16 Ապրիլ 2015, 19:19
603 |

7 հայեր՝ Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ՌԴ 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որտեղ տեղ են գտել նաև ազգությամբ հայեր: Նրանց թվում առաջինը գործարար, «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր, 47-ամյա Սերգեյ Գալիցկին է (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան), ով հայտնվել է ցուցակի 15-րդ հորիզոնականում։ Նախորդ տարվա համեմատ նա զիջել է դիրքերը 2 հորիզոնականով։  Նրա կարողությունը 8.3 մլրդ դոլար է։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պահպանել է դիրքերը և, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ 49-ամյա գործարարի կարողությունը 4 մլրդ դոլար է։

Այնուհետ հաջորդում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 43-ամյա գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը, ով զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը. ի տարբերություն նախորդ տարվա՝ նա 14 հորիզոնականով նահանջել է։ 1 տարվա ընթացքում նրա կարողությունը նվազել է 1 մլրդ դոլարով՝ կազմելով 1.6 մլրդ դոլար։

Հայազգի ամենահարուստ գործարարների թվում առավել ցայտուն առաջընթաց է գրանցել«Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր, 46-ամյա գործարար Ռուբեն Վարդանյանը, ով 124-րդ տեղից տեղափոխվել է 92-րդ հորիզոնական։ Նրա հարստությունն անցած 1 տարվա ընթացքում ավելացել է 0.1 մլրդ-ով՝ կազմելով 0.95 մլրդ դոլար։

Վարդանյանին հաջորդում են «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, ովքեր անկում են գրանցել։ «Ռեսո Գրուպ»-ի 46-ամյա փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովն անցած տարի ունեցել է 0.2 մլրդ դոլարի կորուստ, ինչի հետևանքով 0.9 մլրդ դոլար ցուցանիշով զբաղեցրել է 105-րդ հորիզոնականը։ Իսկ 106-րդ տեղում գտնվում է նրա եղբայրը՝ «Ռեսո Գարանտիա»-ի տնօրենների խորհրդի 55-ամյա նախագահ Սերգեյ Սարկիսովը, ում կարողությունը ևս 0.9 մլրդ դոլար է։

Հայազգի ևս մի գործարար՝ 44-ամյա Ալբերտ Ավդոլյանը, ով Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, գտնվում է 120-րդ հորիզոնականում՝ 0.75 մլրդ կարողությամբ։ Նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։

Այս թեմայով