15 Օգոստոս 2016, 19:00
5811 |

Խորհուրդ են տալիս հերոսները

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի 5-րդ փուլի մասին առիթ ունեցանք զրուցելու նախագծի հեղինակ, Հայաստանի մաշակութային հիմնադրամի տնօրեն՝ Մանուկ Նիգոյանի հետ: Հիշեցնենք, որ «Խորհուրդ են տալիս հայտնիները» գրականության և ընթերցասիրության տարածմանը միտված նախագիծ է, որի շրջանակներում Հայաստանի տարբեր բնագավառնեիր հայտնիները խորհուրդ են տալիս ընթերցել բոլոր ժամանակներ ու ժողովուրդների լավագույն գրքերի հայերեն թարգմանությունները:

-Նախագիծն ի սկզբանե կյանքի էր կոչված հայաստանյան իրականության հայտնիների համար: Ինչպե՞ս միտք ծագեց հենց զինվորներին ներգրավելու:

-Ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո Հայաստանի ամենահայտնի,հեղինակավոր,ազդեցիկ և ամենաաստղային կերպարը զինվորն է, և այդպես պիտի լինի միշտ, որովհետև գոնե Հայաստանի համար հայ զինվորը բրենդ է:

-Նախագիծը իրականացնելուց առաջ վախ չկա՞ր արդյոք, որ կարող էր ինչ-որ բան այնպես չընթանալ ու նաև հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը՝ դեպի Հայոց բանակն ու Հայ զինվորը, մանավանդ ապրիլյան օրերից հետո, մի փոքր վրիպումն անգամ կհամարվեր ձախողում:

-Վախեր կան նախագծի բոլոր փուլերում,  որովհետև մենք աշխատում ենք ամենազգացմունքային շերտի՝ ընթերցողների հետ, որոնց խաբել  ոչ միայն հնարավոր չէ այլև  չի կարելի: Այս անգամ վախերն իհարկե քառակի էին՝  ընթերցողներ + զինվորներ + զինվորի ծնողներ ու բարեկամներ + զինվորի հետ  կապված յուրաքնաչյուր լուրի լարված սպասող քաղաքացիներ, և պետք էր լինել անսահման զգույշ,անսահման ուշադիր, նրբանկատ ու հնարավորինս բնական:  

-Տեսնելով արդյունքը հասկանումենքոր բավականին մեծ ու ծավալուն աշխատանք եք կատարել: Ճանապարհին ինչպիսի՞ դժվարություններ ու խոչընդոտներ թակեցին ձեր դուռը և ինչպե՞ս հաղթահարեցիք դրանք:

-Նախ շնորհակալ եմ կատարված աշխատանքը գնահատելու համար:  Խոչընդոտները բազմաթիվ են եղել, ֆիզիկականից մինչև հոգևոր, նյութականից մինչև  տեխնիկական, բայց երբ տեսնում ես  աշխատանքիդ պտուղները մոռանում ես ամեն դժվարություն: Լուսանկարների հրապարակման պահին ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն էի զգում, որովհետև էկրանին ամիսների աշխատանքիս արդյունքն էր,որն ինչպես հետո պարզվեց մարդկանց կողմից սիրվեց: Մինչ դիրքեր բարձրանալն անչափ վախենում էի զինվորների հետ հարաբերության մեջ կոռեկտ չլինելուց, որովհետև լինելով իրենց հասակակիցն, այնուամենայնիվ, երբևէ որևէ կապ չեմ ունեցել բանակի, բանակային կյանքի հետ, զինվորների հետ շփման փորձի, համապատասխան էթիկայի և վարվեցողության չեմ տիրապետում, չգիտեմ ինչն է կարելի ինչը ոչ, նույնիսկ հակառակ բնավորությանս հագուստս այնպես է ընտրվել որ չտարբերվեմ, տարօրինակ չթվամ:

-Ի՞նչ ձևաչափով են ընտրվել գրքերը: Զինվորների հետ աշխատելու ընթացքում ինչ-որ դժվարություններ չառաջացա՞ն:

-Ընտրված բոլոր գրքերն այս կամ այն կերպ կապված են պատերազմական թեմայի, հայրենիքի, պետության կամ բանակի հետ: Զինվորների հետ աշխատելու ընթացքում հանդիպած միակ դժվարությունը զինվորների կաշկանդվածությունն էր տեսախցիկների առաջ: Հերոսները միշտ էդպիսին են, նրանք չեն սիրուն տեսախցիկի առաջ խոսել հերոսության մասին, երբեմն նրանք առհասարակ խոսել չեն սիրում, ինչ որ ծանրակշիռ սակավախոսություն ունեն որը և ավելի ազդեցիկ է դարձնում վերջինիս կատարած սխրանքը:

-Ի՞նչ եք կարծում՝ գիրքը ինչքանո՞վ է նպաստում բանակի մարտունակության բարձրացմանը:

-Երբ նախագծի իրականացման առաջարկով դիմեցի Պաշտպանության նախարարություն, վերջինիս վարչություններից մեկի ղեկավարն ով անմիջական աշխատանք էր տանում մեր թիմի հետ, ասաց՝  վերջին ամիսների ընթացքում սա զինվորների հետ կապված լավագույն նախագիծն է, որովհետև վերջապես գտնվել են մարդիկ ովքեր գիտակցում են որ գիրքը վահանակ է, և կառավարում է նա ում ձեռքում այդ վահանակն է, իսկ դուք դա տանում եք դիրքեր և տալիս զինվորին: Ահա թե ինչով է գիրքը նպաստում բանակի մարտունակությանը, չէ որ ամենավտանգավոր թշնամին ինտելկտուալ թշնամին է, մեր հակառակորդների  համար մենք պիտի դառնանք ինտելեկտուալ թշնամիներ:

-Բոլորս էլ գիտենք, որ գիրքը մեծագույն զենք է համարվում, բայց մի՞թե նաև պատերազմի ժամանակ:
-Այո, նաև և առավելապես պատերազմի ժամանակ: Որովհետև ինտելեկտուալ զինվորն է մեր բանակի մարտունակության գրավականը, այնպես ինչպես ինտելեկտուալ քաղաքացին պետության հենասյունը:

-Հնարավո՞ր է, որ զինվորների ներգրավվածությունը նախագծին ունենա շարունակական բնույթ:

-Հնարավոր չէ, պարտադիր է, զինվորի ներգրավվածությունը պիտի լինի և շարունակվի մեր բոլոր նախագծերում, որովհետև ապրիլյան պատերազմը մեզ հիշեցրեց որ մեր և փրկությունը, և պահապանը, և ապահով Հայաստանի հովանավորը, և անվտանգության երաշխավորը հայ զինվորն է, ու նրա մասին պիտի խոսենք անընդհատ: 

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիք նախագծից և արդարացա՞ն արդյոք ձեր սպասելիքները:

-Ակնկալիքս մեկն էր, դառնալ պատճառ որ ընթերցողներն ու չընթերցողները, զինվորներն ու քաղաքացիները կարդան, և նրանք կկարդան, չէ որ կարդալու խորհուրդ արդեն մեր հերոսն է տալիս, իսկ հերոսներին պետք է վստահել:

 

Այս թեմայով