07 Հոկտեմբեր 2015, 20:14
2474 |

Երևանյան անձրևի հոտը

Հեռուստահաղորդավարուհի, «Cosmopolitan Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը պատմում է Երևանի անհետացած ձայների, քաղաքի կյանքում իր նախնիների ունեցած ավանդի, Վահրամ Փափազյանից հարյուր տարի անց ծնվելու, ծաղկավաճառ Անահիտի և այլնի մասին:

Ծնվել, մեծացել ու շարունակում եմ ապրել Չարենցի փողոցի վրա: Սեփական տանն ենք ապրում, քաղաքի կենտրոնում ենք, միևնույն ժամա նակ՝ քաղաքից կտրված: Երևի դժվար է պատկերացնել, որ տատիկս՝ Հրաչուհի Ջինանյանը, կարող էր սեղանի շուրջ բռնոցի խաղալ ինձ հետ: Նույնքան հարազատ է Բայրոնի փողոցը, այնտեղ է գտնվում մորական կողմից տատիկիս՝ Իվետա Կորյունովնայի տունը: Հիմա նա չկա, հաճախ խուսափում եմ այդ հատվածով անցնել, արցունքներս զսպել չեմ կարողանում: Բայց երբ այնտեղ եմ լինում, միանգամից հիշում եմ վաղ առավոտյան աղբ հավաքող մարդկանց բահի ձայնը, որ քսվում էր ասֆալտին ու արթնացնում մեզ: Շատ վաղ էին սկսվում նաև կոնսերվատորիայի «ռասպեվկաները»: Իմ քաղաքի ձայները, որոնք հիմա չկան:

Երբ սկսվեց 88-ի շարժումը, շատ փոքր էի, բայց կանգնում էի պատուհանի գոգին ու ճաղերից այն կողմ հետևում մարդկանց: Անգամ ինքս բղավում էի՝ «Ղարաբաղը մերն է»: Բակային կյանք չեմ ունեցել: Մանկությանս ընկերների՝ Սոնայի ու Դավիթի հետ ենք մեծացել, միասին էլ խաղում էինք հենց մեր այգում: Երբ դպրոց գնացի, ու երեխաները ասում էին «գործագործ» կամ «կլաս», «յոթ քար» խաղանք, ինձ համար այնքան խորթ էր հնչում, այդպես էլ էդ խաղերը չխաղացի: Վերջերս Սոնայի ու Դավիթի հետ վերհիշում էինք մեր մանկությունը, պարզվում է խաղերի առումով իրենց մոտ էլ նույնն է եղել դպրոցում:

 

Քույրս Մոսկվայում էր բնակվում: Երբ Երևան էր գալիս, միշտ գնում էինք մեր տան հարևանությամբ գտնվող շատրվանների այգի: Փոքր ժամանակվա մի լուսանկար ունենք: Անցյալ տարի, 20 տարի անց, նո- րից գնացինք այգի ու նույն ձևով լուսանկարվեցինք շատրվանների մոտ: Պապիկս՝ Հայկարամ Ութմազյանը Հայաստանի մամուլի կոմիտեի նախագահն էր: Նրան, ցավոք, չեմ տեսել, նա մահացել է իմ ծնունդից առաջ: Իսահակյան 28 հասցեում գտնվող այս շենքը, որտեղ հիմա գտնվում է «Cosmopolitan Հայաստանի» գրասենյակը, կարելի է ասել, եղել է պապիկիս ղեկավարության տակ: Հիշում եմ, տատիկս ասում էր ինձ, որ ես գրելու եմ: Երբ դարձա «Cosmopolitan Հայաստանի» գլխավոր խմբագիր ու իմացա, որ գրասենյակը այս շենքում է, սկսեցի լաց լինել: Տեսեք, հիմա էլ հուզվում եմ: Փաստորեն վերադարձա այս շենք, որի հարկերով քայլել է պապիկս: Հարևանությամբ գտնվում է Դրամատիկական թատրոնը՝ այս թատրոնի բեմ դուրս եկա առաջին անգամ 1999 թվականին, ու առհասարակ մանկությունս այնտեղ է անցել:

 

Իմ 114 դպրոցը … ցավով պիտի ասեմ, որ հիմա դպրոցս շատ է փոխվել, մեքենաներով լի է բակը, այլևս այն չէ: Շատ եմ նեղվում: Դպրոցին զուգահեռ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց եմ հաճախել, Խանջյան փողոցն էլ, որով հաճախ եմ անցել, հարազատ է ինձ: Բայց 114-ս... այնքան լուսավոր տարիներ էին:

 

Ինձ համար իսկական տոն էր, երբ հայրս դպրոցից ինձ տուն էր տա նում: Ծնողներս շատ ուշ համաձայնվեցին, որ դպրոցից տուն մենակ գնամ: Մի օր, տուն եկա դպրոցից, ինձանից երկու րոպե հետո տուն մտավ մայրս, մի րոպե անց՝ հայրս: Պարզվեց միմյանցից ու ինձնից թա քուն ինձ հետևել են, որ բարեհաջող տուն վերադառնամ:

Կարծես մշտապես նույն տարածքում եմ պտտվում, տնիցս շատ չեմ հեռացել՝ պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Կրկին շատ լուսավոր տարիներ, բայց ի տարբերություն դպրոցիս՝ համալսարանի տարածքը բավականին բարելավվել է:

Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքս կեսգիշերին էր ավարտվում: Երբ դուրս էի գալիս, իմ առջև գիշերային Երևանի մի այնպիսի փառահեղ տեսարան էր բացվում: Տարօրինակ լռություն էր տիրում, խորհրդավոր մի լռություն:

Առաջին անգամ հանդիսավարի կարգավիճակում բեմ դուրս եկա Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի բեմ պարոն Արմեն Ամիրյանի հետ: Ես՝ փոքր երեխա և Արմեն Ամիրյանը, պատկե- րացնո՞ւմ եք. վերջում նա մոտեցավ ինձ ու ասաց՝ «Շնորհավորում եմ՝ կոլեգա»: Ուղիղ 20 տարի անց, վերջերս պարոն Ամիրյանը հյուրընկալվեց ինձ մոտ «Սպիտակ անկյուն» հաղորդման շրջանակներում: Արդեն կարծես հավասար լինեինք՝ այնքան խորհրդանշական էր: Փաստորեն նրա խոսքերը աշխատեցին:

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ՝ մեծացանք իրար հետ ես ու իմ քաղաքը: Շատ բան կա, ինչի հետ համաձայն չեմ, ինչից տխրում եմ: Էլի հուզվում եմ, չգիտեմ ինչու, բայց քաղաքիս մասին խոսելիս հուզվում եմ:

 Միքայել Դովլաթյանը մի ֆիլմ ունի, որ կոչվում է «Քանի դեռ կամ», որ-տեղ Երևանը խոսում է Հրանտ Թոխատյանի ձայնով: Այնքան կուզենամ, որ ֆիլմը շատ-շատ հաճախ ցուցադրվի: Գուցե տրիվիալ բան եմ ասում, բայց քաղաքի հանդեպ սերը սկսվում է այնտեղ, երբ հետևում ենք մեզ ու ձեռքին եղած թուղթը գետնին չենք թափում, անգամ եթե տարածքում աղբաման չկա: Ֆիլմում մի լավ արտահայտություն կա՝ «Տանդ մեջ մոխրամանը շուռ չես տա, չէ՞, եթե ասում ես, որ Երևանը քո մայրաքաղաքն է՝ մորդ դեմքին չես թքի, չէ՞»: Հենց սրան պիտի գանք:

Շատերը բողոքում են Հյուսիսային պողոտայից, միշտ մտածել եմ, որ դա էլ պիտի լինի: Բայց մտածում եմ նաև, երբ մի օր բալիկ ունենամ, նրան ու՞ր եմ տանելու, իմ հին Էրիվանից ի՞նչ եմ ցույց տալու ձագուկիս: Յուրաքանչյուր քաղաք, եթե անգամ շատ նորացված է, ունի այն տեղը, որտեղ իր ոգին է պահում: Խոստումները շատ են, ասում են, որ Երևանում կոնկ-րետ մի տեղում հին քաղաքից հատված պիտի լինի՝ համաձայն եմ, բայց դեռևս նման բան չեմ տեսնում:

Ուրախանում եմ, երբ քաղաքում ասֆալտ են փռում, բայց նյարդայնա նում եմ, երբ դա անում են հարյուրերորդ անգամ կամ այն ժամանակ, երբ Երևանում շատ զբոսաշրջիկներ կան:

Կանաչ տարածք եմ ուզում Երևանումս: Անցյալ տարի Միլանում էի, այնքան յուրահատուկ էր, որ բոլոր պատշգամբներում այնքան ծաղիկ կար, իսկ շենքերի վրա մագլցող ծառեր: Ինչու՞ չենք կարող այդ նույնը մեզ մոտ ունենալ: Հռետորական մի հարց, որ բաց է մնում: Բայց դե ոչ մի այլ քա- ղաքում պուլպուլակից ջուր չես խմի:

Ուրիշ ոչ մի տեղ չկա երևանյան անձրևի հոտը: Գուցե դա փոշու հոտն է, բայց ոչ մի բանի հետ այդ հոտը չեմ փոխի: Ու մեկ էլ, յասամանի ու փշատի հոտը: Ուր էլ լինեմ, քանի օրով էլ մեկնեմ, երբ ինքնաթիռի դողերը դիպչում են Երևանի ասֆալտին՝ ինձ տեր ու տիրակալ եմ զգում: Երևանը մի ամբողջություն է՝ քաղաք, որտեղ ծնվել ու մեծացել եմ, որի մեջ մեծ ներդրում ունեն նախնիներս: Քչերը գիտեն, որ մետաքսի գոր- ծարանի հիմնադիրներից է հորս պապիկը՝ Հարություն Ջինանյանը, պապիկս համալսարանի պրոռեկտորն էր, տատիկս՝ հանրային ռադիոյի հիմնադիրներից, հենց նրա ձայնով է առաջին անգամ Սփյուռքում հնչել «Երևանն է խոսում» արտահայտությունը: Տարիներ շարունակ հենց իր ձայնի ներքո են Հանրապետության հրապարակ մտել մեր տղաները զինվորական շքերթների ժամանակ: Հենց տատիկիս ձայնով է խոսել Երևանը: Մայրիկիս տատիկի քեռին եղել է Երևան քաղաքի նոտարը, մայրիկիս նախնի՝ Տեր-Սահակը եղել է Կոնդի եկեղեցու հիմնադիրներից մեկը: Իմ նախնիները «կառուցել են» Երևանը, ես էլ ապրածս կյանքով, աշխատանքով պիտի վերադարձնեմ քաղաքիս այն, ինչ ստացել եմ: Հաղորդմանս շրջանակներում հյուրերիցս շատերն են նշում՝ «մեր ժամանակ փողոցով քայլում էր Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մինասը»: Ժողովուրդ, ախր այսօր էլ մեր քաղաքով քայլում է Արթուր Ութմազյանը, Հրանտ Թոխատյանը, Լևոն Մալխասյանը, Նարեկ Դուրյանը, Ռուբեն Գևորգյանցը, Արմեն Ամիրյանը, Արմեն Խանդիկյանը, Հրաչյա Հարությունյանն ու Սյուզան Մարգարյանը՝ այնքան անուն կարող եմ տալ, վախենում եմ մեկին չնշեմ: Բա հիմա էլ նրանք են այս քաղաքի կոլորիտը: Մենք մեղք ունե՞նք, որ Փափազյանից մի դար հետո ենք ծնվել: Ռադիոտան մոտ տիկին Անահիտի ծաղիկների կրպակն էր: Այնտեղից ենք գնել կյանքիս ամենակարևոր ծաղիկները՝ առաջին հանդեսիս, առա- ջին դասարանիս, ուսուցչուհիներիս համար: Այնտեղից ծաղիկներ էի գնում մայրիկիս համար, հայրս՝ ինձ համար: Ամեն երեկո տուն գնալուց տիկին Անահիտն ինձ տեսնում ու ծաղիկ էր նվիրում: Շատ ծանր տարա, երբ իմացա, որ տիկին Անահիտն էլ չկա: Կներեք, որ նորից հուզվեցի: Հիմա նրա աղջիկն է շարունակում իր գործը: Տիկին Անահիտն էլ մեր քաղաքի սիմվոլներից մեկն էր ինձ համար: Green card եմ վերադարձրել, արտերկրում ապրելու բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել ու հիմա էլ ունեմ: 

 

 

Այս թեմայով