30 Նոյեմբեր 2014, 21:09
4850 |

Երևանի նոր աղբամանները

Երևանի Փոքր կենտրոնում հավանաբար արդեն նկատած կլինեք նոր աղբամանները: Սպասվում են նաև նոր աղբահավաք մեքենաներ, իսկ այդ ամենը Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով դեռևս 2012-ին քաղաքապետարանի նախաձեռնած քայլերի արդյունքն է:

Մայրաքաղաքը պայմանականորեն բաժանվել է երկու հատվածի՝ Արևմտյան (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) և Արևելյան (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ): Արևմտյան հատվածում աղբահանության բարելավման գործընթացը հայտարարված մրցույթի արդյունքում հանձն է առել լիբանանյան Sanitek s.a.r.l ընկերությունը, իսկ Արևելյան հատվածում՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը:

Համաձայն պայմանագրի՝ կազմակերպությունները Երևանում աղբահանության գործընթացը կհամակարգեն առաջիկա 10 տարիներն: Նրանք պարտավորվել են ամբողջությամբ եվրոպական նոր համապատասխան տեխնիկայով փոխարինել աղբահանության և սանմաքրման մեքենասարքավորումներն ու միջազգային չափանիշներին համապատասխանող նոր աղբամաններ տեղադրել։  Ավելին՝ ծառայություններ մատուցել նոր չափորոշիչների և վերահսկման տեխնիկական նոր մեխանիզմների ներդրմամբ ու կիրառմամբ՝ աղբատարների GPS համակարգով համալրվածություն, հստակ քարտեզներով աշխատանքի կազմակերպում և այլն:

Առայժմ գործընթացը կմեկնարկի միայն Կենտրոն վարչական շրջանում, որի անցումային փուլն ավարտելուց և ծառայությունները կարգավորելուց հետո հերթականությամբ կտարածվի մյուս վարչական շրջաններում: Իսկ ամենակարևորը՝ չնայած 10 մլն եվրոյի ներդրմանն ու մատուցվող ծառայությունների որակի ակնկալվող բարելավմանը՝ բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը 2015-ին չի փոխվելու:

Այս թեմայով