Հոկտեմբերի 20-ին լրացավ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտոպատահարի մեկ տարին: Այս ընթացքում իրար հաջորդող դատավարությունները չեն կարողանում բացահայտել իրողությունն ու Վարդան Պետրոսյանի մեղքը կատարվածում:
Հարցը հասարակական հնչեղություն է ստացել, տարբեր մշակութային, հասարակական գործիչներ պահանջում են նրան ազատ արձակել, դադարեցնել նրա նկատմամբ հարուցած քրեական պատասխանատվությունը: Դերասանին աջակցող քաղաքացիները Հայաստանում և Ֆրանսիայում վերջերս նույնպես հանդես են եկել արդար դատավարության պահանջով: «Ազատություն Վարդան Պետրոսյանին» ակցիային միանալը հեշտ է: Սպիտակ թղթի վրա պետք է գրել #freeVardanPetrosyan գրությունն ու նույն հեշթեգով վերբեռնել համացանց:
Հիշեցնենք, որ դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: