24 Ապրիլ 2016, 21:45
3923 |

Բուրունդիից Մարգարիտ Բարանկիցեն` Aurora Prize-ի առաջին դափնեկիր

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային առաջին մրցանակի հաղթողը հայտնի է. Ապրիլի 24-ին Երևանում հանրահայտ դերասան Ջորջ Քլունին մրցանակը հանձնեց Մարգարիտ Բարանկիցեին` Բուրունդիից: Նա ստացավ Մանվել Մաթևոսյանի հեղինակած «Դեպի հավերժություն» արձանիկը, 100,000 ԱՄՆ դոլարի անհատական պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական 3 կազմակերպություն` Լյուքսեմբուրգի նորին արքայական մեծություն Մեծ Դքսուհու, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» և «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամները:

Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30.000 երեխայի և 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչև օրս բժշկական օգնություն է ստացել 80.000 մարդ։

 Բացի հաղթողից առաջադրված էին նաև բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

 «Ավրորա» մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։

 Բացի այդ Լրագրողների միջազգային կենտրոնը (International Center for Jornalism (ICFJ)) «Ավրորա» մրցանակի հետ համատեղ «Սկզբունքային լրագրություն» մրցանակով է պարգևատրել New York Times-ի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակին: Նա մրցանակին արժանացել է աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար:

 «Որպես լրագրող՝ ես չեմ կարծում, որ երբևէ համակողմանիորեն որոշում ես ինքդ քեզ վտանգի ենթարկել. դու ընդամենը քո գործն ես անում,– ասաց Կալիմակին,- իսկ պարգևդ այն է, որ լրագրությունը նման է լապտերի, որն ուղղորդված լույս է սփռում հիմնախնդիրների, հանցագործությունների կամ պետական չարաշահումների վրա»։

 «Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին ու ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:

 Մրցանակաբաշխությունը վարել են Washington Post խմբագիր Դեվիդ Իգնեյշիուսն ու օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

 

Այս թեմայով