08 Հուլիս 2016, 12:32
2215 |

Կարիքավոր եվ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում

Հունիսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ, Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի արդյունքների ու ձեռքբերումների քննարկմանն ուղղված «Կարիքավոր և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում» թեմայով սիմպոզիումը:

 Սիմպոզիումին ներկա էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Համաշխարհային Բանկի ներկայացուցիչ, Սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Մարինա Պետրովիչը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, գլխավոր տնտեսագետ Ալեքսանդրա Փոսարակը և Սոցիալական բարեկեցության միջազգային խորհրդի նախկին նախագահ, ոլորտի առաջատար միջազգային փորձագետ Սոլվեյ Աշըմը:

Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին և ամփոփվեցին «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի նպատակներն ու խնդիրները, ծրագրի բաղադրիչների շրջանակներում իրականացված աշխատանքները և ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց նշանակալի սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները:

Սիմպոզիումի մասնակիցներին ողջունեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ով իր խոսքում նշեց. «Ուրախ եմ, որ քննարկմանը մասնակցում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, հաշմանդամություն ունեցող անձինք: Մենք միասին կերտում ենք ճանապարհ դեպի սոցիալական ներառում, որը պահանջում է կամք, ներուժ, ժամանակ և ռեսուրսներ, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց  լիարժեք ապրել և ստեղծագործել»:

Ողջունելով սիմպոզիումի հյուրերին՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի ներկայացուցիչ,  «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի համակարգողՍոֆի Ներսիսյանը մասնակիցներին հղեց «Առաքելություն Հայաստան»-ի նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի գնահատանքի խոսքերն ու համաժողովի ընթացքում արգասաբեր աշխատանքի մաղթանքները: «Մեր սիմպոզիումը հիանալի հնարավորություն է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող եւ Համաշխարհային բանկի ու ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի  արդյունքների իմաստավորման, ձեռքբերումների արժեվորման, մեր հաղթանակներով կիսվելու, ինչպես նաև հիմնախնդիրները քննարկելու համար»: Սոֆի Ներսիսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նման աննախադեպ ծրագրի նախաձեռնողներին, պետական և մասնավոր ոլորտների գործընկերներին, ծրագրի փորձագետներին, ինչպես նաև ծրագիրն իրականացրած մասնագիտական թիմին անձնվեր և  պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ նաև  ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին:   «Հաշմանդամության ոլորտում սոցիալական քաղաքականության իրականացումը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է գերակա ուղղություն:  2016 թվականը ՀՀ կառավարության որոշմամբ  հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: 2016թ. նախատեսվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունում,  նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Օրենքի ընդունումն ենթադրում է համապատասխան ենթաօրենսդրական ակտերում օրենքի դրույթների իրականացման հստակ մեխանիզմների սահմանում: Համոզված եմ, որ բոլոր իրականացված եվ իրականցվելիք  աշխատանքների շնորհիվ  է իրագործվելու հաշմանդամություն ունեցող անձանց  սոցիալական ներառման գործընթացը»:  

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բելին նշեց, որ այս բոլոր աջակցություններն իսկապես շոշափելի են, գնահատելու համար  բավարար է խոսել  հաշմանդամություն ունեցող անձի հետ: «Այսօր իհարկե և՛ օրենքների բարելավման կարիք կա, և՛  ֆինանսական միջոցների հատկացման, սակայն ամենակարևորը՝ այդ մարդկանց կարիքների գնահատման  ու բավարարման նկատմամբ համակողմանի կառուցողական մոտեցումն է»:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին իր խոսքում նշեց , որ Ճապոնիան կարևոր է համարում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավումը հասարակության մեջ, հասարակական աշխատանքներում, ինչը  դրականորեն  է անդրադառնում տնտեսության ազատականության վրա:

«Կարիքավոր և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում» թեմայով սիմպոզիումին մասնակցեցին պետական, մասնավոր, հասարակական ոլորտի, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ, ծրագրի շահառուներ, ոլորտի փորձագետներ և հետազոտողներ, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և լրագրողներ։

 

Այս թեմայով