28 Մարտ 2016, 19:44
5125 |

Ի՞նչ պեղենք այսօր. Հայաստան

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը յուրաքանչյուր տարի 15-20 ծրագրով պեղումներ կամ դաշտային հնագիտական հետազոտություններ է իրականացնում: Դրանցից յուրաքանչյուրն անկրկնելի է ոչ միայն Հայաստանի, այլև` ամբողջ առաջավոր Ասիայի մասշտաբներով: Գտածոներն այնքան յուրօրնակ են, որ հետաքրքիր են ոչ միայն գիտնականներին, այլև` հասարակ զբոսաշրջիկներին: Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ զրույցում փորձել ենք պարզել` ինչ կարելի է այս ամռանը պեղել Հայաստանում և որ տեղանքներն առավել հետաքրքիր կլինեն զբոսաշրջիկներին:

Քարաշամբի դամբարանադաշտ. Այստեղ պեղումները սկսվել են 1987  թվականին, և դրանց արդյունքում բացվել է արդեն իսկ 700-800 դամբարան, որոնցում հայտնաբերվել են թանկարժեք մետաղից ու բրոնզից զարդեր, զենքեր, իշխանության խորհրդանիշեր, սպասք, խեցեղեն առարկաներ։ Բացառիկ է նաև այնտեղից պեղված արծաթե դրվագազարդ գավաթը, որի վրա քանդակված պատկերները տեղեկատվություն են տալիս միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին:Այստեղ կատարված պեղումները հնարավորություն են տալիս ոչ միայն պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանում թաղման ծեսի, այլև ընդհանրապես մի ամբողջ քաղաքակրթության ապրելակերպի մասին:

 

 Սոլակ գյուղի մոտ պեղվում է ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող մի ամրոց: Այս ամրոցը դեռևս միակն է իր տեսակի մեջ, քանի որ նախկինում երբեք նման իրավիճակ չի ֆիքսվել. առկա է դասական ուրարտական կառույց, սակայն դեռևս ոչ մի ուրարտական նյութ այնտեղ չկա:

 

Արամուսի պեղումները. Այստեղ ևս պեղվում է ուրարտական ժամանակների ամրոց, որը եղել է մինչուրարտական ժամանակաշրջանում, Ուրարտուի թագավորության ժամանակ և նույնիսկ` դրա կազմալուծումից հետո: Բազմաշերտ, շերտերով հարուստ հնավայր է, որը մի շարք հարցերի է պատասխանում:

 

Նոր Գեղիի պեղումները. Սա կիրճերի հնագիտության դասական օրինակ է: Բազալտի ահռելի` 7-10 մետրանոց հոսքերի մեջտեղում պատահաբար բացվել է ճեղք, որտեղ  մարդու բնակության հետքեր կան: Խոսքը 400-350 հազար տարվա վաղեմության դեպքերի մասին է: Եթե դա կիրճում չլիներ, գտնելն անհնար կլիներ, որովհետև 8 մ բազալտի լավայի տակ է: Բանն այն է, որ եթե սովորաբար պեղումներն ուղղահայաց են իրականացվում, այս պարագայում պեղում են հորիզոնական: Ըստ Պավել Ավետիսյանի, աշխարհում նման դեպքերը եզակի են, երբ կա մեկ բազալտե շերտը, մարդու բնակության հետքերն ու վրայից նորից բազալտի շերտ` «սենդվիչանման»:

 

Բացի այդ ցանկացողները կարող են մասնակցել նաև տեղանքի նախնական ուսումնասիրությանը, երբ տարածք է հետախուզվում: «Զբոսաշրջիկների համար կարող է մի ամբողջ աշխարհ բացվել: Մարդուն սովորեցնում ես` ինչպես ընթերցել լանդշաֆտը, հասկանալ լանդշաֆտի վրա յուրաքանչյու միավոր, ինչ կապ ունի մարդու գործունեության հետ, ինչպես ենք դա նայում, ինչ ենք կարևորում, հաշվառում: Մի փորփրած առու գտնենք, գնանք գտնենք այն լիճը, որտեղից ջուրը առվակով անցել է, իսկ առվի մյուս կողմում էլ կգտնենք բնակատեղի, որին առվակը ջուր է մատակարարել. սա միայն մեկ օրինակ է: Դաշտերում էլ հին մարդը տասնյակ հետքեր է թողել, մասնագետը, լանդշաֆտը գնահատելով, կարողանում է դա տեսնել, գրանցել, նկարել, մաքրել, ֆիքսել այդ ամենը: Այս զբոսանքը ոչ մասնագետի համար մի նոր աշխարհ կբացի, ինչից հետո դաշտում պարզապես զբոսնել նա այլևս երբեք չի կարողանա»,- նշում է Պավել Ավետիսյանը:  

Այս թեմայով