01 Սեպտեմբեր 2014, 15:49
4581 |

Պաղպաղակ՝ բարեգործության համով

Ամռան ավարտը Երևանի կենդանաբանական այգում հայտարարված էր պաղպաղակի օր: Այդ օրը «չի կարելի» չկար: Սառցախցիկների մոտ կանգնած ժպտադեմ աղջիկները մեկ օրով պաղպաղակ վաճառող էին դարձել՝ հատը՝ 50 դրամ: Որքան շատ պաղպաղակ վաճառվեր, այնքան հօգուտ այգու բնակիչների՝ կենդանիների և թռչունների:

Պաղպաղակի խորհրդանշական արժեքն ազդակ էր մեր քաղաքացիների համար՝ մեկ-մեկ էլ բարեգործությամբ զբաղվել է պետք: Մենք համառորեն չենք որդեգրում այդ մշակույթը ու մասնակցում բարեգործություններին: Կենդանաբանական այգու տնօրինությունն որքան էլ ջանում է հասարակության գութն ու գիտակցությունը շարժել, միևնույն է, արդյունքը գոհացնող չէ: Այս տարի 5 տոկոսով նվազել է անհատ խնամակալների թիվը: Անգամ ներդրվել է «Պլատինե» խնամակալության համակարգ, երբ 100 000 դրամ հատկացնելով նախընտրած կենդանու խնամքին, հնարավոր է կացարանում 24 ժամ նրան օնլայն հետևել: Նման բարերարներ կան, բայց քիչ են: Օրինակ՝ Վաղարշ Վաղարշյանի անվան դպրոցի աշակերտները 1 տարով ստանձնել են աֆրիկյան առյուծներից մեկի խնամքը: Երեխաներն իրենց հավաքած փողը նվիրաբերում են առյուծի խնամքին՝ իրավունք ստանալով անվճար այցելել նրան: Հուլիսի 16-ին նրանք ծնունդի են հրավիրված եղել: Կենդանաբանական այգում նշել են իրենց առյուծ-ընկերջ հոբելյանը:

Օգոստոսյան նախավերջին օրը մանուկների մուտքը կենդանաբանական այգի անվճար էր: Նրանք անակնկալի էին գալիս՝ հենց մուտքի մոտ հանդիպելով իրենց սիրելի մուլտ-հերոսներին, գունեղ կերպարների ու պաղպաղակներով լի սառնարանների: Գոհ էին նաև ծնողները.՝ մի քանի հարյուր դրամով բավարարում էին իրենց բալիկների պաղպաղակային պահանջները, գումարած երգ-երաժշտությունը, մրցույթներն ու խաղերը, որոնց ակամա մասնակիցն էին դառնում փոքրիկները:

Սառնարանների մոտ դրված հանգանակությունների տուփին շատ քչերն էին մոտենում՝ համարելով, որ մի քանի պաղպաղակ գնելն արդեն իսկ բավական է: Պաղպաղակի օրը պաղպաղակի մեծ ընտրանի չկար. միայն մրգային համով ու ավանդական էսկիմո: Այս նրբությունները միայն մեծերի աչքը նկատեց, իսկ փոքրիկների համար օրը բազմազան էր անգամ միատեսակ պաղպաղակներով, երգ ու պարով, թռչունների բազմաձայնությամբ ու մարդկանցից բարեգործություն ակնկալող կենդանական աշխարհով:

 

Այս թեմայով