09 Մարտ 2016, 11:54
2868 |

Երևանի «վիրահատված թոքերը»

21-րդ դարի առաջին 15 տարվա ընթացքում Երևանը` հատկապես` Կենտրոնը, անճանաչելիորեն փոխվեց. կառուցվեցին նոր շենքեր, նոր համալիրներ, քանդվեցին հները: Փոխարենը նոր այգիներ այդպես էլ չհիմնվեցին, միայն բարեկարգվեցին ու վերաբացվեցին հները:

 

  • Գաֆէսճեան քանդակների պարտեզն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքը, որտեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը։ Այստեղ կարելի է տեսնել հեղինակավոր արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդուիքի, Ժաումե Պլենզայի և Բարրի Ֆլանագանի ստեղծագործությունները: Հարակից սրճարանների հետ միասին այն դարձել է երևանցիների ու քաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը` առաջ անցնելով անգամ երբեմնի առաջատար «Օպերայից»:

 

  • Պողոսյան պարտեզները կամ Սիրահարների այգին առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում: Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից և կոչվել «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի: Վերաբացումից հետո այն միանգամից սիրվեց և ընդունվեց երևանցիների կողմից: Այգում բազմաթիվ միջոցառումներ, կինոդիտումներ են կազմակերպվում, նշվում  ազգային-ավանդական տոները:

         

  • Նախորդ դարի 40-ական թվականներին հիմնված Երևանի կենդանաբանական այգին 2015-ին վերանորոգվեց, արդիականացվեց ու վերաբացվեց: Կառուցվել են ձիարշավարան, արհեստական ջրվեժներ։ Բարեկարգվել են այգու խաղահրապարակները։ Բազմապատիկ մեծացվել են վագրերի ազատավանդակները:

     

  • Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում 2012-ին բացվեց բարեկարգ և հարմարավետ հանգստյան գոտի: Հանգստյան գոտու 1,7 հա ընդհանուր տարածքով զբոսայգում կատարվել է գոյություն ունեցող մոտ 3000 քմ մակերեսով ջրավազանի հիմնանորոգում՝ յուրաքանչյուր կիսակլորի մեջ գործարկելով նոր ստեղծված մեկ շատրվան։ Բացի այդ, նոր այգում կա երեք բաց և մեկ փակ զրուցարան-տաղավար, երեք խաղային ատրակցիոն, սպորտային առանձին հրապարակ և արտաքին լուսավորման ձևավոր էլեկտրասյուներ, ինչպես նաև ամենակարևորը` WiFi:

  • Չոր ու ցամաք Երևանում 2001-ին բացվեց առաջին ու դեռևս միակ ջրայգին` Ջրաշխարհը: Այն ընդգրկում է 2,5 հա բացօթյա ջրայգի և 0,5 հա փակ ջրայգի («Ակվատեկ» կենտրոն)։  Բացօթյա տարածքում կա 2 մեծ լողավավազան, 1 մանկական լողավազան, 1 VIP լողավազան և 3 սահուղի։ Այստեղ կան ուտելիքի, խմիչքի կրպակներ և 120 հոգու համար նախատեսված ռեստորան։ Ձմռանն ամենամեծ ջրավազանը վերածվում է սահադաշտի՝ 500 մ² տարածքով։

  • 2014 թվականին շահագործման հանձնվեց Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը` քաղաքի կենտրոնական և նախկինում ամենաանմխիթար պուրակներից մեկը: Բարեկարգվել է շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտի, երեսպատվել է բետոնե, բազալտե և տրավերտինե նոր սալիկներով: Զուգահեռաբար տեղադրվել են եզրաքարեր, կառուցվել աստիճաններ։ Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շատրվանային երեք համալիրով:

     

Այս ամենը, իհարկե, շատ լավ է, և սալիկապատ ու հարթ ճեմուղիներով քայլել բոլորս էլ սիրում ենք: Սակայն եկեք չմոռանանք, որ այգիներն առաջին հերթին ենթադրում են առատ բուսականություն ու շատ ու հնարավորինս փարթամ ծառեր, որոնց թիվը Երևանում, չնայած համարակալմանը, գնալով պակասում է:

 

Այս թեմայով