23 Հունիս 2014, 17:50
2671 |

Ծեծկռտուք Սարյան փողոցում (տեսանյութ)

Կեսօրին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առաջ քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել. կոչ էին անում պայքարել հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման դեմ: Ակտիվիստները հավաքվել էին, որպեսզի հանդիպեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից որևէ մեկի հետ ու հայտնեն իրենց բողոքը: Մինչ նրանք լրագրողներին կներկայացնեին ակցիայի նպատակը, դեպի հանձնաժողվի շենք տանող ճանապարհներին ոստիկանների խիտ շարքերն արդեն կանգնած էին:

Թվում էր, թե ոստիկաններն ուղղակի եկել են՝ քաղաքացիական նախաձեռնության տարածքում վերահսկողություն իրականացնելու: Բայց երբ ակտիվիստները շարժվեցին դեպի հանձնաժողովի շենք, դեմ առան ոստիկանական պատնեշին: Նրանք բարձրախոսով հայտարարեցին, որ ոստիկանների քայլն ապօրինի է, որ ոչ ոք իրավունք չունի իրենց արգելել բարձրանալ շենքին կից աստիճաններով կամ անցնել հարակից փողոցը: Ոչ զինված են, ոչ էլ բռնի գործողությունների դիմելու մտադրություն ունեն. ընդամենն ուզում են իրենց բողոքը հասցնել համապատասխան մարմիններին: Ակտիվիստները հորդորեցին, այնուհետև պահանջեցին ոստիկաններին չփակել իրենց ճանապարհը: Ոստիկանները, սակայն, անդրդվելի էին:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները պահանջեցին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներից որևէ մեկն իջնի իր սենյակից ու լսի իրենց բողոքը: Շենքի մուտքի դուռն այդպես էլ չբացվեց: Ակտիվիստները վճռականորեն պահանջեցին ճանապարհը բացել:

Ոստիկանները պահանջը կանխող քայլերի դիմեցին. սկսվեց հրմշտոց, որը շուտով վերածվեց ծեծկռտուքի: Ակտիվիստների մի խումբ հարակից շենքը շրջանցելով՝ հայտնվեց ոստիկանական պատնեշից այն կողմ, փորձեց մոտենալ շենքի մուտքին, բայց ոստիկանները շտապեցին կանգնեցնել նրանց: Զառիթափ փողոցով բարձրանալ չթողնող ոստիկանների արարքին ի պատասխան ակտիվիստների մյուս խումբն էլ իր հերթին փակեց ճանապարհը՝ կանխելով մեքենաներին երթը: Բայց մի քանի րոպե անց մեքենաները ճեղքեցին ակտիվիստների շարքն ու իջան զառիթափով:

Հաջորդ մեքենայի երթը կանխող ակտիվիստներին ոստիկանները հրելով հետ քաշեցին: Ծեծկռտուքն ավելի թեժացավ: Ակտիվիստները նստեցին հենց փողոցի մեջտեղում՝ իրար գրկած ու սեղմված, բայց ոստիկանների խմբերը նրանց ուղղակի պոկեցին գետնից ու քարշ տալով՝ տարան: Մարտադաշտը տեղափոխվեց Սարյան փողոց: Մեքենաների երթևեկը մի քանի րոպե խաթարվեց: Շատ չանցած՝ ոստիկանները հարձակվեցին ակտիվիստների վրա ու բռնի ուժով նրանց ուղղակի նետեցին ոստիկանական ավտոմեքենաների մեջ: Իսկ այդ մեքենաները մեծ արագությամբ ընթացան մարդկանց վրա: Վրաերթի վտանգն ակնհայտ էր: Ակտիվիստներն իրար հետևից ոստիկանական մեքենաներ էին շպրտվում: Նրանց ընկերները որքան էլ փորձում էին կանխել բերման ենթարկելու քայլերը, ապարդյուն. հաջորդ բերման ենթարկվողն իրենք էին լինում: Ոստիկանները քարշ տալով տանում էին ոչ միայն տղաներին, այլև կանանց ու աղջիկներին, տարեցներին: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների բողոքի ակցիան կանխվեց: Կես ժամվա ընթացքում ՀՀ ոստիկանները բերման են ենթարկել 27 ՀՀ քաղաքացու:

Այս թեմայով