04 Հունիս 2015, 14:39
1552 |

«Կրթություն Հայաստան». կրթության իրավունք

«Teach For All»-ը սոցիալական նախաձեռնողների գլոբալ ցանց է, որի ներկայացուցիչներն անտարբեր չեն իրենց երկրում կրթության որակի բարձրացման հետ կապված հիմնախնդիրների հանդեպ: Ցանցը գործում է աշխարհի 36 երկրներում, իսկ բոլորովին վերջերս այդ ցանցին միացավ նաև Հայսատանը։ «Կրթություն Հայաստան»-ը հավաքագրում է հարուստ փորձով, պատրաստված մասնագետների, որպեսզի նրանք դասավանդեն Հայաստանի այն գյուղերում և քաղաքներում, որտեղ կա ուսուցիչների մեծ կարիք։

«Կրթություն Հայաստան»-ի հիմնադիր և ղեկավար Լարիսա Ռայանը 2 տարի մասնակցել է «Teach For America» ծրագրին ԱՄՆ-ում։ Լարիսա Ռայանը համոզված է, որ ուսուցչի մասնագիտությունն այսօր Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, ցավոք, չի վայելում համապատասխան հեղինակություն, և ուսուցիչները չեն ստանում համապատասխան վարձատրություն: «Բոլորս գիտենք, որ ուսուցչի ու բժշկի մասնագիտություններն ամենակարևորն են, - ասում է Լարիսան, - սակայն Հայաստանն այսօր ամենից շատ հենց ուսուցիչների կարիք ունի: Ուսուցիչներն են ամենակարևոր հիմքը, չէ՞ որ նրանք են պատրաստում նաև ապագա ուսուցիչների, բժիշկների, նրանք են կերտում մեր երկրի ապագան»:

Հայաստանում, ինչպես նաև շատ այլ երկրներում, ուսուցչի մասնագիության նկատմամբ պահանջարկը և երիտասարդ մասնագետների կողմից ցուցաբերվող վերաբերմունքը համապատասխան չէ: «Կրթություն Հայաստան»-ը մտադիր է փոխել այդ վերաբերմունքը և ներգրավել տաղանդավոր երիտասարդ մասնագետներին կրթության ոլորտ։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի ողջ տարածքում կատարվել են ուսումնասիրություններ և ընտրվել են դպրոցներ, որտեղ ընթացիկ տարվա սեպտեմբերից կսկսեն աշխատել երիտասարդ և տաղանդավոր ուսուցիչներ՝ լրացնելու կրթական այդ բացը: Սահմանամերձ շատ բնակավայրերում այդ խնդիրն առկա է. ուսուցիչներից շատերը չեն ցանկանում այնտեղ դասավանդել և դպրոցների տնօրենները պարզապես չեն կարողանում ներգրավել նոր ուսուցիչների: «Կրթություն Հայաստան»-ի մասնակից, ռուսաց լեզվի ուսուցիչ Մարիամ Դավթյանի համար կարևոր չէ, թե նա որտեղ կդասավանդի. «Սա շատ ճիշտ գաղափար է. այն անհրաժեշտ է թե ուսուցչին, և թե աշակերտներին: Ես մի քանի տարի աշխատել եմ բարեգործական կազմակերպություններում և եկել եմ այն մտքին, որ երեխաների հիմնական խնդիրները, այդ թվում նաև առաջընթացի հնարավորության բացակայությունը գալիս է հենց դպրոցներից: Սկսեցի հետաքրքրվել նմանատիպ խնդիրներով և հանդիպեցի «Կրթություն Հայաստան» կազմակերպությանը»:

Այն ուսուցիչները, ովքեր ցանկանում են մասնակցել ծրագրին, անցնում են շատ բարդ ընտրության փուլերի միջով: Այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են առաջադրված չափանիշներին, անցնում են նաև նախապատրաստական երկրորդ փուլը` մասնակցելով վերապատրաստման դասընթացին և գործնական պարապմունքներին: Այդ փուլն  անցկացվում է ամռանը Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan International School):

Ուսուցիչների ընտրության փուլում ներգրավված են նաև «Teach For All» կազմակերպության' տարբեր երկրներ ներկայացնող մասնագետներ: Ուսուցիչների ընտրութունը կատարվում է հիմնվելով  թեկնածուների այն որակների և ունակությունների վրա, որոնք անհրաժեշտ կլինեն հետագա դասավանդման ընթացքում: «Կրթություն Հայաստան» Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ուսուցիչ պարտավորվում է 2 տարի շարունակ դասավանդել դպրոցում: Այդ ժամանակահատվածի ընթացքում ուսուցիչները կապահովվեն կացարանով և ապրուստի համար անհրաժեշտ այլ միջոցներով:

«Կրթություն Հայաստան» ծրագրին օժանդակում է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ինչպես նաև տարբեր հիմնադրամներ և կազմակերպություններ, որոնց շարքում են ՀԲԸՄ-ը (AGBU), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ-ն:

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել պաշտոնական կայքը՝ teachforarmenia.org

 

Այս թեմայով