25 Մարտ 2015, 16:00
2160 |

Armenia Wine-ը ներկայացնում է «Տակառ» գինին

Երբ խոսում են մի շիշ լավ գինու մասին, որի հատակին, ինչպես ասում են պոետները, կարելի է ճշմարտությունը գտնել, ապա նախևառաջ հիշում են ֆրանսիական, իտալական եւ իսպանական հիանալի ապրանքանիշերը: Ինչ-որ գիտակ, այն էլ հազվադեպ բացառությամբ, ով կարող է խաղողի երեքից ավելի տեսակ թվարկել, կպատմի նաեւ հայկական գինու գոյության մասին: Եվ բոլորովին պատահաբար կհուշի, թե ինչ է նշանակում «տակառ» բառը: Մթերային խանութների դարակներում մենք ավելի շուտ կուսումնասիրենք արտասահմանում արտադրված գինիների պիտակները՝ դրանք նախընտրելով ազգային արտադրանքից: Հաճախ պարզապես գինն է ստիպում հետ քաշել ձեռքը ցանկալիից եւ ուղղվել դեպի հայկական գինիները:

 Նման ոչ հայրենասիրական վերաբերմունքի համար պարտական ենք խորհրդային ժամանակաշրջանի հրամանագրերին եւ Մոսկվայի որոշումներին, երբ Հայաստանը ստիպված եղավ խաղողի այնպիսի տեսակներ աճեցնել, որոնցից բացառապես թունդ ալկոհոլային խմիչքներ կարելի էր արտադրել, այդպիսով մոռանալով լեռնային երկրի գինեգործության հարուստ մշակույթը: Եվ դա է պատճառը, որ մենք դադարեցինք գնահատել գինին այնպես, ինչպես մեր նախապապերը:

Այսօր Հայաստանի գինեգործներից քչերն են փորձում շուկայի համար լավ արտադրանք տալ եւ խելամիտ գումար վաստակելուն զուգահեռ վերադարձնել հայկական գինու վաստակած 6000-ամյա պատմական համբավը: Այդ քչերից է Armenia Wine գինեգործական ընկերությունը:   
Թե ինչպես Armenia Wine ընկերությանը հաջողվեց հին ավանդույթները վերականգնել և ինչո՞ւ մոտ ապագայում «Տակառ» գինին հնարավոր կլինի դասել Հայաստանում արտադրվող էլիտար գինիների շարքին, ImYerevan-ի հետ զրույցում պատմեց ապրանքանիշի գլխավոր խորհրդատու Ժան-Բատիստ Սոլանը:

Կյանքս Հայաստանում սկսվեց մի հեռախոսազանգից. այդպես լինում է վեպերում կամ ֆիլմերում:  Մի կին զանգահարեց Armenia Wine գինեգործական ընկերությունից, առաջարկեց գլխավոր խորհրդատուի աշխատանքը, առանց երկար-բարակ մտածելու համաձայնեցի:

Այդպես մի ցուրտ առավոտ հայտնվեցի Երեւանում: Ոչ ոքի չէի ճանաչում, ընկերներ չունեի,պատկերացում չունեի անգամ Հայաստանի մասին: Ընկերության սեփականատիրոջ հետ զրուցից հետո հասկացա` ինչու էի ցանկացել գալ այստեղ: Պատճառը Հայաստանի տված կացարանը չէ (հայրենիքում ինձ նույնիսկ սկսել են «հայ» կոչել): Անչափ զգացված եմ հայերի վերաբերմունքից: Մարդիկ այստեղ հպարտանում են իրենց անցյալով ու պատմությամբ: Ներկայով շատ քիչ մարդիկ են հետաքրքրված:

Armenia Wine ընկերության հաջողությունը երկրին հայտնած երախտագիտության յուրահատուկ ժեստ է: Մենք նպատակ ունենք վերադարձնել «հայկական գինի» բրենդի երբեմնի փառքն ու որակը: Արդյունքի հասնելու համար բարձրորակ սարքավորումներ են պետք, որոնք պատասխանատու կլինեն գինու որակի համար: Գործարանը հագեցած է անհրաժեշտ հոսքագծերով եւ սարքավորումներով: Նման դասի տեխնիկա անգամ Ֆրանսիայում դժվար է գտնել: 

Աշխատելով հիանալի պայմաններում` 2012-ի բերքահավաքից հետո հասկացանք, որ պետք է նախկին Armenia Wine-ի արտադրատեսակներից տարբերվող ու յուրահատուկ մի բան ստանանք:
Ամբարներում բավականաչափ բարձրորակ խաղող ունեին`փորձնական գինի պատրաստելու համար: Այդպես մենք ստեղծեցինք «Տակառ» գինին, որը դարձավ բրենդի դեմքն ու անձամբ իմ հպարտության առարկան: Կարծում եմ` այն հայկական գինեգործության լավագույն նմուշներից է: Արտադրության համար օգտագործում ենք բացառապես հայկական խաղողի տեսակներ («արենին»`կարմիր չոր գինու, «կանգունը»` սպիտակ չոր գինու համար): Կաղնու փայտից տակառները բերում ենք Արցախից: 
Նոր գինու որակն ու հայկականությունն ընդգծելու համար հարմար անուն էր պետք: Որոշեցինք «Տակառ» անունն ընտրել, որը լավագույնս է արտահայտում գինեգործության ավանդույթները: Բառի մեջ թե՛ պարզություն, թե՛ ազնվականություն կա:

«Տակառի» պատրաստամ համար օգտագործվող խաղողը հավաքվում է հատուկ ձեւով` անձնելով մի քանի փուլ: Քանի որ այն դասվում է հնեցված գինիների շարքին, շշալցումը կատարվում է խմիչքը 14 ամիս պահելուց հետո: Մինչ վաճառքում հայտնվելը եւս երկու ամիս այն հնեցվում է շշի մեջ: Կարմիր «Տակառը» համերի յուրահատուկ փունջ է: Ամեն կումում կարող եք զգալ կաղնու տակառների, ծխի եւ վանիլի տտիպ համը:
Սպիտակ գինու պարագայում ունենք նույն ծխի բույրը, բայց ավելի թարմ փայտի եւ տանձի  համային հատկանիշներով:
Զարմանում եմ, երբ հայերը ճաշելիս կամ տոնակատարությունների ժամանակ նախընտրում են օղի կամ կոնյակ խմել, երբ այդքան հրաշալի գինիներ ունեն. նորմալ չէ: Ամեն այցիս ճամպրուկներով գինի եմ տանում Ֆրանսիա` նվիրելու հարազատներիս ու ընկերներիս:

Երբ նոր էինք սկսում, մտավախություն կար` հայկական շուկան կընդունի՞ նման արտադրանք, թե՞` ոչ: Այդ պատճառով էլ շեշտը դրեցինք արտահանման վրա:  Սպասելիքներն արդարացան, երբ 2014-ին մեր գինին արծաթե մրցանակ շահեց միջազգային հեղինակավոր Decanter մրցույթում: Նույն տարում համտեսների միջազգային 1001 Degustations կազմակերպության դիպլոմին արժանացանք:  
Այսօր արդեն «Տակառ» գինին հայտնի է նաեւ Հայաստանում: Համոզված եմ, որ խաղողի 300 տեսակ ունեցող երկիրը խորհրդային տարիների կարճ շրջանի հետեւանքով չէր կարող կորցնել գինեգործության դարավոր ավանդույթներն ու սերը ազնվական խմիչքի հանդեպ:

Հազարամյակների ընթացքում իր նուրբ ու անզուգական գինիներով աշխարհին զարմացրած երկիրն այսօր արդեն վերադառնում է նախկին մշակույթին, գինին գնահատողները գնալով շատանում են: «Տակառ» գինին ավանդույթների շարունակման արժանի օրինակ է:

Այս թեմայով