23 Ապրիլ 2016, 21:20
2251 |

Aurora Dialogues. Անցյալի դասերը` հանուն ավելի լավ ապագայի

Ապրիլի 22-ից 24-ը Երևանում անցկացվում են հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի մասին քննարկումներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել համաշխարհային մարդասիրական ոլորտի մի շարք բացառիկ գործիչներ: Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով. Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 24-ին, որտեղ Ջորջ Քլունին կհայտարարի մրցանակի հաղթողի անունը: Մրցանակի հավակնորդները չորսն են` Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

Հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին Երևանում հայտարարել է, թե ինքը ծնվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մարդիկ իրենց իրավունքների համար էին պայքարում, ակտիվ էին ու ինքն էլ դաստիարակվել է այդ սկզբունքներով: Դարֆուրի ցեղասպանության մասին հոդվածները կարդալուց հետո որոշել է իր այժմյան հանրահայտ լինելը ի նպաստ ցեղասպանության հետևանքով տուժածների օգտագործել:

 

«Այժմ, ունենալով փառք, ճանաչում, ես փորձում եմ օգնել մարդկանց, և ինձ հետևում են տեսախցիկները, որոնց օգնությամբ խնդիրը կընդլայնվի», - ասաց  նա` հավելելով` ցեղասպանությունները կոտորած համարելը ճիշտ չէ, բայց դրան հասնելու համար երկար ու բարդ ճանապարհ է պետք անցնել: «Երկար և դժվարին պայքար է եղել մինչև իրերը կոչել են իրենց անուններով, ամեն ինչ բարդ է, բայց ժամանակին: Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Չես կարող վերադարձնել մի ամբողջ ցեղի, մարդկանց մշակույթը, դա հենց ցեղասպանություն է: Ասում ենք, որ նորից չպետք է կատարվի, բայց նորից ու նորից կատարվում է: Ես կարծում եմ, որ այն, ինչ մենք այսօր անում ենք` երկու իմաստ ունի. առաջինը հետ նայենք ու չմոռանանք՝ դա Հայաստանի պատմության մի մասն է, նաև աշխարհի պատմության մի մասն է, և մյուսն էլ այն է, որ դեպի առաջ պետք է նայել», - ասաց  դերասանը:

 

Aurora Dialogues քննարկումների մեկնարկից առաջ նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը նշեց,- «Ճիշտ է, Հայոց ցեղասպանությանն առնչվող շատ փաստաթղթեր չկան, սակայն այն, ինչ գտնվել է, մենք փորձել ենք հրապարակել, որպեսզի ճշմարտությունը ցույց տանք։ Մենք ձգտում ենք պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի», -ասաց  նա:

Aurora Dialogues քննարկումների ժամանակ ներկայացվեցին «Ավրորա» մրցանակի կողմից հրապարակված The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները և այն, թե ովքեր են ի վիճակի լուծել դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից և Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4.600 հարցվողը ներկայիս և առաջիկա հինգ տարվա հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշեցին  ահաբեկչությունը, ապա՝ հարկադիր միգրացիան։

 

Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի մշտական ցուցադրության կուրատորը  քննարկումների ժամանակ համեմատություն է անցկացրել 1915-ի Հայոց ցեղասպանության և Իրաքում «Իսլամական պետության» կողմից իրականացված գործողությունների միջև. «Իրաքում իրավիճակը ուսումնասիրելիս տեսնում ենք նմանություններ հայկական ցեղասպանության հետ, քանի որ օգտագործվում են նույն մեթոդները։ Իրաքի կառավարությունը և աշխարհազորայինները պետք է կանխեն փորքամասնությունների ոչնչացումը»։ Լակերտը նշել է նաև, որ նման ճգնաժամերի մասին կարևոր է լայն հասարակությանը տեղյակ պահել։

Սթիվեն Լակերտ (Dr. Stephen Luckert)
Սթիվեն Լակերտ (Dr. Stephen Luckert)

 Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին էլ խոսել է փախստականների ճգնաժամի մասին. «Մարդիկ, որոնք անցնում են ծանր ժամանակներով, տառապում են: Նման իրավիճակում են հայտնվել քաղաքականության պատճառով»:

 

«Այսօր այնպիսի միտում կա, որ փախստականներին օգտագործում են քաղաքական նպատակներով: Սա ամենաբիրտ բանն է, որ որևէ մեկը կարող է թույլ տալ իրեն: Կոչ եմ անում այստեղից՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով: Վտանգավոր հարց է դա: Փախստականներն իրական մարդիկ են, կանայք, երեխաներ, որոնց մասին պետք է հոգ տանել»,- ասել է Ջիլանին: 

David Tolbert
Դեվիդ Թոլբեռթ (David Tolbert)

«Առաջին անգամ չենք առերսվում տեղահանման ճգնաժամի հետ, սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո տեղահանումների նման բարձր մակարդակ չի եղել, ինչպես այսօր է»,- քննարկումների ժամանակ իր հերթին ասել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ Դեյվիդ Թոլբերթը: Ըստ նրա, նման տեղահանումները միտումնավոր քաղաքականության, մարդու իրավունքների սաստիկ խախտումների, որոշ քաղաքականության ձախողումների արդյունք է: Թոլբերթի խոսքով, ակնառու է, որ այս ճգնաժամի հարցում մեծ պատասխանատվություն են կրում միջազգային համայնքի՝ որպես ընդհանուր դերակատար, վարած քաղաքականության ձախողումները:

Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ դոկտոր Շիրին Էբադին էլ խոսել է մասնավորապես Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա, Մերձավոր Արևելքում ստեղծված այսօրվա վիճակի ամբողջ պատասխանատվությունը չպետք է բարդել Արևմուտքի վրա:



Այս թեմայով