28 Մարտ 2016, 19:22
3866 |

Երևանի հնագույն դիմագիծը

Երևանը 2797,5 տարեկան է: Եվ Էրեբունին ամենևին էլ դրա միակ ապացույցը չէ: Բացի հնավուրց ամրոցից, որն, ինչ խոսք, հիասքանչ է ու տպավորիչ, Երևանում կարելի է տեսնել նաև VI դարում կառուցված տաճար, 3000-ամյա ջրանցնքեր, 4000-ամյա ժայռապատկերներ, և անգամ Էրեբունիից ավելի վաղ հիմնադրված մեկ այլ ամրոց:

1. Քաղաքի հյուսիս-արևելյան արվարձանում՝ Ավանում, թեև առանց գմբեթի ու խորանի, կանգուն է VI դարում կառուցված Կարթողիկե տաճարը: Այն հանդիպում է նաև Սբ Հովհաննաշեն, Սբ Աստվածածին, Ծիրանավոր անուններով։ Նշանավոր ճարտարապետ Թորոս Թորոմանյանը նշել է, որ սա առաջինն է այս տիպի բոլոր հայկական եկեղեցիների մեջ, և դրա օրինակով են կառուցված նույնատիպ բոլոր տաճարները: Տաճարի կառուցման ստույգ թվականի բացակայության պատճառվ հարցի շուրջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ, սակայն հիմնականում բոլոր պատմաբանները տաճարի կառուցումը վերագրել են Հովհան կաթողիկոսի գահակալության տարիներին` VIդ վերջ – VIIդ սկիզբ: Ժամանակը կարծես անզոր է, և խոնարհված Կաթողիկեն կանգուն կմնա, քանի դեռ մարդիկ գալիս են այստեղ, մոմ վառում և իրենց խոսքն ուղղում առ Աստված:

2. Հայաստանի տարածքում ջրանցքներ սկսել են կառուցել մ.թ.ա. IX դարում: Դրանցից խոշորագույնը Մենուայի ջրանցքն է: Այդպիսին է նաև մ.թ.ա. IIX-VII դարերում կառուցված Դալմայի ջրանցքը, որը սկիզբ է առնում Հրազդան գետի աջ ափից ու անցնում ժայռափոր թունելով: Երկարությունը՝ 6,5 կմ: Ըստ ավանդության` Երևանի Հյուսեին Ղուլի խանը ժամանակին կանչում է իր խանության բոլոր հմուտ առու հանողներին և հրամայում նրանց որոնել և գտնել վաղեմի ջրանցքի ակը։ Բազմաթիվ վարպետ-արհեստավորների բոլոր ջանքերը կատարելու խանի հրամանը՝ ապարդյուն են անցնում։ Այնուհետև վարպետներ են կանչվում Մակվից, Թավրիզից, Սպահանից։ Ձորաբաշի տակ գետի եզերքը բռնելով նրանք գնում են ջուրն ի վեր և, վերջապես, հասնում այն տեղը, ուր երևում էին վաղեմի ջրանցքի հետքերը։ Սկսում են օր ու գիշեր աշխատել, մինչև որ կարողանում են խցված ակը բանալ՝ դեոմլե անել, քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել։ Դրանից հետո ջուրն առատ հոսում է դաշտն ի վեր ու ոռոգում գետի մյուս ափին տարածված անծառ, անտունկ անապատը։ Ջրանցքի անունը դնում են Դալմա՝ Դեոլմե, որ նշանակում է պեղած, ծակած: Մ.թ.ա. VII-րդ դարում է կառուցվել նաև ուրարտական Ումեշինի ջրանցքը, որի հետքերը տեղ-տեղ պահպանվել են Էջմիածնի ջրանցքի երկայնքով։ Ի դեպ, ջրանցքի կառուցման մասին պահպանվել է Ռուսա Բ արքայի սեպագիր արձանագրությունը:

3. Նոր Նորքի 2-րդ զանգվածում` Տիգրան Մեծի զբոսայգում, բաց երկնքի տակ ցուցադրված են մ.թ.ա. II հազարամյակի ժայռապատկերներ: Թեև դրանք հենց Երևանում չեն արվել, այլ բերվել են Սիսիանի շրջանի Ուխտասար հնավայրից, հավատացեք` 4-հազարամյա ժայռապատկերները հիասքանչ են և ձեր ուշադրությանն արժանի: Ցավոք, 2000-ականների սկզբին այգու ու Գայի պողոտայի եզրին կրպակաշար տեղադրվեց, որը ժայռապատկերները մեկուսացրեց փողոցի կողմից: Այգում չկա ցուցանակ կամ պահպանվող հուշարձանի կարգավիճակի մասին որևէ հիշեցում, և սովորական անցորդի համար այն կարող է դիտվել որպես սովորական անհրապույր քարակույտ:

4. Երևանի հենց սրտում գտնվում է տեղանքի նկատմամբ իշխող մի բլրախումբ` Ծիծեռնակաբերդի բլուր կոչվող ընդհանուր անվամբ: Պեղումների արդյունքում պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի բլուրը եղել է ամրոց, ունի հզոր պարիսպներ, առնվազն վաղ երկաթի դարի` մ.թ.ա. X դար, իսկ հին պարիսպն ուշ բրոնզեդարի, վաղ երկաթի դարի է` մ.թ.ա. XII-IX դար: Նախնական պարսպից ներքև ժամանակի ընթացքում ընդարձակվել է բնակավայրը, որը, ըստ պեղումներն իրականացնող խմբի ղեկավար, հնագետ Հայկ Հակոբյանի, Երևանի ամենահին բնակավայրերից է, անգամ ավելի հին, քան Կարմիր բլուրն (Ք.Ա. VII դար) ու Էրեբունին (Ք.Ա. VIII դար):

5.Երևանի Կարմիր բլուր հնավայրի տարածքում մ.թ.ա. VII դարում Ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն (685-645թթ.) հիմնադրել է Թեյշեբաինի բերդ-ամրոցը: Այն նվիրված է եղել ուրարտական հզոր աստվածներից երկրորդին` ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբային: Բերդը շրջապատված է եղել 3մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը։ Շինությունները հիմնականում ունեն քարե հիմքեր, որոշ շինություններ ամբողջովին կառուցված են քարից և ծառայել են որպես հարթակ երկրորդ հարկի շքեղ շինությունների՝ տաճարների, պալատական շքասենյակների համար։ Պատերը, որոնց բարձրությունը երբեմն հասնում է 8 մ-ի, շարվել են խոշոր (52x35x14 չափսի) հում աղյուսներով, կապող հատվածներում օգտագործվել են նաև այլ չափերի աղյուսներ։ Թեյշեբաինին հրկիզվել և կործանվել է սկյութների և բնիկ ցեղերի հարձակումից, մոտ մ. թ. ա. 585 թվականին։ Ցավոք, այսօր Թեյշեբաինին, չնայած պետության կողմից հատուկ պահպանվող հնավայրի կարգավիճակին, գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում: Հնագույն բնակատեղիին կից գտնվում է գերեզմանոց, որն արդեն ընդգրկում է նաև հուշարձանի տարածքը, պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, բնակատեղիի տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով, հաճախ հանդիպում են նաև քիմիական թափոններ, որոնց մոտենալը վտանգավոր է մարդու առողջության համար։ Չկա շուրջօրյա հսկողություն։ 

Այս թեմայով