Մասիս քաղաքում անցկացվել է Խաչքարի օծման հանդիսավոր արարողություն:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո՝ Մասիսի քաղաքապետարանը և Ադիբեկյան ընտանիքի «Զարգացման համար» բարեգործական հիմնադրամը Մասիս քաղաքում անցկացրել է Խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Միջոցառումը ներառել էր նաև Ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված «Հայոց Ցեղասպանություն 1915. ճանաչում ողջ աշխարհում» լուսանկարների ցուցահանդեսը:
Մասիսի ս. Գեւորգ եկեղեցու բակում գտնվող խաչքարն օծել է Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանը: Միջոցառումներն անցկացվել են «Հիշում ենք: Շնորհակալ ենք: Հավատում ենք ապագային» խորագրով: Խաչքարի օծման արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահը, գործարար Ռուբեն Վարդանյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: