23 Մարտ 2015, 08:58
1856 |

Լիլիկ. մեկ բժիշկ՝ երեք գյուղի համար

Լիլիկն ու նրա ամուսինը՝ Տիգրանը, Երևանից Արցախի Աղավնատուն գյուղ են տեղափոխվել 1995 թվականին: Գյուղում և, ընդհանրապես ամբողջ շրջանում, բժշկական կենտրոն երբեք չի եղել: Շրջանը երեք գյուղ ունի՝ Հառաչ, Խաչգետիկ և Աղավնատուն, որտեղ ընհանուր 150 մարդ է ապրում: Լիլիկն անձամբ է այցելում նորածինների, հղիների, բարձր ճնշմամբ հիվանդների և, առհասարակ, բոլոր այն մարդկանց տները, ովքեր իր օգնության կարիքն ունեն: Երկու տարի առաջ շրջանը ավտոբուս է ձեռք բերել, մինչ այդ Լիլիկը, նույնիսկ անձրևին ու բքին, ստիպված ոտքով էր հասնում հիվանդների մոտ: Աղավնատուն համայնքում կյանքը բավական բարդ է, քաղաքային հարմարավետությունների մասին խոսք գնալ չի կարող:

Շրջանի մոտակայում հիվանդանոց չկա: Լիլիկը հիվանդներին հաճախ իր տանն է ընդունում, որտեղ անհրաժեշտ սարքավորումները բացակայում են: Լուսանկարում Լիլիկը ձեռքերն է լվացնում, իսկ հայելին որսացել է նրա շքեղ դիմանկարը:

 


Այս շրջանի երեք գյուղերին մեկ ավտոբուս է սպասարկում, որն ամեն առավոտ երեխաներին դպրոց է տանում:


Հիվանդի տուն ուղևորվելուց առաջ Լիլիկը պայուսակի մեջ է հավաքում անհրաժեշտ պարագաները:


Սրանք այն միակ դեղերն են, որոնք կարելի է գտնել շրջանում: Դրանք բոլորը Երևանից 20 տարի առաջ Աղավնատուն տեղափոխված Լիլիկի տանն են պահվում: Դեղերը չափազանց քիչ են երեք գյուղին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:


Լիլիկը տնից ամեն օր ժամը 8:30-ին է դուրս գալիս, իսկ ամուսինն ուղեկցում է նրան:


Քանի որ շրջանում ուղևորափոխադրման համար միայն մեկ ավտոբուս կա, Լիլիկը ստիպված է լինում օգտվել նույն տրանսպորտից, ինչ դպրոց գնացող երեխաները:


Հաճախ Լիլիկը երեխաներին դպրոցում է զննում:


Դպրոցում ընդամենը 22 աշակերտ կա: Բայց դա նրանց չի խանգարում արձակուրդներին չարաճճիություն անել և խաղալ Աղավնատան գեղեցիկ բնության գրկում:


Լիլիկը սպասում է ավտոբուսին, որն իրեն կտանի հիվանդների մոտ: Գյուղերի միջև հեռավորությունը բավական մեծ է: Ճանապարհներն էլ նախանձելի վիճակում չեն:


Այս անգամ Լիլիկը հերթական հիվանդի մոտ գնաց ոտքով:


Լիլիկը հետազոտում է փոքրիկ Արմենի թոքերը: Նա երեք տարեկան է:


Երիտասարդ մայր Աղավնին իր երրորդ փոքրիկին է սպասում: Ասում են՝ տղա է ծնվելու: Լիլիկը զննում է նրան՝ վստահ լինելու համար, որ հղիությունը նորմալ և առանց բարդությունների է անցնում:


Լիլիկը պատրաստվում է հիվանդին ներարկում անել: Հիվանդները հաճախ ստիպված են լինում անձամբ գտնել դեղերը, քանի որ Լիլիկի մոտ դրանք սահմանափակ քանակությամբ են:


Լիլիկը հույս ունի, որ մոտ ապագայում Աղավնատան բնակիչների համար հիվանդանոց կկառուցվի: Դա, իսկապես, կնպասի շրջանի առողջապահության բարելավմանը:

Այս թեմայով