14 Ապրիլ 2016, 22:02
2055 |

Նոբելյան օրեր Երևանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ամփոփվեց «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումների շարքի վերջին օրը:

Իրենց գիտական նորամուծություններով երիտասարդության և գիտական հասարակության հետ կիսվեցին Նոբելյան մրցանակի արժանացած Աարոն Չեխանովերը («Ուբիկվիտինի համակարգը ներբջջային պրոտեոլիզի համար. սկսած հիմնական մեխանիզմներից մինչև մարդու հիվանդությունները և դեղերի կուտակումը նպատակային գոտիներում» թեմայով զեկույց) և Ադա Յոնաթը («Հակաբիոտիկների հատուկ տեսակները և մանրէային պահպանումը» թեմայով զեկույց)։

 

Գիտական առումով հիրավի այս պատմական իրադարձությունն իրականացվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ջանքերով։ «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումների շարքի ամփոփիչ մամուլի ասուլիսում նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանն ասաց․ «Մեկ հարկի տակ հյուրընկալել միանգամից 5 նոբելյան մրցանակակիրների աննախադեպ էր․ աննախադեպ այն առումով, որ գիտական հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, հնարավորություն ստացավ անվճար դասախոսություններ լսել գիտության ասպարեզում բարձրագույն մրցանակ ստացած գիտնականների կողմից։ Համոզված եմ, որ այս ամենն իր նպատակին կծառայի, և մեր ուսանողները, համաձայն միջոցառման կարգախոսի, իսկապես կոգեշնչվեն և կստեղծեն»։

Ի հավելում՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց․ «Շարունակական կրթությունը հասարակության զարգացման հիմքն է։ Այս դասախոսություններն ու շփումները նոբելյան մրցանակակիրների հետ հրաշալի հնարավորություն են ընձեռում բոլորիս համար սովորելու և արարելու։ Նմանատիպ հանդիպումները պետք է դարձնել շարունակական։ Ես համոզված եմ, որ մոտ ապագայում մենք կդնենք, ավելին՝ արդեն դրել ենք կրթական մի նոր ստարտափի հիմք»։ Ուբիկվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրադացիայի հայտնագործության համար Նոբելյան մրցանակի արժանացած Աարոն Չեխանովերն իր խոսքում նշեց․ «Հիանալի երկիր է, ես իսկապես տպավորված եմ ուսանողների ոգևորությամբ, նրանց տեղին, մասնագիտական հարցերով, ինչպես նաև նրանց անգլերենի հիանալի իմացությամբ»։ Ռիբոսոմի կառուցվածքի և ֆունկցիայի վերաբերյալ իր կատարած աշխատանքի համար Նոբելյան դափնու արժանացած Ադա Յոնաթը հիացած էր հատկապես երիտասարդության պատրաստվածությամբ։ «Մեծ ոգևորություն տեսա երիտասարդների շրջանում և հույս ունեմ, որ այն արդյունավետ կլինի՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական զարգացմանը, որը, իմ համոզմամբ, խաղաղության բանալին է: Մարդիկ այստեղ ունեն աշխատանք, ընտանիք, նրանք ունեն մեծ ապագայի հնարավորություն: Այնպես որ առաջ նայեք՝ ավելի լավ աշխարհ ունենալու համար։ Իսկ հայկական սնունդը՝ հատկապես միրգն ու բանջարեղենը, ուղղակի հրաշալի էր»։

 

 Քվազի բյուրեղների ասպարեզում նոր ոլորտ բացահայտելու համար Նոբելյան մրցանակի արժանացած Դեն Շեխտմանը երկրորդ անգամ էր այցելում Հայաստան․ «Այցերիս միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանում լուրջ զարգացումներ եմ նկատում բազում ոլորտներում: Ինձ գրավեց մարդկանց՝ դեպի ապագան նայելու փորձը։ Տեսա մարդկանց, ովքեր բարձր են գնահատում կրթությունը: Դա հրաշալի է, քանի որ Հայաստանը մենակ չէ։ Աշխարհը շատ արագ է զարգանում։ Հայաստանը ևս պետք է շատ արագ զարգանա»։ Հելիկոբակտերի դերը բացահայտելու համար Նոբելյան մրցանակի արժանացած Ջոն Ռոբին Ուորենին գրավել էր հայերի ջերմ ընդունելությունն ու ընկերասիրությունը։ «Ուզում եմ առանձնացնել այն փաստը, որ ես այստեղ չտեսա ճարպակալման խնդիր, ինչն այսօրվա աշխարհի գլխավոր խնդիրներից մեկն է: Այդպես էլ շարունակեք»,- ասաց նա։

 

Ճապոնացի Էյ-Իչի Նեգիշին, ով Նոբելյան մրցանակ է ստացել պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաները բացահայտելու համար, համոզված է․ «Եկել է Հայաստանի տեղն աշխարհում առանձնացնելու ժամանակը: Մարդիկ պետք է սկսեն մտածել այդ ուղղությամբ, և այդ դեպքում Ձեր երկիրը մեծ հաջողություն կունենա»։ «Այսօր ստեղծված իրավիճակում Հայաստանում գիտության զարգացումն այլընտրանք չունի։ Միաժամանակ 5 նոբելյան մրցանակակիր մեկ հարկի տակ հյուրընկալելը մեր երկրի և Երևանի պետական բժշկական համալսարանի հեղինակության մասին է խոսում»,- ասուլիսն ամփոփեց «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար, ԵՊԲՀ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը։

Աշխատանքային օրն ամփոփվեց հանրապետության տարբեր ավագ դպրոցների աշակերտների և Նոբելյան մրցանակակիրների հանդիպմամբ, որը կայացավ Դիլիջանի միջազգային դպրոցում։ «Ոգեշնչվիր և ստեղծիր» կարգախոսն իր ազդեցություն ունեցավ նաև ավագ դպրոցների աշակերտների վրա։ 

 

Այս թեմայով