որի շրջանակներում մոտ 100 երեխա Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից` Չինարիից, Ներքին Կարմիր աղբյուրից, Բաղանիսից և Բերքաբերից մասնակցեցին նախատոնական երկօրյա միջոցառման Թուֆենկյանի Ավան Ձորագետ հյուրանոցում: Նախագիծն իրականացվել է ՀՀ Առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո և Երևան Փրոդաքշնս ընկերության ջանքերով: Միջոցառումը վարում էր Ավետ Բարսեղյանը:

Ծրագրի ընթացքում երեխաները ծանոթացան ավանդական հոլ խաղի կանոններին, մարզվեցին «Սթրիթ Վորքաութ»-ի թիմի տղաների հետ և ծանոթացան փողոցային մարզումների գաղտնիքներին, այցելեցին 360 աստիճան կինոթատրոն և դիտեցին աշխարհի արարման մասին պատմող ֆիլմ, սեփական ձեռքերով պատրաստեցին ամանորյա խաղալիքներ և լուսանկարվեցին սիրված դերասաններ  Միհրան Ծառուկյանի, Արփինե Գաբրիելյանի, Վաչե Թովմասյանի և Անատի Սաքանյանի հետ: Ծրագրի երկրորդ  հատվածում երեխաներին  ուրախ ժամանց պարգևեց  Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատորնը` հայկական հեքիաթների մանրապատումներ ներկայացնելով,  և Ձմեռ պապն իր անհամար նվերներով: Երեկոն ամփոփվեց գունազարդ ու պայծառ հրավառությամբ:

Նախագծի կազմակերող կողմը`«Ե Փրոդաքշն» (Yerevan Productions)  ընկերության տնօրեն Ալիսա Մուրադյանը նշեց,- «Ամեն տարեվերջ Yerevan Productions ընկերությունը տարին ամփոփում է որևէ բարեգործական նախաձեռնությամբ: Մեր ուշադրության կենտրոնում միշտ  եղել են  ոչ միայն  մանկատները, այլև սոցիալապես անապահով ընտանիքներն ու սահմանամերձ գյուղերում բնակվող մանուկները. նրանց բոլորի համար մենք միշտ փորձում ենք մի հիշարժան նախագիծ իրականացնել: Այս տարի որոշեցինք իրականացնել «Նվիրիր Տոն» փառատոնը,  որի շրջանակներում   փորձեցինք  Ամանորի շեմին իսկական տոն նվիրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին` նվիրելով նրանց ուրախ ամանորյա ծրագիր  Թուֆենկյանի Ավան Ձորագետ հյուրանոցում:

«Նվիրիր Տոն» փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու և աջակցության ներքո: Սահամանամերձ գոտիներում բնակվող երեխաների  խնդիրները չէին կարող անմասն մնալ Առաջին տիկնոջ ուշադրության կենտրոնից: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց ովքեր միացան  և աջակցեցին նախաձեռնությանը, մասնավորապես` Տավուշի մարզի մարզպետարանին, Վաչե Թովմասյանի տիկնոջը` Գայանե Մանուկյանին, որպես  այս միջոցառման գաղափարակիր  և աջակից, Թուֆենկյան հյուրանոցի  տնօրինությանը, մեր ընկերնեիրն ու գործընկերներին` շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչներին, «Սթրիթ Վորքաութ» - ի թիմին, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» կորպորացիային, «Գրանդ Քենդի» ընկերությանը, Lumen թիմին, Գեղարվեստի ակադեմիայի ուսխորհրդին և Գրիգոր Եփրեմյանին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում  հատկապես Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական  ղեկավարին և դերասաններին: Հուսով ենք, որ «Նվիրիր տոն» փառատոնն այսուհետ կդառնա շարունակական և մենք կկարողանանք ամեն տարի ավելի շատ երեխաների  անմոռաց տոն պարգևել»:

 

Այս թեմայով