17 Հունիս 2015, 13:14
5308 |

Առաջինը` ՎԱՆ, վերջինը` ԵՐԵՎԱՆ

Բացահայտելով սեփական երկրի պատմությունը` մենք բացահայտում ենք ինքներս մեզ: Առանց պատմական հիշողության ժողովուրդը չի կարող գոյություն ունենալ: Մեր մայրաքաղաքը ունի հազարամյակների պատմություն, որին պետք է ծանոթ լինեն ոչ միայն երևանցիները, այլև աշխարհի բոլոր հայերը, քանի որ մայրաքաղաքի պատմությունը ամբողջ հայոց պատմության շատ կարևոր մասն է: Մենք սկսում ենք մեր հինավուրց մայրաքաղաքի` Երևանի ծագման, նրա հուշարձանների, փողոցների, եկեղեցիների, արհեստների, փառատոնների, ճարտարապետության, մշակույթի և հայտնի գործիչների մասին հոդվածաշարը:

 

Մի օտարերկրացի ճամփորդ, ով շատ լավ գիտեր Հայաստանի պատմությունը, Հայաստանն անվանում էր «թափառող մայրաքաղաքների երկիր»: Սա շատ խորիմաստ նկարագրություն է: Իր բազմաչարչար պատմության ընթացքում Հայաստանն իսկապես շատ մայրքաղաքներ է փոխել: Դա ոչ թե երջանիկ ու խաղաղ կյանքի արդյունք է, այլ ապացույց, որ հնագույն ժամանակներից մինչև այսօր մեր Երկիրն անցել է պայքարի և հակամարտության երկար ու դժվար ճանապարհ: Այն տեսել է պատերազմներ, արշավանքներ, արյուն, կոտորած, գաղթ: Մեծաչարչար հայ հողի վրա ստեղծվում և քանդվում էին թագավորություններ և իշխանություններ, իսկ նրանց հետ մեկտեղ՝ մայրաքաղաքները: Եթե հաշվի չառնենք ժամանակավոր գահանիստ քաղաքներն ու փոքրիկ ֆեոդալական իշխանությունների մայրաքաղաքները (նրանք բավականին շատ են եղել), Հայաստանն ունեցել է տասներկու մայրաքաղաք:

Լուսնակարը` Սուրեն Մանվելյանի
Լուսնակարը` Սուրեն Մանվելյանի
Առաջինը՝ Վանն էր (Տուշպան), Արարատյան (Ուրարտյան) թագավորության մայրաքաղաքը, որին հաջորդեցին Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը, Դվինը, Բագարանը, Երազգավորսը, Կարսը, Անին և, ի վերջո, Երևանը: Երևան քաղաքի ստեղծումը և անվանումը, ինչպես շատ ուրիշ հին ու նոր քաղաքներրի, կապված է հին լեգենդի հետ: Եթե Հռոմը հիմնադրել են Հռումուլոս ու Հռեմոս եղբայրները, Աթենքի անվանումը կապում են աստվածուհի Աֆինա Պալլադայի հետ, ապա Երևանի անվանումը ավանդաբար կապում են Մեծ Ջրհեղեղի և Նոյան տապանի հետ: Ըստ ավանդության, երբ Նոյան տապանը ջրհեղեղից հետո կանգ առավ Արարատի գագաթին, Նոյը դուրս եկավ տապանից իր երեք որդիների, հարսերի և թոռների հետ և նայեց շուրջ բոլորը: Ջուրը ետ էր քաշվել և նա տեսավ ինչ-որ բան հեռվում: Նոյը ուրախացավ, ձեռքը մեկնեց այդ կողմ և բացականչեց. «Երևաց, երևաց…» Նա նկատի ուներ ցամաքը: Պատմում են, որ հենց այդ բարձրադիր տարածքում հետագայում կառուցեցին քաղաք, որի անունն էլ դրեցին Երևան:
Վան քաղաքը
Վան քաղաքը
Իսկ արդեն պատմությունը կապում է Երևան քաղաքի անվանումը Էրեբունի (Էրևունի) ամրոցի հետ, որը կառուցել էր թագավոր Արգիշտի Ա-ն: Պատմությունը նաև առաջարկում է մեկ այլ տարբերակ, ըստ որի ժամանակակից Երևանի տարածքում փոքր բնակավայրեր էին տեղակայված: Շենգավիթում հայտնաբերվել են հնագույն մշակույթի նմուշներ, կենցաղային իրեր, զարդեր, ծիսական կրակարան և այլն: Իսկ հենց Երևանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են քարե, բրոնզե և երկաթե դարի բնակավայրերի հետքեր և գերեզմանոոցներ: Երվանդ Շահազիզը «Հին Երևան» գրքում ասում է, որ երևանյան փողոցներից մեկի վրա գտնվող շենքի հիմքը փորելիս, հայտնաբերվեցին հին գերեզմանոցի բազմաթիվ հետքեր: Այդպիսի հետքեր հայտնաբերվել էին նաև Օպերայի շենքի կառուցման ժամանակ: Գիտնականները ապացուցել են, որ այդ բնակավայրերը, ինչպես նաև Շենգավիթը, արդեն կային մեզանից վեց հազար տարի առաջ: «Հենց ինքը՝ Երևանը, - գրում է Շահազիզը, - արդեն իսկ հնություն է, և կանգնած է հին մշակույթի վրա»:
Էրեբունու փլատակները: Լուսանկարը` Ogannes/flickr.com
Էրեբունու փլատակները: Լուսանկարը` Ogannes/flickr.com
Հայտնի չէ, ինչքան ժամանակ էին գոյատեվել այդ բնակավայրերը, ինչպես էին անվանվում: Առաջին գրավոր հիշատակումը Երևանի մասին առնչվում է այն սեպագիր արձանագրությանը, որը արել է թագավոր Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 758 թվականին՝ կապված Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման հետ: Դա համարվում է մեր մայրաքաղաքի ծննդյան առաջին վկայականը. բարձր բլուրի վրա կառուցվեց ամրոց, այնտեղ էին գտնվում դղյակները, տաճարները, բարձր և ամուր պատը: Իսկ ներգևում, բլուրի չորս կողմերում քաղաքն էր: Շենքերի պատերը կառուցված էին քարերից, կտուրները՝ հողից, առանձին բակեր ունեին, շատ նման XX դարի սկզբի երևանյան բակերին: Քաղաքից այն կողմ բացվում էին դաշտերը:
 
Արարատյան թագավորության ժամանակ Երևանի տարածքում հայտնվեց ևս մեկ քաղաք-ամրոց՝ Թեյշեբաինին՝ Կարմիր բլուրի վրա: Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվեց դռան բրոնզե օղակաձև փակը, որի վրայի տեքստից պարզվում է, որ քաղաքը կոչվել է ուրարտական եռաստվածության երկրորդ՝ տարերքի աստված Թեյշեբայի (Թեյշեբաինի) անունով։ Կարմիր բլուրում հայտնաբերվել են զանազան առարկաներ. վահաններ, կացիններ, թրեր, հսկայական կճուճներ, ցորենի և գարու մնացորդներ: Ցիտադելի շուրջ կառուցված էր քաղաքը: Մինչ այսօր պահպանվել են շենքերի հիմքեր, փողոցների հատվածներ: Սակայն այս ամրոց-քաղաքն էլ շատ երկար չգոյատևեց, այն այրեցին սկիֆերը իրենց հերթական արշավի ժամանակ: Դրա մասին են վկայում հրդեհից մնացած կարմիր հետքերը պատերի վրա: Երևանի տարածքում ուրիշ հայտնի բնակավայրն էր Ծիծեռնակաբերդը, որտեղ մինչ այսօր չգիտես թե ինչու չեն կատարվում պեղումներ: Այստեղ էլ են հայտնաբերվել հին շինությունների հետքեր Մարզահամերգային համալիրի շինության ժամանակ: Ճանապարհորդ Շարդենը վկայում է. Ծիծեռնակաբերում, 1679 թվականի ավերիչ երկրաշարժից առաջ, բարձր աշտարակ էր կանգնած, որի պատերին գրված էին արձանագրություններ: Միջին դարերում այստեղ ամրոց էր: Սակայն հայտնի չէ, ով էր այն կառուցել և ինչքան ժամանակ էր այն գոյատեվել: Այդ հնամյա երևանյան ամրոցի մասին մնացել է մի լեգենդ, որը հրատարակել է բժիշկ Լևոն Տիգրանյանը («Լումա» ամսագիր, 1906թ.): Համաձայն այդ լեգենդի, բարձր բլրի վրա, Հրազդան գետի ափին կար մի ամրոց Աստղաբերդ անվանումով՝ ի պատիվ հեթանոսական աստվածուհի Աստղիկին: Ամրոցի բարձր աշտարակի վրա իրենց բներն էին հյուսում ծիծեռնակները՝ աստվածուհու սուրհանդակները: Հետագայում նրա անունը մոռացվեց, իսկ ամրոցը վերանվանվեց Ծիծեռնակաբերդ:
Ծիծեռնակաբերդ. լուսանկարը` Shuttertsock/ Emena
Ծիծեռնակաբերդ. լուսանկարը` Shuttertsock/ Emena
 
Այս ամենը վկայում է նրա մասին, որ Երևանի ժամանակակից տարածքը, նույնիսկ մինչև Էրեբունի և ավելի ուշ՝ բնակեցված էր դարեր շարունակ: Զարմանալի է, որ գրեթե մեկ հազարամյակ, սկսած IV դարից մ.թ.ա. մինչև մ.թ. VII դար Երևանի անվանումը ոչ մի տեղ չի նշվում: Սակայն դա չի նշանակում, որ այստեղ մարդ չի բնակվել: Եղել է թե բնակչություն, թե մշակույթ: Ուղղակի պատմության դաժան խաչմերուկներում շատ բաներ կորչեց, անհետացավ, մոռացվեց: Միջին դարերում Երևանը առաջին անգամ պատմության ընթացքում հիշատակվում է կաթողիկոս Աբրահամի հրավիրված Տիեզերական ժողովի ժամանակ: Մասնակիցների ցանկում հիշատակվում է Դավիթ Երեցը՝ Երևանից: Երևան քաղաքի անվանումը մենք գտնում ենք Սեբեոսի պատմության մեջ, երբ նա նկարագրում է մի ճակատամարտ, որը տեղի է ունեցել քաղաքի մոտ արաբների արշավանքների ժամանակ: Միջին դարերից Երևանը դառնում է Արարատյան դաշտավայրի հայտնի քաղաքներից մեկը: Իսկ 1828-ից հետո այն դառնում է Ռուսաստանի կայսրության Հայկական մարզի մայրաքաղաքը, իսկ 1840-1849թթ.՝ Էրևանի նահանգի մայրաքաղաքը: Իսկ արդեն 1918 թվականից, երբ ստեղծվեց առաջին Հայաստանի Հանրապետությունը, Երևանը դարձավ նրա մայրաքաղաքը…
 
Լուսանկարը` Սերժ Ուրիշյանի
Լուսանկարը` Սերժ Ուրիշյանի

Շարունակելի է…

Աղբյուրը՝ «Երևանի խչանկար» գիրք: Հեղինակ՝ Էդուարդ Ավագյան http://www.nashasreda.ru

 

 

Այս թեմայով