11 Հոկտեմբեր 2016, 23:10
2046 |

«Նկուղը»

Գուցե աշխարհի ցանկացած ծայրում անմեղ անհատների սպանությունը, զենքի կիրառումը օրը ցերեկով, ահաբեկչությունն ու ընդհանրապես նման բաները հասարակ են, բայց ոչ մեր փոքր քաղաքում։ Մեզ համար նռնակներն ու զենքերը սովորական չեն քաղաքի ներսում, մենք կարծում ենք, որ այդ ամենն ուղղակի խաղալիք է, իսկ իսկականները մեզ պետք են միայն սահմանին՝ ուղղված դեպի թշնամին, ուղղված դեպի դուրս։ Սակայն պատահում է, որ զենքի փողն ուղղվում է դեպի ներս, թշնամին հաճախ մենք ենք ու ոչ թե ուրիշը. դժվար է ընդունել, դժվար է հավատալ, որ դժբախտ լինելու մեղավորը հենց մենք ենք։ Ես եմ մեղավոր, դու ես մեղավոր, նա է մեղավոր, մենք, դուք ու նրանք…բոլորս։

Մի քանի օր շարունակ քաղաքը շեղվել էր իր տաղտուկից, տապն ուտում էր մարդկանց, մարդիկ ուտում էին իրար. մի քանի փողոց այն կողմ կրակոց էր, հետո հայհոյանք, քարերով իրար էին ուտում…մենք մի քանի փողոց այն կողմ հանգիստ էինք։ Մի քանի փողոց էր մեզ կտրում իրականությունից, մենք նորություններն իմանում էինք համացանցից, իսկ մի քանի փողոց էն կողմ մարդիկ զոհվում էին, վիրավորվում էին ու վիրավորում։Մի քանի տուն էն կողմ էրեխեքը գնդակ էին տշում, մի քանի տուն էն կողմ մեծերը քար էին շպրտում…մենք բոլորս էլ ապրում ենք նույն իրականությունում, բայց աշխարհին նայում ենք տարբեր պրիզմաներով։ Մենք բոլորս նայում ենք նույն կետին ու տեսնում տարբեր հեռանկարներ։

Ամեն օր էլ նկուղում հավաքվում էինք, ամեն օր էլ թեմա էինք գտնում խոսելու, ամեն օր էլ վիճում էինք ու ըմբոստանում, ու միշտ էլ մեր ըմբոստությունը թաղում էինք նկուղի չորս պատերում։

Ես նկուղում նստած էի ու նայում էi պատերին, չկար ոչինչ անելու մինչեւ մյուսները կգաին։ Ավագիանը մտավ ներս՝ առանց բառ ասելու փռվեց մեր մաշված ու հալից ընկած բազմոցին. Ավագիանը մաշված էր բազմոցի պես։ Նա մաշված էր ներսից, մենք բոլորս էլ էս տարիների ընթացքում մաշվել էինք. մենք մաշվում էինք ամեն առավոտ, երբ ինքներս ստիպում էինք մեզ բացել մեր աչքերը եւ մաշվում էինք ամեն գիշեր երբ համուզում էինք ինքներս մեզ փակել մեր աչքերը։ Մենք մաշվում էինք մեր երազանքների ու մեր նպատակների ձեռքը. մեր ծնողները մաշվում էին մեր ձեռքը, երբ փորձում էին իրականացնել մեր երազանքներն ու նպատակները։ ՄԵնք առույգ էինք տեսքով, սակայն տարիների ընթացքում հաճախ էինք կարկատել հոգիներիս։ Ամեն կորուստ՝ իր վշտով, մեծ անցք էր բացում մեր հոգում, իսկ մենք էտ անցքերը կարկատում էինք սովորական թել ու ասեղով։ 

Ավագիանի հետ ընկերներ ենք դպրոցից. նա ծառայությունից վերադարձել է մի քանի ամիս առաջ, պատերազմի կողքով անմասն չանցավ. ծառայության վերջին ամիսն էր, երբ պատերազմ սկսվեց. վերադարձավ ձեռքի վնասվածքով. հիմա մատները լավ չեն աշխատում ՝ չնայած կարող էր ընդհանրապես չվերադառնալ։ Նա հանում է գրպանից սիգարետի տուփը. կպցնում սիգարետը ու լուցկին շպրտում նկուղի ծերը։

Ատում եմ, երբ էդպես է անում.

-Անշնորհք…

-Հանգի՜ստ, աշխարհի վերջը չի։

-Լավ էլ վերջն ա։

-Ստեղ չէ՝ դրսում։

-Խնդալու չի։

-Բան չասեցի…

Ծուխը վեր է բարձրանում, տարածվում ու սկսում խեղդել։ Բացվում է դուռը մտնում են Լեան ու Անան։ Անան միանգամից սկսում է ասել, որ խեղդում է ծուխը ու սկսում է ճառ կարդալ. Լեան առաջարկում է ձմերուկ ուտել։ Մենք տարբեր ենք, հա՜ բոլորս էլ տարբեր ենք ու երեւի դրա համար էլ մի դռան շան պես յոլա ենք գնում նույն նկուղում…

Ձմերուկ ուտելու առաջարկն ընդունվում է միաձայն, մենք չենք ուզում նայել իրար երեսի ու չենք ուզում խոսել. ձմերուկ ուտելիս միայն պետք է չմփացնել ու պետք չէ ավել բառ ու մասնիկ ավելացնել. դրանից ձմերուկը չի քաղցրանում, դրանից մենք էլ չենք փոխվում։ Ձանձրույթը գումարվում է տիրող շոգին ու սկսում ավելի ուժեղ խեղդել։ Մենք խեղդվում էինք ավելի շատ օդում տիրող խառնաշփոթից, մեզ խեղդում էր դրսի խառնաշփոթը ու մենք խեղդվում էինք նկուղում մեր իսկ մտքերից։ Ավագիանը կտրեց տիրող լռությունն ու ասեց.

-Ասեմ ինչ անենք. ով ավելի հեռու կթքի ձմերուկի կտերը ինքն էսօր ստեղ չի հավաքռտում։

-Ես համաձայն եմ, մեկ ա պարապ ենք։

Ու էտ տեղ մենք սկսեցինք հերթով թքել ձմերուկի կտերը ու ակնհայտ հաղթող չկար։ Մրցում էինք չնայած գիտակցելով, որ երբ արդեն տուն գնալու ժամանակը գա մեզնից ոչ մեկն էլ չի մնալու նկուղը՝ կարգի բերելու։ 

 Արդեն ժամը տասն էր. մենք նկուղում էինք ու թղթախաղ էինք խաղում, երբ շատ պարապ էինք մնում ուղղակի սկսում էինք խաղալ։ Դուռը բացվում է ու մեզնից ոչ մեկն էլ չի շրջվում դռան կողմը. բոլորս էլ հո գիտենք, որ եկողը Դանիլելիանն է։ Միշտ գալիս է էն ժամանակ, երբ մենք հավաքվում ենք տներով. գալիս է ու նեղվում, որ իր հետ չենք նստում. ո՞վ չգիտի՝ Դանիելիանը վատ զրուցակից ա։ 

Դանիելիանը ներսում էր ու վրան նայող չկար. մենք անջատված թղթախաղ էինք խաղում ու էնպես չէր, որ մեզ խաղն էր հետաքրքիր. ուղղակի էտպես պետք չէր խոսել ու մենք ամեն մեկս կարող էրնք կորել մեր մեջ։ Չէ՜, չի ստացվի պարտիան վերջացնել. Դանիելիանը կողքներս նստած սկսեց ճռճռալ։ Ես հայացքս թեքեցի նրա կողմը ու տեսա, որ գլխից արյունը հոսելով աչքրը փակել է։

-Ա՜յ տղա, էս ինչ ա էղել չէիր կարում ձեն հանեիր, ստեղ ոչ բինտ կա, ոչ էլ յոդ, ինչի՞ էս ստեղ էկել գնաիր գոսպիտալ։

Բոլորը հայացքները սղացրին դեպի Դանիելիանն ու քար կտրած սկսեցին նայել։ Ինքը ուղղակի վերցրեց սեղանին դրված անձեռոցիկը ու սկսեց դեմքի հոսող արյունը մաքրել։

-Կարեւորը չեմ մեռել։

Հաջորդող քսան րոպեների ընթացքում մենք սառը թրջոցներով փորձում էինք օգնել, էտ ընթացքում Ավագիանը դեղատնից բերեց ինչ պետք էր ու կարծես ստացվեց առաջին օգնություն ցուցաբերել, չնայած ոչ էնքան հաջող։ Էտ տեղ էրեւաց՝ ինչի էր պետք առաջին օգնության դասերին նստել, որ թե բուֆետի անհարմար աթոռներին մեջք ցավեցնել։ Լուռ ու մունջ օգնելուց հետո Անան վրա տվեց. ինքը միշտ էլ վրա է տալիս՝ երկրորդ մասնագիտությունն ա։

-Ու՞ր էիր, ինչի՞ մեջ ես քեզ գցել, քեզ պետք է՞ր, բայց լավ էլի մի հատ բացատրի ուղեղիդ ինչ ա՞ փչել հելել-գնացել ես խառնվել ես դրանց մեջ։

-Սիրելի՜Անա,- հեգնական տոնով ասաց Դանիելիանը,- հասկանում ես էս մեր երկիրն ա, ու նույնիսկ փոքրիկ քայլը, որը կատարվում է մի փոքր հավատով, որ վաղն ավելի լավ է լինելու, քան էսօր է, մարդկանց ստիպում է փափուկ տեղից շարժվել ու մի քիչ էլ փափուկ տեղը շարժել որ մի բան գոնե փոխվի։

-Ինչ ես է խոսում, ի՞նչ փոխվի, 25 տարի առաջ, որ բան չփոխեցին էսօր են հա՜ փոխելու։ Չհավատաս, անիմաստ տեղը գլուխդ ես ջարդել։ Հեսա ի՜նչ օգուտ, որ դաժե մատներս չեմ կարում նորմալ աշխատացնեմ, սիգարետ կպցնելն ինչ ա, որ էրկու ժամ տանջվում եմ։ Հա՜, դե կասեք էգոիստ եմ դրա համար եմ սենց փռթում, բայց ինչ օգուտ, որ էրէկ տղերքից մեկին էլի խփել են ու ես՝ մատերս չեմ շարժում, ինքն էլ երբեք էլ չի շարժվելու։

-Բա ի՞նչ ես առաջարկում թողենք մեզ էշի տեղ դնեն ու սենց ապրենք,- վրա բերեց Լեան։

-Ես էլ եմ էլի էտ ասում, հիմա ինչ ասենք վայ-վույ վատ ա ու տեղներս նստենք մեզ էլ ոնց ուզեն խաղացնեն,- ոգեվորված տոնով Դանիելիանը շարունակեց,- վաղն էլ եմ գնալու, մյու օրն էլ եմ գնալու, տո՜ ամեն օր էլ գնալու եմ ու վերջում էլ իմ ուզած պետությունում ամուսնանալու եմ ու էրեխքիս մոտ էլ գլուխ եմ գովալու, որ էտ պատմության դասերը կարդում են, դրանց մեջ ես էլ կամ ու իմ լուման ունեմ, թքած թե գլուխս չեն ջարդել էրկու անիքնասեր պագոնավորներ։

-Ավելի լավ ա մտածի ոնց անես, որ ստեղից փախնես, ի՞նչիդ ա պետք էլի, կամ ու՞մ ա պետք էլի,- Անան շարունակում էր մասնագիտորեն վրա տալը։

-Ինձ ա պետք, քեզ էլ ա պետք ու մեր համար ա ամեն ինչն էլ…

-Ախպեր չգիտեմ ոնց ես տենց լուրջ հայրենասեր դարձել, բայց որ անիմաստ ա էս տիրող էֆորիան էտ հաստատ…

-Գիտեք ինչ, ճիշտ ա ասում, հա՜ ու վաղը ես էլ եմ գալու հետդ,- ավելի ոգեվորված քան Դանիելիանն, բղավելու աստիճան ասեց Լեան,- բա՜ ինչ, սենց նստենք ու կարտ խաղանք, բա մեր վերջը…

Էս զրույցը երկար տեւեց, ես քիչ էի խոսում, ես երկու կողմերի հետ էլ համաձայն էի ու ամեն կարծիքի հետ իմ մեջ պայքար էր գնում։ Էն պահին, երբ մենք անում էինք ոչինչ, մարդիկ մի քանի փողոց էն կողմ պատմության էջերն էին սեւացնում. էն պահին, երբ մենք հեռուստացույցի ալիքն էինք փոխում նրանք փորձում էին պատմության ընթացքը փոխել։ Մենք ապրում էինք նույն երկնքի տակ ու շնչում նույն օդը, ուղղակի ամեն մեկս տարբեր ձեւ էր արտաշնչում։ Թեժ էր համ նկուղում՝ ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում. թեժ էր դրսում ամեն մեկն իր կարծիքի համար կռիվ էր անում։ Ամեն ինչն ել կանցնի, մեկը հավատում է, որ փոխվելու է գալու է նորը, մյուսն ել հավատում է՝ փովել չկա պետք է փախնել։ Պարզ չի ինչքան դեռ մարդիկ կշարունակեն պայքարել, ինչքան ուժ ու հավատ ունեն ու պարզ չի երբ կվերջանա պայքարը դրսում, բայց մի բան հաստատ պարզ է մենք դեռ երկար կհավաքվենք նկուղի չորս պատերում ու կպայքարենք ինքներս մեր դեմ, որ առավոտյան ստիպենք աչքերներս բացել իսկ երեկոյան շատ պինդ փակել…

 

ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ,

2-րդ կուրս հոգեբանություն,

Խալինյան Էլեն

 

 

Այս թեմայով