17 Մարտ 2015, 14:52
2169 |

Ապագայի Հայաստանը

«Լույս» հիմնադրամի անունն առավելապես կապված է աշխարհի հեղինակավոր համալսարաններում սովորելու համար կրթաթոշակների տրամադրման հետ: Որակյալ ուսումը հայ երիտասարդներին կօգնի զարգացնել Հայաստանն ու գտնել առաջընթացի սեփական բանալիները: Հիմնադրամը, սակայն, այդքանով չի սահմանափակվում: Մարտի 13-ին տրվեց Մենթորության ծրագրի մեկնարկը: Համաշխարհային բուհերում կրթություն ստացած երիտասարդները (մենթորները) հայ երիտասարդների (մենթիների) հետ կստեղծեն ապագայի Հայաստանի ու Արցախի զարգացման իրենց մոդելը:

Կրթաթոշակի ծրագիր
2009-ից սկսած աշխարհի տասնյակ առաջատար համալսարաններում «Լույս» հիմնադրամի տրամադրած կրթաթոշակներով արդեն ուսում է ստացել 250 երիտասարդ, ներկայումս՝ 108-ը:

Պրակտիկայի ծրագիր
Կամավորության սկզբունքով ցանկացած երիտասարդ կարող է միանալ հիմնադրամին և իր ավանդն ունենալ Հայաստանի զարգացման գործում: Կամավորական աշխատանքը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնականում, բարելավել դրանք, ձեռք բերել աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություն:

 «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագիր

Ամեն տարի հուլիսին «Լույսի» կրթաթոշակառուները հավաքվում են Հայաստանում ու քննարկումների միջոցով փորձում սահմանել Հայաստանի և Արցախի տարբեր համայնքների մարտահրավերները: Այնուհետ մշակում և իրականացնում են այդ մարտահրավերները հաղթահարելուն ուղղված կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծեր՝ ձեռք բերած ակադեմիական գիտելիքը կիրառելով գործնականում:

 Մենթորության ծրագիր

Մենթորությունը գործընկերություն է մենթորի («Լույսի» ուսանող) և մենթիի (հայաստանցի երիտասարդ) միջև: Ծրագրի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ստանում իրենց մասնագիտական հետաքրքրությունը փոխանցել, ակադեմիական նպատակներին հասնելու համար ճիշտ ուղիներ մշակել, տեղեկատվություն ստանալ աշխարհի առաջատար համալսարաններում կրթական նորարարությունների վերաբերյալ և այլն:
Մարտի 13-ին մեկնարկած ծրագրին որպես մենթի միացել են 15-ից 25 տարեկան հայ երիտասարդներ:

 Էմմա Սարգսյան, խորհրդատվական ընկերության ղեկավար

«Լույսին» միացա 2011-ին, երբ ընդունվեցի Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Մեկ տարի սովորելուց հետո վերադարձա Հայաստան: Հիմնել եմ սեփական ընկերությունը, զբաղվում եմ մարքեթինգային խորհրդատվությամբ և միջոցառումների կազմակերպմամբ:

 Անի Բաբումյան, նախագծերի ղեկավար

Սովորել եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում, ավարտելուց հետո աշխատել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում որպես դիզայներ, շինարարության մենեջերի օգնական: Մենեջմենթով տարված մեկնեցի Անգլիա՝ ուսումս շարունակելու Լոնդոնի համալսարանական քոլեջում: Վերադարձա, ավելի բարձր պաշտոնով աշխատանքի ընդունվեցի այլ ընկերություններում: 

Վալենտինա Հովհաննիսյան, «Լույս»-ի նախագծերի պատասխանատու
Հայաստանում ավարտել եմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, բիզնեսի կառավարման մասնագետ եմ: Այնուհետև ուսումս շարունակել եմ Լոնդոնում: 2014-ի ապրիլից աշխատանքի անցա «Լույս» հիմնադրամում՝ որպես նախագծերի պատասխանատու: Կրթությունից ու աշխատանքից բացի հիմնադրամը նորը բացահայտելու ու նորարար լուծումներ գտնելու հնարավորություն տվեց: Որակյալ կրթություն ստացած յուրաքանչյուր երիտասարդ կարող է իր ավանդն ունենալ ապագայի Հայաստանի կերտմանը:

 

Այս թեմայով