Հավաքածուի ակունքները
 Իմ հետաքրքրությունը ժողգործիքների հանդեպ սկսվել է դեռևս 1980-ականներին: Այդ ժամանակ ես «Կռունկ» պարային համույթի կոնցերտմեյստերն էի և հաճախ էի հանդիպում լավագույն վարպետների հետ, ովքեր աչքիս առաջ վերականգնում էին զանազան հայկական գործիքներ: Ես սկսեցի աշխատել նրանց հետ. շատ հետաքրքիր էր իմանալ վերականգնման արվեստի բոլոր նրբությունները: Եվ աստիճանաբար սկսեցի ինձ համար բացահայտել մեր ժողովրդական նվագարանների ողջ հարստությունը, ձայնի գեղեցկությունն ու հսկայական բազմազանությունը: Ես շրջել եմ ողջ Հայաստանով, և յուրաքանչյուր ուղևորություն ինձ համար ժողովրդի ինչպես երաժշտության, այնպես էլ հոգեբանության և հոգու նորանոր սահմաններ էր բացահայտում: Չզգալով և չիմանալով այդ ամենը՝ անհնար է ժողովրդական երաժշտություն կատարել: Հենց այդ ժամանակ էլ մտքումս ծագեց հնագույն գործիքների եզակի նմուշները հավաքելու գաղափարը: Շատերը վատ վիճակում էին և վերականգնման կարիք ունեին: 
 Հիմնականում մեզ հասել են VII-XX դարերի հայկական երաժշտական գործիքներ: Մինչդեռ շատ գործիքներ, որոնք ներկայացված են հին հայկական ձեռագրերում կամ մանրանկարներում, անդառնալիորեն կորսված են` ֆիզիկապես գոյություն չունեն: Ցավոք, շուտով կարող ենք կորցնել նաև ժողգործիքների այլ տեսակներ, որոնք այսօր կան, բայց շատ քիչ են կիրառվում: Դրանք այլևս չեն հետաքրքրում ժամանակակից սերնդին, և երաժշտական դպրոցներում չկան այդ գործիքները նվագելու դասըն-թացներ: Մինչդեռ երաժշտությունն ու ժողովրդական նվագարանները մշակույթի հիմքում են ընկած:
Ջութ
 Ջութը (տարբեր ժամանակներում այն անվանել են նաև քեմալի, քեմալչա) հնագույն հայկական լարային գործիք է, որը թե՛ հայկական լարային գործիքների, թե՛ եվրոպական ջութակի ու թավջութակի նախնին է: Ես իսկական ջութ եմ պատրաստել, որը ճիշտ և ճիշտ կրկնում է հնագույն գործիքի հնչերանգն ու չափսերը: Բայց հետո առաջ եկավ այն մի փոքր փոխելու միտքը: Աչքովս ընկավ չելլո պիկկոլո («փոքրիկ թավջութակ») հնգալար գործիքը, որը պատրաստվել է Յոհան Սեբաստիան Բախի պատվերով: Այն ինձ հետաքրքիր թվաց, և ես որոշեցի նման մի բան ստեղծել: Նոր գործիքը՝ մանջութը, նույն չափի էր, ինչ չելլո պիկկոլոն, բայց այլ տեսք ուներ: Այն նման է թավջութակի, բայց ավելի փոքր է, իսկ թավջութակին հատուկ սուր անկյունները հարթեցված են: Մանջութն ունի չորս լար: Ես այն ստեղծել եմ իմ լավագույն վարպետներից մեկի՝ Հրանտ Շտիկյանի հետ, որին հաջողվել է անսովոր ու հագեցած հնչողություն ստանալ: Միգուցե դա հաջողվել է այն բանի շնորհիվ, որ նա գործիքի կոթում օգտագործել է փայտի մի կտոր, որը հեռավոր Արևմտյան Հայաստանից բերել է նրա տատիկը… Իսկ ընդհանրապես մանջութը պատրաստված է զանազան ծառատեսակներից՝ եղևնուց, տանձենուց և ընկուզենուց: 
 1989 թվականին ես առաջին անգամ ներկայացրեցի մանջութը Կանադայում կայացած համերգի ժամանակ: Հիմա միայն դա եմ նվագում, ներկայացնում եմ հայկական ժողովրդական ու հոգևոր երաժշտությունը տարբեր երկրներում: Այդ թվում Թուրքիայում՝ Իգդիրում ու Վանում, ինչպես նաև ելույթ եմ ունեցել Աղթամար կղզում՝ Սուրբ Խաչ եկեղեցու խաչի օծման արարողության ժամանակ: Շուտով լույս կտեսնի իմ առաջին անհատական ձայնասկավառակը՝ հոգևոր և միջնադարյան երաժշտու-թյան կատարումներով:
Թավջութ
 Հաջորդ փորձը թավջութն էր, որն արդեն հինգ լար ունի, և ևս մի գործիք: 2012 թվականին Կորեայում ֆոլկլորային երաժշտության միջազգային փառատոնի ժամանակ, որտեղ մենք ներկայացնում էինք Հայաստանի երաժշտությունը, գործիքներն ու պարերը, իմ ելույթը լսեցին Kalan Musik թուրքական երաժշտական ընկերության ներկայացուցիչները: Նրանց շատ դուր եկավ մանջութի հնչերանգը, և ինձ առաջարկեցին այլ երաժիշտ-ների հետ համատեղ ձայնասկավառակ թողարկել: Այն հետաքրքիր է նրանով, որ մենք կարծես թե զուգահեռ ենք անցկացրել Բախի և Իտրիի՝ Բախի ժամանակակից կոմպոզիտորի միջև, որն ապրել է Արևմտյան Հայաստանում: Հետաքրքիր էր կոնտրաստի զգացողությունը և միևնույն ժամանակ երկու այդքան տարբեր կոմպոզիտորների երաժշտության ինչ-որ նմանությունը: Kalan Musik-ի ղեկավարն ինձ ցույց տվեց ջութի հնագույն պատկերը քարի վրա, որը հայտնաբերել են Նոր Ջուղայում: Եվ ես այն ճշգրտությամբ վերստեղծեցի: Ես այն նվիրեցի Kalan musik ընկերությանը՝ որպես հնագույն հայկական երաժշտական գործիքի նմուշ: