Հայերեն տարբերակ

Կոնդ. Երևանի պատմական թաղամասը

Կոնդ. Երևանի պատմական թաղամասը

Իր նեղ, անհարթ, զառիթափ և ճառագայթաձև փողոցներով Կոնդը Երևանի կենտրոնի ամենահին թաղամասերից է։

Կոնդը Երևանի պատմական թաղամաս է քաղաքի արևելյան բարձունքում, Կենտրոն վարչական շրջանում։ Անունն ստացել է բարձր դիրքի պատճառով. «կոնդ» նշանակում է երկարավուն կամ կլորավուն բլուր։

Պարսկական տիրապետության շրջանում թաղամասը կոչվել է «Թափաբաշ»՝ «կոնդ» բառի թարգմանությամբ։ Պարսկական ժամանակներից Կոնդում պահպանվել է XVII դարի վերջի մզկիթ, որը կից դպրոցի հետ դադարել է գործել 1828 թվականին։ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից հետո, կիսավեր մզկիթում ապաստան են գտել գաղթական ընտանիքներ։

Կոնդում է գտնվում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն իր ծխական դպրոցով բոլոր ժամանակներում եղել է թաղամասի գլխավոր կենտրոնը։

Կոնդն ինքնին պատմամշակութային արժեք է։ Թաղամասի առջևի մասում ազնվականների երկհարկանի տներն էին։ Այստեղով էին անցնում նաև երկու պատմական ջրանցքներ՝ Մամռին և Աբուհայաթին։ Թաղամասը հայտնի էր իր այգիներով, հատկապես խաղողով։ Բակերն ու փողոցները պատող որթերը մինչ օրս հիշեցնում են հին Կոնդը։

Կոնդի տարածքը մոտ 16 հեկտար է։ Չնայած բարձր դիրքին՝ XVIII դարում թաղամասն ուներ թե՛ ոռոգման, թե՛ խմելու ջուր։ Սառը աղբյուրները պահպանվել են մինչ օրս։

Կոնդը երևանցիներին և զբոսաշրջիկներին գրավում է հին քաղաքային միջավայրի անբացատրելի հմայքով. յուրաքանչյուր տուն խորհրդանշում է անցյալի և ներկայի պայքարը։

Կոնդն անպայման դուր կգա նրանց, ովքեր ուզում են ժամանակակից մայրաքաղաքում զգալ փոքր, բայց հին «քաղաքի» շունչը։ Ճանապարհները ձեզ կտանեն լաբիրինթոսի նման նեղ փողոցներով, որտեղ տները շարված են անհարթ աղյուսից, հնաոճ, գունավոր փայտե դռներով։ Այստեղ հիմնականում միահարկ, հաճախ իրար միացած հողաշեն տներ են՝ ընդհանուր բակերով, որոնք լանջով իջնում են աստիճանաձև։ Պատրաստվեք տեսնելու յուրահատուկ հին քաղաք, որը չի նմանվի ձեր տեսած ոչ մի քաղաքի։

Կոնդ. Երևանի պատմական թաղամասը · 1Կոնդ. Երևանի պատմական թաղամասը · 2Կոնդ. Երևանի պատմական թաղամասը · 3Կոնդ. Երևանի պատմական թաղամասը · 4