11 Հուլիս 2014, 08:16
3205 |

Գրքի տոն

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում գրքերի ցուցահանդես–տոնավաճառ էր։ Առիթը Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնն էր, նպատակը՝ գեղարվեստական, թեմատիկ ու մասնագիտական գրականության նորույթները ներկայացնելն ու նաև դրանք տեղում գնելու հնարավորություն տալը:

Ցուցահանդեսին ներկայացված էին գրատպության բարձրորակ ու ժամանակակից ոճային լուծումներով հագեցած  օտարալեզու գրքեր: Ի թիվս այլ տաղավարների, առաջին անգամ ցուցահանդեսի մասնակցեց վերջերս հայերեն հրատարակված սըր Ալեքս Ֆերգյուսոնի «Իմ ինքնակենսագրությունը» գիրքը։ Անգլիական ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկի կարիերան՝ նկարագրված հանգամանորեն, անսպասելի անկեղծացումներով ու կենդանի ֆուտբոլային կերպարներով, հասանելի է արդեն նաև հայ ընթերցողին։ Գիրքը, որի թարգմանության ու հրատարակության ծախսերն ամբողջությամբ իր կրել է «Երևան Փրոդաքշնս» ընկերությունը, տոնավաճառում ներկայացված գրքերի շարքում միակն էր սպորտային թեմայով: 

Ցուցահանդես–տոնավաճառին մասնակցեցին մի շարք գրախանութների, հրատարակչությունների ներկայացուցիչներ եւ ընթերցասեր քաղաքացիներ: Գրքերի տաղավարներում շրջելու ու նոր գիրք գնելու ցանկություն ունեցողների պակաս չկար, պուրակը մարդաշատ էր, ինչպես երբևէ: Գրախանութների ու գրահրատարակչությունների ներկայացուցիչները  պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա համագործակցության վերաբերյալ:

Նման ցուցահանդես-տոնավաճառները, ինչպես խոստացան Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ավանդական բնույթ կկրեն:

Այս թեմայով