Փոստոյանների գերդաստանը
 Աբովյան փողոցով իջնելիս, հավանաբար, շատերն են նկատել Պուշկին չհասած շենքի մուտքը՝ ձևավորված հնաոճ գորգերով և «Antique carpets» գրությամբ: Խա-նութը գտնվում է երկրորդ հարկում, որտեղ հայկական գորգեր ու կարպետներ են վաճառում Վրեժ և Արմեն Փոստոյանները: «Մենք գլխավորապես հայկական գորգեր ենք գնում և վաճառում, ամենաքիչը 40-50 տա-րեկան», — նշում է որդին՝ Արմեն Փոստոյանը: Նրա խոսքով՝ գորգերը Հայաստանի ամենատարբեր վայ-րերից են՝ Տավուշից, Սյունիքից, Արցախից: «Շատերը Արևմտյան Հայաստանից են բերվել. Երևան տեղա-փոխված գաղթականների ունեցվածքն են եղել: Մար-դիկ շատ հաճախ են բերում-վաճառում մեզ իրենց գորգերը, բայց մենք ինքներս էլ ենք շրջում գյուղերով և լավ աշխատանքներ փնտրում», — ասում է նա: Փոստոյանների գերդաստանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է. «Գորգերի առևտրով զբաղվել են դեռևս մեր պապերը, այն ժառանգաբար է մեզ փոխանցվել: Երևանում գորգեր ենք վաճառում արդեն 15 տարի, և այս մեկից բացի ունենք ևս 3 խանութ, մեկը՝ մի քիչ ներքև՝ Աբովյան-Արամի խաչմերուկում, մյուսը՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկում ու ևս մեկը` Թումանյան փողոցում»:
 Թումանյան փողոցի խանութում հին գորգերի վաճառքով զբաղվում են Սիմոն և Սուրեն Փոստոյանները: Սիմոնը նշում է, որ այսպես կոչված անտիկ կար-պետներն ու գորգերն առնվազն 90 տարեկան պետք է լինեն: «Այդպիսի գորգերը սովորաբար ունեն նաև հիշատակարան՝ գրառում, որից իմանում ենք գորգը գործելու տարեթիվը և պատվիրատուի անունը, — ասում է նա: — Ժամանակ առ ժամանակ հյուրընկա-լում ենք արվեստաբանների, գորգագետների, ովքեր մեզնից են խորհուրդ հարցնում կամ մենք ենք իրեն-ցից հարցնում: Հայկական գորգը շատ նուրբ ու բարդ աշխատանք է, իսկ դրա բազմազանությունը չափ ու սահման չունի»: 
 Դրա հետ մեկտեղ փորձառու գորգավաճառ Սիմոն Փոստոյանը փաստում է, որ շատ հաճախ խանութ են մտնում պարզապես հետաքրքրությունից դրդված և բնավ ոչ որևէ բան գնելու նպատակով. «Հենա` էսօր մի հատ տուրիստ մտավ, ամբողջը քանդռտեց գնաց: Այդպես էլ է պատահում»:
«Աղաքսակ»
 Աբովյան-Պուշկին խաչմերուկում 1998-ից գործում է «Աղաքսակ» հուշանվերների խանութը: Այնտեղ 2002-ից աշխատող Գևորգը պատմում է, որ սկզբում խանութը շատ փոքր էր, ընդամենը մեկ սրահ ուներ: «Ընթացքում կարողացանք ընդլայնել տարածքը, իսկ դրա հետ մեկտեղ՝ վաճառվող իրերի տեսականին, որում գորգերն ու կարպետներն առանձնահատուկ տեղ ունեն», — նշում է Գևորգը: Աբովյան փողոցը մարդաշատ է, և պարբերաբար գալիս են մարդիկ, ովքեր առաջարկում են գնել իրենց գորգը. «Այնպես որ՝ կարիք չի լինում գնալ և փնտրել. շատ են բերում: Ընդ որում, մարդիկ հաճախ գերագնահատում են իրենց գորգի հնությունը: Օրինակ՝ մեկը բերում ասում է. «Էս շատ հին գորգ ա: Տատիիս տատիի տատիի գորգն ա»: Մենք էլ փորձված աչքով նայում, բացատրում ենք, որ ամենաշատը 50-60 տարեկան կլինի: Չի հավատում, գնում շրջում է մյուս խանութներով, հետո նոր համոզվում, որ մենք ճիշտ էինք: Հաճախ էլ այնպես է պատահում, որ իսկապես շատ հին ու արժեքավոր գորգ են բերում, բայց մենք փորձում ենք համոզել, որ չվաճառեն: Չէ՞ որ դա իրենց ընտանիքի գանձն է, որ սերնդեսերունդ պետք է փոխանցել», — ասում է Գևորգը: 
 Հինավուրց գորգերը ոչ միայն կարևոր ընտանեկան ունեց-վածք են, այլև շատ առողջարար են, քանի որ պատրաստ-ված են բնական հումքից և բնական ներկերով գունավոր-ված: «Ավելի լավ է երեխան նման գորգի վրա նստի, չոչ անի, քան սինթետիկ գորգերի», — վստահեցնում է Գևոր-գը ու պատմում, որ ժամանակին հովիվները, երբ սարեր են գնացել հոտն արածացնելու, իրենց հետ տարել են այս-պես կոչված «քեչա»՝ ճնշման տակ դրած ու գունավորած բրդից պատրաստված գորգ: Բուրդը ճնշելու արդյունքում այնքան խիտ է դարձել, որ անգամ ջուր չէր քաշում և սարերում ապրող մարդկանց համար շատ պետքական բան էր, էլ չենք խոսում ցրտից պաշտպանելու մասին: Այս պատմական էքսկուրսի հետ զուգահեռ Գևորգը ցույց է տալիս նաև գորգագործության ու կարպետագործության զանազան տեխնիկաներով պատրաստված խուրջիններ, օժիտի պայուսակներ ու աղաքսակներ: