23 Հուլիս 2016, 17:44
2808 |

Եթե սիրում եք էքստրիմալ հանգիստ

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գտնվում է մի խիտ և զով անտառ, որտեղ կարելի է անցկացնել ամառային անմոռանալի և արկածային թեժ օր: Այդ հնարավորությունն ընձեռում է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի էքսթրեմալ նախագիծը` «Յելլ էքսթրիմ Պարկը»: Հուլիսի 22-ին ImYerevan-ի թիմը հնարավորություն ունեցավ անձամբ փորձելու արկածային ակտիվությունները և սեփական փորձով գնահատել դրանց հետաքրքրությունը:

Նախագծի հեղինակները անմիջական շփման մթնոլորտում պատասխանեցին լրագրողների հարցերին և ներկայացրին նախագծի ծրագրերն ու հեռանկարները: Խոսելով «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի նպատակների մասին՝ նախագծի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն իր խոսքում նշեց.

«Յելլ էքսթրիմ Պարկը» սոցիալական ձեռներեցության վառ օրինակ է: Ի սկզբանե նպատակ ունեինք մշակել նախագիծ, որը կտեղավորվեր սոցիալական ձեռներեցության հայեցակարգի մեջ և ուղղված կլիներ համայնքային կարիքների լուծմանը, սոցիալական և շրջակա միջավայրի փոփոխությունների իրականացմանը: Մեր նախաձեռնության սոցիալական նպատակներն են՝ համայնքում ակտիվ հանգստի հնարավորությունների ստեղծումը, զբաղվածության իրավիճակի բարելավումը, համայնքային կյանքի աշխուժացումը և տարածքային համաչափ զարգացումը:

Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային և էքսթրեմալ զբոսաշրջությունը և դառնալ  տարածաշրջանի էքսթերմալ զբոսաշրջության  խոշոր կենտրոն,  սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը և խրախուսել առողջ ապրելակերպը:

Ռելիեֆի առումով Հայաստանը շատ մեծ ներուժ ունի էքսթրեմալ զբոսաշրջության տեսանկյունից: Ենոքավան համայնքի բնակիչը իր սեփական բնակավայրում արդեն կարող է ոչ միայն զբաղվել իր  սիրած աշխատանքո, այլև  վարել ակտիվ  և զվարճանքներով լի կյանք:

Տիգրան Չիբուխչյանը նշեց, որ նախագծի մեկնարկը եղել է զիփլայնով, բայց  «Յելլ էքսթրիմ Պարկում» հիմա հնարավոր է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկություն, լեռնահեծանվավազք, փեյնթբոլ և այլն.

«Այս բոլոր ակտիվությունները համակարգվում են մեր մասնագիտական թիմի կողմից, որը պարբերական վերապատրաստումներ և փորձի փոխանակում է անցնում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, իսկ տեխնոլոգիական մասով  համագործակցում ենք Ֆրանսիայի և Ավստրիայի մեր գործընկերների հետ»:

Տիգրան Չիբուխչյանը հավելեց, որ օգոստոսի 6-ին տեղի է ունենալու «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի մեկ ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում կհայտարարվի նոր ծրագրի մասին:

 

Այս թեմայով