Ամսագիր Մայիս 2013 Ոչ կինոգենիկ

26 Ապրիլ 2013, 14:55
246 |

Ոչ կինոգենիկ

«Ժաննան և ձայները» ֆիլմի և «Բոժոն» մուլտֆիլմի ռեժիսոր, The Deenjes վիրտուալ երաժշտական նախագծի համահիմնադիր Միքայել Վաթինյանը նաև դերասան է, զգեստների նկարիչ, ձայնասկավառակների ձևավորող: Բայց, նախ և առաջ, Միկան հետաքրքիր զրուցակից է, ով իր լռությամբ ավելի իմաստուն է, քան շատերը` խոսքերով: Սիգարետի ծուխն ու երաժշտությունը ոգեշնչում են նրան գտնել իր Երևանն ու կրկին սիրահարվել նրան:

Ծնվել եմ Պլանի գլխի ծննդատան 4-րդ հարկում՝ առավոտյան ժամը վեցին: Դժվար եմ ծնվել, որովհետև մամաս շատ նիհարիկ էր, իսկ ես երեք կիլոգրամից ավելի էի կշռում:

Մինչև 19 տարեկան ապրել եմ Հալաբյան փողոցում՝ մարզահամերգային համալիրի դիմացի շենքերից մեկում: Ակադեմիկների շենքն էր՝ յոթ քար խաղալուց մտավորական մթնոլորտ էր տիրում:

Մանկապարտեզը մեր տան կողքն էր: Այնտեղ երբեք չէի քնում, զոռով քնեցնում էին: Հետագայում հասա նպատակիս. կարծես թագավոր լինեի՝ բացի ինձնից բոլորը քնած էին: Հետո մեր մանկապարտեզում նոր աղջիկ հայտնվեց… ու վերջ, որովհետև մանկապարտեզ էր:

122 դպրոցն եմ ավարտել՝ էլի մեր տան հարևանությամբ էր: Առանձնապես չարաճճի չեմ եղել, բայց դասերից փախնում ու Թումանյանի այգի էինք գնում, իջնում էինք ձոր, բարձրանում էինք «Եղեռն» (էդպես էինք անվանում ցեղասպանության հուշահամալիրի տարածքը): Հիշում եմ, երբ համալիրը հրդեհվեց, փախանք դասերից ու վազեցինք նայելու՝ մե՜ծ իրադարձություն էր:

Հայրս օպերատոր է, մայրս՝ մոնտաժող, ես էլ ընդունվեցի թատերական ինստիտուտ՝ ռեժիսուրայի բաժին: Այնպես որ գիտակցությանս մեջ կինոաշխարհն էր՝ ողջ մանկությունս դա եմ տեսել:

Աբովյան-Պուշկին փողոցի խաչմերուկում Ռուբեն Թումանյանի թատրոնն էր, որպես դերասան այնտեղ էի աշխատում: Բուլգակովի «Շան սիրտն» էինք բեմադրել: Իսկ Փոսի թատրոնում Սերգեյ Դանիելյանի հետ «Իո» ներկայա-ցումը բեմադրեցինք:

Երևանի շենքերից մեկի համար 105 բնակարանում ծնվեց The Deenjes-ը: «Ժաննան և ձայները» ֆիլմի վրա աշխատում էի օպերատոր Թամամ Համզայի հետ… Էս պատմությունը հազար անգամ պատմել եմ, լավ, խոզություն չանեմ ու մի անգամ էլ պատմեմ: Մոնտաժային աշխատանքները շատ երկարեցին, մենք էլ մի օր որոշեցինք երգ ձայնագրել: Հումորով ասում էինք դնջերդնջեր, արդյունքում խմբի անունը այդպես էլ մնաց: Իսկ տեսահոլովակները բնակարանիս զուգարանում են նկարահանվել:

Երևանում ամենասիրելի վայրը կինոթատրոնների դահլիճներն էին՝ «Հրազդանը», «Պիոները», «Նաիրիի» տակի «Բուրատինոն», կինո «Երևանը»: Շատ էի սիրում փոքրիկ կինոթատրոնների փայտից աթոռները: Համ էլ կինոթատրոններում կարելի էր թաքուն ծխել, իսկ երբ ֆիլմի ժապավենը պատռվում էր, պրոյեկտորների լույսի մեջ թղթիկներ էինք նետում, սուլում էինք: Երևի մի 15 անգամ դիտել եմ «Զիմնյայա վիշնյա» ֆիլմը՝ գլխավոր հերոսուհուն էի հավանել:

Շարժման տարիներին քաղաքը շատ գեղեցիկ էր՝ շեփորի ձայնը, մարդկանց երգելը, հանրահավաքները: Այդ տարի-ներին քաղաքը մերն էր: Երևի կյանքիս ամենառոմանտիկ ժամանակն էր: Ինձ համար գեղեցիկ էին նույնիսկ մութ ու ցուրտ անլույս տարիները: Կախվում էինք տրոլեյբուսների հետևից… ինչ-որ ազատություն կար օդում:

Երևանը մի մեծ տոնավաճառի է նման՝ անդադար առևտուր անող մարդիկ ու միմյանց հետ կապ չունեցող օբյեկտների շարան: Օրինակ՝ կինո «Ռոսիայի» տոնավաճառը ոնց որ փոքրիկ Երևանը լինի:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով