15 Փետրվար 2016, 12:46
1862 |

Տեարնընդառաջի տոնը մեծ հանդիսավորությամբ նշել են Էջմիածնում

Էջմիածնում նշել են Տրնդեզը, որի ընթացքում նորապսակների օրհնություն է կատարվել: Տեր Եղիշե քահանա Բաղրամյանը նորապսակներին հորդորել է ապրել Աստծո եւ միմյանց սիրով, հաստատուն պահել հավատն առ Աստված ու լինել անդավաճան:

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։

Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։
Հայ Եկեղեցին այն մեծ հանդիսավորությամբ տոնել է դեռևս վաղ շրջանում: Այդ մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տեառնընդառաջ տոնին նվիրված շարականը:

Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է:

Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան և առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի` Տաճար գալուն:

 Եկեղեցում արտասովոր լուսավորություն է տիրում: Հավատացյալները մասնակցում են աղոթքին՝ ձեռքներին մեկական մոմ: Այդ լույսը՝ որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ, ժամերգության ավարտին տանում են և լուսավորում իրենց օջախները: Այս ամենը կազմում է լույսի մի յուրօրինակ տոնախմբություն, որը Սիմեոնի՝ Քրիստոսին տված «Լույս» անվանման խորհուրդն ունի:

Տեառնընդառաջը (Տրնդեզը) ամենասիրված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, ովքեր նոր ամուսնացած զավակներ ունեն: Նաև Տրնդեզի օրը տեղի են ունենում նշանադրման և հարսանիքի արարողություններ:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տեռանընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Ուստի Տեառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։

 Տոնի ժողովրդական ավանդույթներից ամենատարծվածը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ ազգային-հոգևոր տոնակատարությունը: Խարույկը վառում են հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը, և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում են  խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում է, սկսում են կրակի վրայով թռչել:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստծվածային սիրո հուրը։ "Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում։

 

 

 

 

Այս թեմայով