28 Մարտ 2016, 20:44
2996 |

Չպեղված Հայաստան կամ ինչպես զարգացնել հնագիտական զբոսաշրջությունը մեր երկրում

Հնագիտական տուրիզմը հանգստի հետաքրքիր տեսակ է, որը հասանելի է հարուստ պատմական ժառանգություն ունեցող բազմաթիվ երկրներում: Խոսքն այն տուրիզմի մասին է, երբ մարդիկ վճարում են դաշտում հնագիտական աշխատանքներին, պեղումներին մասնակցելու համար: Ցավոք, Հայաստանում ոլորտն ընդհանրապես զարգացած չէ, եթե չասենք` չկա: Հայաստանի հնագիտությունը չօգտագործված ռեսուրս է զբոսաշրջության զարգացման համար։ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշում է, որ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների բացարձակ մեծամասնությունը նաև հնագիտական օբյեկտներ են.

 «Հնագիտությունն ու մեր աշխատանքն այս կամ այն կերպ, կամա թե ակամա կապված են զբոսաշրջության հետ. այն կարող է և պետք է հարթակ ստեղծի զբոսաշրջության համար: Հայաստանյան հուշարձաններն իրենց գիտական նշանակությամբ, էկզոտիկությամբ ոչնով չեն զիջում աշխարհի որևէ անկյունի հուշարձանի, որտեղ հնագիտական տուրիզմը հաջողությամբ կազմակերպվում է: Նախամարդու և մարդկության պատմության ամբողջ ընթացքը մեր փոքրիկ երկրում ներկայացված է հարյուրավոր հուշարձաններով, և դրանք տարբեր բնույթի են` ամրոցներ, գերեզմանոցներ, կոթողներ, մոնումենտալ շինություններ, ժայռապատկերներ, քարանձավներ և այլն: Առաջավոր Ասիայում չկա մինչպատմական, նախապատմական շրջանի հուշարձանի մի տիպ, որը մենք այստեղ չունենանք: Միայն գիր չունենք»,- ասում է մասնագետն ու նշում այն քայլերը, որ պետք է անել մեր երկրի զբոսաշրջային ներուժը ճիշտ օգտագործելու համար:

 Եվ այսպես`

1. Նախ և առաջ, խնդիրը լուծելու համար պետք է, որ պեղումներ իրականացնող գիտական հաստատություններն ու համապատասխան տուրօպերատորները պայմանագրային ինչ-որ եղանակով համակարգեն, կարգավորեն իրենց աշխատանքները, ինչից հետո հնարավոր կլինի կառավարել զբոսաշրջային հոսքերը. «Մենք կարող ենք բավական լուրջ մարդկային հոսք ակնկալել: Եղել են դեպքեր, երբ մեզ դիմում են անհատներ, բայց քանի որ ոլորտը կարգավորված չէ, ստիպված մերժում ենք: Մենք հասկանում ենք, որ հնարավոր է տուրիզմի այս տեսակը կազմակերպել և զարգացնել, բայց հակված ենք մտածելու, որ դա պետք է անեն տուրօպերատորները»:

 

2.    Պետք է մշակվեն կոնկրետ ծրագրեր` կոնկրետ ժամկետներով ու հստակ օրակարգով: Դրանք կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ, միանգամյա կամ պարբերական բնույթ կրել: Այս առումով Հայաստանն ընտրության անսահման հնարավորություն է տալիս: Եվ քանի որ նույն հուշարձանը մի քանի տարի շարունակ պեղվում է, զբոսաշրջիկներն էլ կարող են ցանկության դեպքում ամեն տարի գալ ու շարունակել կիսատ թողած գործը:

 

3.    Ընդունող հուշարձանի “ենթակառուցվածքը” պետք է բավականաչափ զարգացած լինի հնագետ-զբոսաշրջիկներին ընդունելու համար: Պետք է գործնականում մտածել ու նախապատրաստել որոշակի պայմաններ, պատասխանել հարցին, թե որտեղ են մարդիկ մնալու, սնվելու և այլն:

 

4.    Հնագետ-զբոսաշրջիկներին ընդունելու և Հայաստանն ըստ պատշաճի ներկայացնելու համար կարևոր է գիդ-ուղեկցորդների որակը, նրանց կրթական, մասնագիտական պատրաստության աստիճանը: «Այս կապակցությամբ կուզեի նշել, որ  այս հարցի լուծմանը նպաստող որոշակի քայլեր արդեն արվել են: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի կազմում  ստեղծվել է հնագիտության և ազգագրության բաժին, որն այս տարվա  ընդունելության քննություններով կհամալրվի ուսանողներով,  այսինքն այսուհետ կունենանք բակալավրիատն ավարտած մասնագետներ, որոնք կարող են աշխատել ինչպես հուշարձանների պահպանության, այնպես էլ զբոսաշրջության  ոլորտներում: Հուշարձանների պահպանության խնդիրներով զբաղվող հաստատություններում (հատկապես մարզային կառույցներում) աշխատակիցների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի: Դժվար չէ կռահել, որ նման իրավիճակը հուշարձանների պահպանության և օգտագործման գործին չի նպաստում, հատկապես եթե նկատի ունենանք հեռանկարային զարգացման խնդիրները:  Եթե ուզում ենք դրական տեղաշարժ արձանագրել, ուրեմն ոլորտն անհրաժեշտ է լցնել համապատասխան մասնագետներով: Հնագիտական հուշարձանի պահպանությունը պահակությունը չէ, հուշարձանի խնամքի ու անխաթարության ապահովման բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կապված են նաև զբոսաշրջության հետ»,- ասում է Պավել Ավետիսյանը:

 

5.    Հուշարձաններով հարուստ երկրի իմիջ ստեղծելու համար վերջին տեղում չէ նաև հանրության վերաբերմունքը հուշարձանին: Եթե տեղաբնակը չի գնահատում իր երկրի հուշարձանները, դրսից եկած մարդու համար դրանք միանգամից կորցնում են իրենց արժեքը. «Դա խորքային, առանցքային նշանակություն ունեցող հարց է: Այսինքն հանրությանը կրթելու, մշակութային միջավայրը հանրության իրական սեփականությունը դարձնելու, հուշարձանը սոցիալականացնելու  ճանապարհ ունենք անցնելու:

 

Աշխարհի բոլոր անկյուններից մարդիկ կարող են գալ Հայաստան, հնագետների հետ միասին աշխատել դաշտում, սովորել, ինչպես նաև `առավել լայն ուսումնասիրել մեր երկիրը: Այս 5 քայլը կօգնեն Հայաստանում դասական հնագիտական տուրիզմ կազմակերպել: Արդյունքում կշահեն և զբոսաշրջիկները, և երիտասարդ գիտնականներն ու հնագիտության ոլորտն առհասարակ:

 

 

 

 

 

Այս թեմայով