29 Հունվար 2015, 17:18
1875 |

Նշանավոր վիդեոբլոգերը՝ Հայաստանի մասին

Լոս Անջելեսում ապրող երիտասարդ Պոլ Բարբատոն  Youtube-ում ստեղծել է ալիք, որտեղ ներկայացնում է վիդեոակնարկներ՝ տարբեր երկրների մասին: Ալիքը կոչվում է «Geography Now!»՝ «Աշխարհագրությունը՝ Հիմա»: Պոլը որոշել է պատրաստել ժամանակակից պետությունների մասին վիդեոակնարկներ և ներկայացնել դրանք հումորային մեկնաբանություններով և ինտերետ-մեմերով:

«Geography Now!» իմ ալիքը՝ առաջին փորձն է Youtub-ում ներկայացնել աշխարհի բոլոր երկրները: Ես որոշեցի սկսել այբբենական կարգով: Ահա թե ինչու Հայաստանը հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում վիդեոակնարկների հենց առաջին հատվածում»,-պատմեց  Imyerevan.com կայքին Պոլ Բարբատոն: Չնայած ալիքի թեթև և հումորային ոճին՝ Պոլը բավականին մեծածավալ նախապատրաստական աշխատանքներ է տարել: Հիմնական տեղեկատվությունը նա քաղել է Վիկիպեդիայից, Մարդկային զարգացման ինդեքսի տվայլներից և հայկական կայքերից: «Լոս Անջելեսում կան շատ հայեր, ովքեր անմիջապես արձագանքեցին իմ խնդրանքին և օգնեցին նյութի պատրաստման գործընթացում»,-պատմեց Պոլը:

Պոլի կարծիքով՝ Հայաստանը զարմանալի երկիր է, որը չի կարելի համեմատել որևէ այլ երկրի հետ: «Հայաստանն ինքնատիպ է թե՛ իր հինավուրց գրերով, թե՛ հարուստ պատմությամբ, թե՛ բնակլիմայական պայմաններով: Զարմանալի է, թե ինչպիսի խնամքով և հարգանքով են վերաբերվում հայերն իրենց պատմությանը, մշակույթին՝ անգամ շրջապատված լինելով ագրեսիվ հարևաններով: Շատ տխուր է տեսնել, թե ինչպիսի անտանելի աշխարհագրական պայմաններում են ապրում հայերը: Կարծում եմ՝ տարածաշրջանի խաղաղությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի՝ բանակցության սեղանի շուրջ նստելու ցանկությունից»:

Իր ակնարկում Պոլն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության, Ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի տնտեսական ճգնաժամի թեմաներին: Պոլը հասցրել է շահել համացանցի օգտատերերի համակրանքն ու սերն իր հետաքրքիր վիդեոկնարկներով: Նա գտնում է, որ ժամանակակից մարդը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն ունենա իր տան՝ Երկիր մոլորակի վերաբերյալ: Եվ կարևոր չէ, թե ինչպես նա այն կստանա՝ յութուբի ուրախ ալիքների՞, թե՞ աշխարհագրության դասագրքերի միջոցով:     

 

 

Այս թեմայով