27 Հուլիս 2014, 12:17
3530 |

Բոլոր պարերը պարեցինք, մնաց հայերենը

Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում ու մարզերում մի խումբ կամավորականներ կազմակերպում են «Պարենք հայերեն» միջոցառումների շարքը։ Հասարակական վայրերում, հրապարակներում հնչեցնելով ազգային երգն ու երաժշտությունը՝ համախմբում են հավաքվածներին մեկ ընդհանուր շուրջպարում։

Ինչպես իրենք կազմակերպիչներն են նշում, երբ առաջին տարիներին սկսեցին այս նախաձեռնությունը, պարզվեց, որ ազգային պարերն այնքան էլ տարածված չեն մեր հայրենակիցների շարջանում։ Այդ պատճառով պարային նախագիծը վերածվեց յուրօրինակ բաց դասի, որտեղ «Կարին» ազգագրական պարային համույթի մենակատարները սկսեցին սովորեցնել հայկական ավանդական պարերի շարժուձևը։
Հայերեն պարել սովորում են Սիսիանում, Վանաձորում ու այլ հեռավոր մարզերում, ինչպես նաև Արցախում։ Նախաձեռնության կազմակերպիչները մարզերում ոչ միայն սովորեցնում, այլև սովորում են ավանդական ազգային պարային տարրեր, որոնք հետագայում փոխանցում են ուրիշներին։

Միջոցառումն այնքան է սիրվել երևանցիների կողմից, որ կազմակերպիչներին են միացել բազմաթիվ ՀԿ-ներ, երիտասարդական կազմակերպություններ, պարային խմբակներ և այլն։ Պարերի դասընթացն ավանդաբար կազմակերպվում է ամառային ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը։ Երևանում հիմնական միջոցառումը տեղի է ունենում «Կասկադ» համալիրի տարածքում։

Թամանյանի թիկունքում ձեռք-ձեռքի են տալիս զբոսաշրջիկներն ու տեղացիները և ուս-ուսի տված սովորում են պարել հայերեն։

Այս թեմայով