09 Հուլիս 2015, 11:50
1691 |

Մեկնարկել է «Ավրորա» մրցանակի հավակնորդների առաջադրման փուլը։

«Ավրորա» մրցանակը (Aurora Prize for Awakening Humanity) «100 կյանք» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է: Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվել է ս.թ. մարտին Նյու Յորքում:

Հավակնորդների առաջադրման մեկնարկի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանը եւ Enough Project-ի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգեսթը ամերիկյան The Huffington Post-ում հրապարակել են «Մարտահրավեր հանրությանը. գտնել մարդակությունն անմարդկայինի մեջ» (A Public Challenge: Find Humanity in the Inhumane) համատեղ հոդվածը
«Աննկարագրելի վտանգի պայմաններում խիզախություն ցուցաբերած մարդկանց երախտագիտություն հայտնելու նպատակով այս տարվա մարտին մենք նախաձեռնեցինք «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը: Այս մրցանակը ամեն տարի կտրվի այն անհատներին կամ խմբերին, ովքեր անցել են աննկարագրելի փորձությունների միջով՝ այլոց կյանքը փրկելու համար»,- նշել են հոդվածի հեղինակները: 

Մրցանակի հաղթողը կստանա 100 հազար ԱՄՆ դոլար, եւս 1 մլն ԱՄՆ նա կփոխանցի այն բարեգործական կազմակերպությանը, որը ոգեշնչել է իրեն:

«Սա լիովին համապատասխանում է Ավրորա մրցանակի ստեղծման գաղափարին եւ նպաստում է մարդկանց օգնության ձեռք մեկնելու շրջափուլի մեկնարկին: Այս մրցանակը միտված է հավասարապես եւ՛ անցյալին, եւ՛ ապագային՝ երախտիք հայտնելով անցյալում ինքնազոհաբերության օրինակների հեղինակներին եւ միաժամանակ աջակցելով մարդասիրական քայլերը: Այս մրցանակը ճանապարհ է հարթում՝ օգնելու եւ ֆինանսապես աջակցելու ապագայում խիզախության եւ կարեկցանքի դրսեւորումները»,- ասված է հոդվածում: 

«Ավրորա» մրցանակը առաջին անգամ շնորհվելու է Երեւանում՝ 2016 թվականի ապրիլին: Մրցանակը հանձնելու է ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը ժյուրիի համանախագահն է: 

«100 կյանք» նախաձեռնության կայքում ցանկացած մարդ կարող է «Ավրորա» մրցանակի հավակնորդներ առաջադրել՝ սեղմելով Առաջադրել կոճակը:

Աղբյուրը` mediamax.am

Լուսանկարը` Edelman

 

Այս թեմայով