05 Հուլիս 2016, 11:39
2375 |

Արմեն Տոնյան

Հուլիսի 6–ին նշանավոր պետական գործիչ Արմեն Ռուբենի Տոնյանը կդառնար 98 տարեկան: Տոնյանի կենսագրությունը ներառում է հայ ժողովրդի նորագույն պատմության մի ամբողջ ժամանակահատվածի կարևորագույն փուլերը` պատերազմ, տնտեսության վերականգնում, նոր արդյունաբերական ճյուղերի ստեղծում: Նա անմնացորդ նվիրվել է իր գործին և իր ժողովրդի համար նորը, կատարյալը ստեղծելու առաքինությանը. նրա հայրենասիրությունը գործով է ապացուցվել:

Տոնյանը միշտ ձեռնարկում էր այնպիսի նախագծեր, որոնք միտված էին արդյունաբերության համակարգային բարելավմանը, ուներ ժողովրդական տնտեսության զարգացման հստակ տեսլական: Առաջադիմականի ջատագով լինելով, նա իր ոլորտի բոլոր օղակներում աշխատում էր ներդնել նորագույնը, ժամանակակիցը: Հազվագյուտ չէին անհամաձայնության դեպքերն այն մարդկանց հետ, ովքեր նախընտրում էին հարմարավետությունն ու անձնական շահը և ընդդիմանում էին Տոնյանի նորարարական փորձերին, բայց երբեք նա չդավաճանեց իր սկզբունքներին:

Ապագա պետական գործիչը ծնվել է 1918 թվականին Թիֆլիսում: Երևանի Պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի առաջին կուրսից հետո նա մեկնում է Մոսկվա և ընդունվում թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտ: 1941-ին, լինելով հինգերորդ կուրսի ուսանող, նա կամավոր մեկնում է ռազմաճակատ, այնտեղից գործուղվելով Ժուկովսկու անվան Ռազմաօդային Ակադեմիա, որն ավարտում է 1945 թվականին: Իր հուշերում Տոնյանն այսպես է պատմում պատերազմի առաջին օրերի մասին. «Ընկերներիս հետ միասին կամավոր մեկնեցի ռազմաճակատ: Մոսկվայի Կիրովի շրջանի աշխարհազորային 9-րդ դիվիզիայի կազմում ոտքով շարժվեցինք դեպի Սմոլենսկ: Դժվար էր. ռմբակոծումներ, ծանր ռազմապիտույք, շոգ, ջրի պակաս; ընկերներիցս շատերը չէին դիմանում, ընկնում էին, այդ դեպքում իրենց մեքենայով էին տեղափոխում: Վյազմայի մոտ համակուրսեցուս և ինձ կանչեցին դիվիզիայի հատուկ բաժին և առաջարկեցին աշխատել ՍՄԵՐՇում (բանակային հակահետախուզության գլխավոր վարչություն): Համակուրսեցիս իր համաձայնությունը տվեց, և նրան անմիջապես մեքենա տրամադրեցին, իսկ ես առաջարկը կտրականապես մերժեցի, ասելով, որ մեկնել եմ ճակատ կռվելու, այլ ոչ թե օրգանների հետ համագործակցելու համար: Ճանապարհին համակուրսեցիս մի քանի անգամ մեքենայով մոտենում էր ինձ, համոզելով, որ միանամ իրեն, ես նրան լսել անգամ չէի ուզում և շարունակում էի քայլել: Հասանք Սմոլենսկ»…

Բանակից զորացրվելով՝ Արմեն Տոնյանը վերադառնում է Հայաստան և 1946թ. նշանակվում Երևանի երրորդ կոշիկի ֆաբրիկայի տնօրեն: Այդ ժամանակ ֆաբրիկան մեկ հարկանի շենք էր, իսկ արտադրությունը` կիսատնայնագործական: Տարիներ անց, Տոնյանի նախարար լինելու ժամանակ, այդ ձեռնարկության արտադրական կարողությունն արդեն 5 մլն. զույգ կոշիկ էր…

3-րդ կոշիկի ֆաբրիկայում, 1946 թ.

***

1965-1970թթ. Արմեն Տոնյանը Հայաստանի թեթև արդյունաբերության նախարարն է: Այդ տարիներին Հայաստանի թեթև արդյունաբերությունը շեշտակի վերելք է ապրում: Ավագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն, որ Խորհրդային Միության տարբեր քաղաքներից եկած հյուրերը մեծ հաճույքով գնում էին հայկական գորգեր, բրդյա, մետաքսյա, բամբակյա արտադրանք, տրիկոտաժեղեն: Իսկ Հայաստանում արտադրվող կոշիկը առանձնապես որակյալ էր, գեղեցիկ էր ու հարմարավետ և աստիճանաբար դառնում էր հայտնի բրենդ: Մոդելային կոշիկը, թերևս, միակն էր Խորհրդային Միությունում, որ հաջողությամբ մրցակցում էր արտասահմանյան նմանօրինակ արտադրանքի հետ:
Հուշագրավ է, որ հենց Արմեն Տոնյանի օրոք կառուցվեցին և վերակառուցվեցին Հայաստանի համար նշանակություն ունեցող մի շարք ձեռնարկություններ: Շինարարության մասշտաբներն ու տեմպերն այդ տարիներին աննախադեպ էին հայկական թեթև արդյունաբերության պատմության մեջ: Այսպես, ավարտին հասցվեց Իջևանի գորգագործական կոմբինատի և «Հայգորգ»-ի գլխամասային ձեռնարկության շինարարությունը, ավարտվեց Երևանի մետաքսագործական կոմբինատի վերակառուցումը: Վերակառուցվեց մեծ նշանակություն ունեցող Լենինականի մանածագործական ֆաբրիկան: Ավարտվեց Կիրովականի տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրական մասնաշենքի, ինչպես նաև համանման ֆաբրիկաների շինարարությունը Գորիսում, Լենինականում և Կամոյում: Կառուցվեցին կարի ֆաբրիկաներ Կիրովականում, Ալավերդիում, Էջմիածնում, Երևանում:

Թեթև արդյունաբերության ձեռնարկությունները՝ շքերթի ժամանակ, 1967 թ.

Ստեղծվեց կոշիկի «Մասիս» ֆիրման, որի արտադրանքը առավել մեծ հաջողություն ուներ ողջ Խորհրդային Միության տարածքում: Ֆիրման ուներ իր մասնաճյուղերը նաև Մոսկվայում: Մի անգամ, տեսնելով հսկայական մի հերթ Մոսկվայի Կենտրոնական հանրախանութում, Արմեն Տոնյանը հարցրեց հերթում կանգնած կնոջը. «Ի՞նչու եք ուզում գնել հենց այս կոշիկը, չէ՞ որ հերթը այսքան մեծ է»: Կինը պատասխնեց. «Դուք հավանաբար տեղյակ չեք, որ «Մասիս» ֆիրմայի կոշիկները լավագույնն են Միությունում»…

Բաղդադում էլեկտրատեխնիկական գործարանի կառուցման ժամանակ, 1963 թ.

***
Թոշակի անցնելուց հետո Տոնյանը չդադարեց ակտիվ աշխատել՝ այժմ նա իրեն նվիրեց իր սիրելի մարզաձևերից մեկի, բիլիարդի զարգացմանը Հայաստանում: Նա Հայաստանի բիլիարդի Ֆեդերացիայի ստեղծողն ու առաջին նախագահն է: Ֆեդերացիան ստեղծվել է ծանր ժամանակներում, 1989 թվականին, և գլխավորապես շնորհիվ Արմեն Տոնյանի եռանդի և նվիրվածության: Բավական է ասել, որ 1989թ. Լվովից, շատ դժվարություններ հաղթահարելով, նա կարողացավ Հայաստան բերել ավելի քան 50 բիլիարդի սեղան, որոնք ուղարկվեցին երկրի տարբեր քաղաքների մարզական դպրոցներին: Հետագայում ֆիզիկակական կուլտուրայի պետական ինստիտուտում նրա նախաձեռնությամբ բացվեց բիլիարդի բաժանմունք, սկսեցին անցկացվել հանրապետական առաջնություններ:

Բիլիարդ խաղալիս, 1978թ.

***
Արմեն Տոնյանը արժանացել է մի շարք մարտական և աշխատանքային պարգևների՝ Հայրենական մեծ պատերազմի Առաջին և Երկրորդ աստիճանների, Աշխատանքային կարմիր դրոշի ու Պատվո նշան շքանշանների և բազմաթիվ մեդալների: Բայց իր իսկ խոսքերով ասած, իր կյանքի գլխավոր նվաճումը եղել է այն հսկայական բավարարվածությունը, որ ստացել է աշխատանքից, լավ և հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելուց: Հետ նայելով իր անցած ուղուն Արմեն Տոնյանը խոստովանել է. «Իմ կյանքը եղել է հետաքրքիր և բազմազան: Միշտ պահանջ եմ ունեցել հասնելու առավելագույն արդյունքների, նույնիսկ եթե դա առաջին հայացքից անհանար է թվացել… Կյանքիս գլխավոր արդյունքն էլ այն է, որ փորձել եմ օգտակար լինել մարդկանց: Ես երջանիկ եմ, որովհետև շրջապատված եմ հարազատ մարդկանցով, որոնք սիրում են ինձ և որոնց սիրում եմ ես»:

Թոռան` Միքայելի հետ, 1985թ.
Այս թեմայով